Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը երկունքի ցավերով տեղափոխվել է Լոնդոնի Սենտ Մերի հիվանդանոց, որտեղ պատրաստվում է լույս աշխարհ բերել Մեծ Բրիտանիայի ապագա թագավորին կամ թագուհուն։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դքսուհուն հիվանդանոցում ուղեկցում է ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, ով ևս տարիներ առաջ ծնվել է նույն հիվանդանոցում։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ դքսուհին, ի տարբերություն բազմաթիվ ճանաչված մարդկանց ու աստղերի, նախընտրում է բնական ճանապարհով ծննդաբերել։
Բուկինգհեմյան պալատի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են դքսուհու հիվանդանոց տեղափոխվելու մասին ՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների աներևակայելի հետաքրքրությունը նրա անձի ու ապագա թագաժառանգի ծննդյան նկատմամբ։
Զույգի երեխան կլինի բրիտանական գահի հավակնորդների շարքում թվով 3-րդը՝ արքայազն Չարլզից ու արքայազն Ուիլյամից հետո։ Երեխայի ծնունդը նշանակալից իրադարձություն է նաև անձամբ թագուհի Էլիզաբեթ 2-րդի համար. նա դիմավորում է իր ծոռանը։ Թագավորական ընտանիքում նման բան վերջին անգամ տեղի է ունեցել 120 տարի առաջ. թագուհի Վիկտորիան, ով Միացյալ Թագավորության միապետն էր ու գահակալել է մինչ 1901թ., 1894թ.-ին տեսել է իր ծոռան՝ Էդվարդ 8-րդի լույս աշխարհ գալը։