Ամերիկացի սուպերմոդել Ջիա Կարանջին ծնվել է 1960 թ-ին Ֆիլադելֆիա քաղաքում: Հայրը՝ Ջոզեֆ Կարանջին, ունեցել է սննդի փոքրիկ արտադրամաս եւ ղեկավարել այն, իսկ Ջիայի դաստիարակությամբ զբաղվել է մայրը, ով աղջկան թողել է, երբ վերջինս ընդամենը 11 տարեկան էր:
Հենց այդ պատճառով էլ Ջիան այդ տարիներին շատ է տառապել՝ զգալով ծնողների ուշադրության և հոգատարության պակաս: 17 տարեկանում Ջիան տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ շատ արագ հաջողությունների է հասնում՝ որպես մոդել:
Հիշողություններում Ջիայի մտերիմները պատմում են՝ մոդել դառնալը նրա մանկության երազանքն էր. նա համոզված էր՝ դա է իր գործը: Մտերիմների խոսքով՝ Ջիան հստակ գիտեր՝ հաջողությունների է հասնելու մոդելային աշխարհում: «Ես երբեք չեմ ցանկացել մոդել դառնալ, դա ինձ համար երբևէ երազանք չի եղել և չեմ էլ հիշում, թե երբ տարվեցի մոդել դառնալու երազանքով»,- հետագայում պատմել է ինքը՝ Ջիան:
Նյու Յորքում եղած առաջին երեք ամիսների ընթացքում նա կատարում է ոչ մեծ պատվերներ, սակայն շուտով դառնում է մեծ պահանջարկ վայելող և ճանաչված մոդել: Այդ ամիսների ընթացքում Ջիան ծանոթանում է հայտնի լուսանկարիչների հետ և սկսում համագործակցել: Ջիան շատ արագ ճանաչում է գտնում ոչ միայն իր կատարյալ արտաքինի շնորհիվ, այլև ամենատարբեր կերպարներով ներկայանալու իր փայլուն տաղանդի: 1978թ-ի հոկտեմբերին «Вог» ամսագրի համար արված Ջիայի ֆոտոշարքն այդ ժամանակ դարձավ ամենասկանդալայինը, իսկ մինչև տարվա վերջ գեղեցկուհին արդեն հայտնվում է միանգամից մի քանի ամսգրերի գլխավոր էջերում:
1979թ-ին ընդամենը հինգ ամսվա ընթացքում Ջիան հայտնվում է անգլիական, ֆրանսիական, ամերիկյան «Вог» ամսագրերի և երկու անգամ՝ ամերիկյան «Կոսմոպոլիտեն» ամսագրերի շապիկներին միաժամանակ: «Կոսմոպոլիտենի» իր երկրորդ ֆոտոշարքում մոդելը հայտնվում է հունական ոճի դեղին լողազգեստով, որն էլ հետագայում համարվել է լավագույնը նրա կարիերայում:
Դառնալով հանրաճանաչ՝ Ջիան արդեն կարողանում է իրեն թույլ տալ հրաժարվել այն աշխատանքային առաջարկներից, որոնք այդքան էլ չէր հավանում: Այն ժամանակվա ամենաթանկ վարձատրվող ֆոտոմոդելը, սակայն, ուներ լուրջ խնդիր. օգտագործում էր թմրանյութեր: Սկսում է հաճախ անհետանալ մոդելային աշխարհից, իսկ ունեցած ֆոտոշարքերից էլ շուտով պարզ է դառնում՝ մոդելը թմրանյութեր է օգտագործում: Մոդելային գործակալություններն ու լուսանկարիչները սկսում են խուսափել նրա մասնակցությամբ նկարահանումներից, իսկ Ջիան օր օրի ավելի ու ավելի է մեծացնում օգտագործվող «դեղերի» չափաբաժինը և հայտնվում շատ լուրջ կախվածության մեջ: Որքան էլ նրա մտերիմները ջանք չեն խնայում նրան վնասակար սովորությունից զերծ պահելու համար, միևնույն է ոչինչ չի ստացվում, արդյունք չեն տալիս նաև ստացիոնար բուժումները կլինիկաներում:
Նյու Յորք վերադառնալու և աշխատանքը շարունակելու նրա բոլոր ջանքերն ավարտվում են անհաջողությամբ. Ջիային այլևս չէին վստահում՝ իր անբարո վարքի, կատարած գողությունների և այլ դրսևորումների հետևանքով: Շուտով Ջիան կնքում է իր վերջին աշխատանքային պայմանգիրը Մոնիկ Պիլարդի հետ: «Ես շատ վատ բաներ եմ լսել Ջիայի մասին, բայց պատրաստ եմ նրա հետ աշխատել»,-ասում էր Պիլարդը: Նա սկսում է Ջիայի հետ աշխատանքը, սակայն առաջվա մոդելից ոչինչ չէր մնացել, ուստի առանձնապես մեծ հաջողությունների չեն հասնում: Ընթացքում մոդելն այլևս ոչ մի առաջարկ չի ստանում:
Չնայած մոդելային աշխարհում ունեցած մեծ հաջողություններին, Ջիայի անձնական կյանքն էլ չի դասավորվում, մնում է միայնակ: «Հաճախ եմ ինձ անհավանական միայնակ զգացել»,- իր օրագրում գրել է մոդելը:
1986թ-ին Ջիան կտրուկ վատանում է, տեղափոխում են հիվանդանոց, որտեղ հետազոտություններից հետո պարզ է դառնում՝ թմրադեղերի օգտագործման ժամանակ վարակվել է ՁԻԱՀ-ով: Նույն թվականի նոյեմբերի 18-ին մոդելը մահանում է: Ջիա Կարանջին առաջին ամերիկացի մոդելն է, ով մահացել է ՁԻԱՀ-ից:
Նորաձևությունը գովազդ է, իսկ գովազդն էլ՝ փող:
Ինձ անընդհատ բոլորը լքում են. դա ցավ է պատճառում:
Ես կարող էի լինել հիմար տնային տնտեսուհի և գուցե շատ երջանիկ:
Հնարավոր է հաղթահարել այն ամենն, ինչ հանդիպում է քո ճանապարհին:
Երբեք մի ասեք՝ Ձեզ պետք է հանգստանալ, կհանգստանաք, երբ մեռնեք:
Շողիկ Գալստյան