Ամերիկյան SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկն առաջիկայում կներկայացնի «ապագայի տրանսպորտի» նախագիծը: Այն կկարողանա մինչև 6.4 հազար կմ/ժ արագություն զարգացնել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Mercury News-ին հղումով:
Ընկերության տնօրենի խոսքով նորագույն համակարգը կապահովի ոչ միայն բարձր արագություն, այլև ուղևորների միանգամայն անվտանգ տեղափոխում:
Հաղորդվող տեղեկատվության համաձայն՝ նոր մեգանախագծի ինժեներները նշում են, որ համակարգը բաղկացած կլինի գետնի վրա կամ ջրի տակ տեղադրված բազմաթիվ խողովակատարերից, որոնց միջով կանցնեն 6 մարդու համար նախատեսված ուղևորատար տրանսպորտային միջոցները: Ցնցումները նվազեցնելու և արագությունն ապահովելու համար խողովակների մեջ ճնշման համապատասխան մակարդակ կապահովվի:
Տիեզերական ծանրաբեռնվածության դիմակայելու ունակ ուղևորատար կապսուլաների առաջին փորձարկումները նախատեսվում է կատարել արդեն 2013-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում: