LADYNEWS.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:
Արփինե -Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը:
-Փոփոխական եմ շատ, և դա ինձ երբեմն խանգարում է:
-Իսկ առավելությո՞ւնը:
-Ամենամեծ առավելությունս՝ նպատակասլացությունս է:
-Ի՞նչն եք կարևորում' լինել սիրվա՞ծ, թե՞ ճանաչված:
-Սիրված:
-Ի՞նչը տանել չեք կարողանում տղամարդկանց մեջ, ի՞նչ տեսակի տղամարդ չի կարող Ձեր կողքին լինել:
-Անկայուն տղամարդն իմ կողքին տեղ չունի:
-Ի՞նչ եք սիրում ուտել, որո՞նք են Ձեր ամենասիրելի ուտեստները:
-Գրեթե ամեն բան սիրում եմ և ուտում:
Էսֆիրա -Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել դերասանական արվեստով:
-Տասնվեց տարեկանից:
Մանե -Նաիրա´, ամբողջ Ձեր ֆեյսբուքյան պատը սիրային ստատուսներ են, տպավորություն է, որ տառապում եք անպատասխան սիրուց, Դուք ի՞նչ կասեք այդ մասին:
-Իմ բոլոր գրառումներն ընթերցողի և ոչ թե ինձ համար:
Մերի -Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, չարաճճի եղե՞լ եք: Պատմեք մի հետաքրքիր դեպք՝ կապված մանկության տարիների հետ:
-Շատ չարաճճի էի. միայն այն, որ անընդհատ անհետանում էի, և մինչ օրս էլ այդպես է, արդեն զավեշտալի է (ծիծաղում է):
Նարե -Նաիրա´, ի՞նչ եք կարծում մարդը քանի՞ անգամ կարող է իրական սեր ապրել:
-Ինչքան որ Աստված արժանի համարի այդ մարդուն՝ սիրելու և սիրվելու, չէ՞ որ սերն ամեն մեկին տրված չէ:
Զվարթ -Կասե՞ք՝ ինչի պակաս եք զգում Ձեր կյանքում:
-Ներկա պահին ոչ մի բանի պակաս չունեմ, բայց կարծում եմ՝ կգա ժամանակ ու կզգամ բալիկի կարիք:
Քրիստինե -Եթե հայտնվեք անմարդաբնակ կղզում, ապա որո՞նք կլինեն այն երեք ամենաանհրաժեշտ իրերը, որ Ձեզ հետ կվերցնեք:
-Կրակ, ջուր և Աստվածաշունչ:
Վարդան -Նաիրա´, դժվար չէ՞ անընդհատ խաղալ անբարոյական, խարդավանքների մեջ ներքաշված, խորամանկ կանանց կերպարներ, եթե հիշողությունս չի դավաճանում, հեռուստատեսությամբ ես Ձեզ չեմ հիշում դրական կերպարում:
-Դրական կերպարներ ևս եղել են…Անշուշտ, շատ դժվար է, հատկապես, երբ տեսակով չես համապատասխանում և փորձում ես ամեն անգամ նորովի ներկայացնել բացասական կերպարները: Ի վերջո, մի օր սպառվում են այդ կերպարների գույները և նորից ընկնում ես փնտրտուքների մեջ:
Լիլիթ -Ինչ-որ բիզնես-նախագիծ եք սկսել, մանրամասն կպամե՞ք՝ խոսքն ինչի մասինն է:
-Սկսել եմ երկու բիզնես-նախագիծ, առաջինը՝ Romance երեկույթների կազմակերպման գործակալությունն է, այսինքն՝ երեկույթը կազմակերպվում է պատվիրատուի փոխարեն, երկրորդը՝ գեղեցկության սրահն է, որտեղ կան կնոջը վերաբերող բոլոր ծառայությունները:
Ֆենյա -Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենատհաճ բամբասանքը, որը լսելուց հետո գուցե նաև լաց եք եղել: Իսկ ի՞նչ եք կարծում «առանց կրակ ծուխ լինո՞ւմ է»:
-Չեմ հիշում այդպիսի դեպք, հատկապես, որ լացած լինեմ: Իհարկե՝ չկա:
Հրաչ -Որքանո՞վ եք կարևորում դերասանական կարիերան Ձեր կյանքում և որքանո՞վ եք Ձեր անձնական կյանքը տեղափոխում բեմ:
-Իմ ամբողջ կյանքն է դրված իմ մասնագիտության մեջ, անձնական կյանքից տանում եմ միայն արտաքին տեսքս, որը բնությունից է տրված:
Կարինե -Դուք երևի մեր այն դերասանուհիներից մեկն եք, ով աչքի է ընկնում իր ազատ պահվածքով, իսկ Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ մեզ մոտ ազատությունն ու սանձարձակությունը մարդիկ չեն կարողանում տարբերակել:
-Շատ ուրախ եմ, որ նման կարծիք կա, երանի առօրյայում էլ այդպիսին լինեի:
Նարեկ -Նաիրա´, կպատմեք Ձեր ուսանողական տարիների ամենատպավորիչ խենթություններից:
-Պետք է ասեմ՝ սովորելու տարիներին ոչ մի խենթություն չենք արել. սովորում էինք և խենթությունների ժամանակ չէր մնում: Հետո դժվար էր գոհացնել մեր վարպետին՝ Վահե Շահվերդյանին:
Տարոն -Մասնագիտական ի՞նչ նորություններ ունեք, ինչի՞ սպասենք մոտ ապագայում:
-Պետք է սպասել՝ 10 տարի անցնի, այդ ընթացքում կսովորեմ և գործունեություն կծավալեմ նաև արտերկրում:
Պատրաստես' Շողիկ Գալստյանը