Facebook սոցիալական կայքի օգտատերերի «հավանությունները» (Like) թույլ են տալիս կազմել տվյալ օգտատիրոջ հոգեբանական պատկերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Նման եզրակացության են հանգել Microsoft Research Centre կենտրոնի և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետազոտողները: ««Like»-երը տվյալ օգտատիրոջ նախասիրությունների, ինտելեկտի, քաղաքական հայացքների մասին շատ ավելին են պատմում, քան կարծում են օգտատերերը»,- ասվում է հրապարակված զեկույցում։ Այս կամ այն լուսանկարը, պատմությունը կամ իրադարձությունը հավանելու հիման վրա սոցիոլոգներն ու շուկայագետներն անգնահատելի նյութեր են ստանում գովազդային և քաղաքական արշավների համար նյութեր պատրաստելու համար։
Ըստ գիտնականների՝ հոգեբանները, ուսումնասիրելով ակտիվ օգտատերերի էջերը, կարող են հաշվարկել մարդու ինտելեկտը, նրա սեռական կողմնորոշումը, պարզել նրա հոգեբանական տեսակը և այլ կարևոր անձնական բնութագրեր։ Բացի այդ, Like-ի շնորհիվ հեշտությամբ կարելի է հասկանալ օգտատիրոջ վերաբերմունքը թմրանյութերի նկատմամբ։ Հետազոտությունն արվել է 58.000 էջի ուսումնասիրության հիման վրա։ Մի կողմից, նշում են գիտնականները, այդ բոլոր տվյալները թույլ են տալիս մասնագետներին ազդել լսարանի վրա և ավելի արդյունավետ կազմել գովազդային արշավները, սակայն մյուս կողմից՝ օգտատերերը պետք է իմանան, որ յուրաքանչյուր Like բացահայտում է անձնական կյանքի անհատական կողմերը և կարող է հանգեցնել որոշակի մանիպուլյացիաների և «տողերի արանքում» թաքնված տեղեկության հասանելիության։