Boston Dynamics ընկերության մասնագետները ստեղծել են նոր Atlas ռոբոտը, որը պետք է փրկի և օգնի մարդկանց այնպիսի գործերում, որոնք չեն կարող կատարել նույնիսկ ամենամարզված մասնագետները: Ռոբոտի գործառույթների մեջ է մտնում աշխատանքը վթարված միջուկային ռեակտորներում, նավթի արտահոսքի վերացումը և խոշոր հրդեհների մարումը, հաղորդում է Вести.ru-ն:
Atlas-ը համարվում է PETMAN ռոբոտի ավելի կատարելագործված տարբերակը: PETMAN-ը նախատեսված էր անհատական պաշտպանության համար:
Atlas ռոբոտը ունի 188 սմ հասակ, իսկ քաշը կազմում է մոտ 150 կգ: Յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ այն ընդունակ է այնպիսի հնարքների, որոնք մարդիկ հազիվ թե կարողանան իրականացնել: Atlas-ը կարող է ոչ միայն հեշտությամբ բարձրացնել ծանր իրերը և մեծ արագություն զարգացնել, այլ կարողանում է հավասարակշռությունը պահել անհարթ մակերեսների վրա և կողքից հասցված հարվածների դեպքում: Գլխում առկա հատուկ սարքերի միջոցով ռոբոտը կարողանում է կազմել տեղանքի եռաչափ քարտեզը:
Սակայն մարդանման ռոբոտը ունի նաև թերություններ: Դրանցից ամենակարևորն է այն, որ մեքենան շատ է էներգիա օգտագործում: Այս և այլ հարցեր պետք է լուծեն DARPA Robotics Challenge-ի մրցույթի մասնակիցները: