«Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է լատինոամերիկյան պարերի բազմակի չեմպիոն, մոդել, դերասան Մովսես Երեմյանի պատասխանները LADYNEWS.am-ի ընթերցողների հարցերին:
Մերի Մկրտչյան - Մովսե´ս, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, իսկ առավելությո՞ւնը:
Մովսես Երեմյան - Ըստ իս՝ իմ ամենամեծ թերությունն այն է, որ շատ շուտ եմ նյարդայնանում և բարկանում, առավելություններ շատ կան, բայց կառանձնացնեմ մեկը՝ հիշաչար չեմ:
Վարդան - Ի՞նչ եք կարծում Ձեզ նման հաջողություններ կունենա՞ «Քույրը» հեռուստասերիալում նկարահանվող Անդրանիկ Ղազարյանը՝ Գևորգի դերակատարը, թե՞ նա էլ Ձեզ նման պետք է անձնական PR-ով զբաղվի:
Մովսես Երեմյան – Անդրանիկ Ղազարյանն իմ համակուրսեցին է եղել, մենք բարեկամներ ենք, և ես նրան ցանկանում եմ մեծ հաջողություններ:
Անիկո- Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը:
Մովսես Երեմյան - Շատ կան, բայց երեքը կնշեմ՝ «Վերջին սերը' Երկրի վրա», «Սև կարապ», «Առանձնապես վտանգավոր է»:
Սիրան- Մովսե´ս, «Գեներալի աղջիկը» սերիալում նկարահանվելուց հետո, ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ձեր կյանքում: Հնարավո՞ր է, որ էլի ինչ-որ հեռուստասերիալում նկարահանվեք:
Մովսես Երեմյան - «Գեներալի աղջիկը» սերիալն ինձ տվեց մասնագիտական փորձ եև հնարավորություն՝ խաղալու տաղանդավոր դերասանների հետ:
Զվարթ - Մովսե´ս, սիրող տղամարդուն հանգամանքներն ու պատճառնեը կարո՞ղ են ստիպել հրաժարվել սիրած էակից: Ի՞նչ եք կարծում իսկապես իրար սիրող մարդկանց ինչ-որ բան կարո՞ղ է խանգարել, որ միասին չլինեն:
Մովսես Երեմյան – Հանգամանքներն ու պատճառները կարող են բերել նրան, որ սիրող զույգը միասին չլինի, բայց վերոնշյալները երբեք չեն կարող այնպես անել, որ մարդիկ դադարեն իրար սիրել, եթե իրոք սիրում են:
Կարինա- Ներկա պահին լատինո պարերով զբաղվո՞ւմ եք: Որտե՞ղ եք պարել սովորել:
Մովսես Երեմյան – Ներկա պահին լատինո պարերով չեմ զբաղվում, բայց 12 տարի պարել եմ «Կաստանետ» պարային ստուդիայում՝ Մարիաննա Մամյանի մոտ:
Նարե- Մովսե´ս, Ձեզ ռոմանտիկ մարդ համարո՞ւմ եք, ո՞րն է եղել Ձեր կատարած ամենատպավորիչ ռոմանտիկ քայլը, ո՞ւմ համար եք այն արել:
Մովսես Երեմյան –Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր ռոմանտիկ չեն, նրանց կյանքը շատ անհետաքրքիր է:
Անահիտ- Ի՞նչը տանել չեք կարողանում աղջկա մեջ, ի՞նչ տեսակի աղջիկ չի կարող Ձեր կողքին լինել:
Մովսես Երեմյան – Տանել չեմ կարողանում շատախոս աղջիկների:
Լուսինե- Ի՞նչն եք կարևորում լինել սիրվա՞ծ, թե՞ ճանաչված:
Մովսես Երեմյան –Սիրված և հարգված:
Արփինե - Մովսե´ս, հարցազրույցներից մեկի ժամանակ Ձեզ համարել եք տխուր մարդ, ավելի ճիշտ՝ թախծոտ: Ինչի՞ց է այդ տխրությունը գալիս, արդյոք հասկացե՞լ եք պատճառը: Եվ ի՞նչը կարող է Ձեզ միանգամից հանել այդ տխրությոնից:
Մովսես Երեմյան - Այո´, հաճախ է լինում, որ տրամադրություն չեմ ունենում, բայց վերջին երկու տարում ինչքան էլ հոգնած ու անտրամադիր լինեմ, բավական է՝ գրկեմ 2 տարեկան քրոջս ու ամեն բան մոռանում եմ:
Տաթեւ- Ի՞նչ եք սիրում ուտել, որո՞նք են Ձեր ամենասիրելի ուտեստները:
Մովսես Երեմյան – Տապակած կարտոֆիլ:
Նանե- Ի՞նչը երբեք չեք ների սիրելի էակին: Ի՞նչ եք կարծում իսկական սերը մեկ անգամ է լինում, թե՞ հնարավոր է նորից սիրել:
Մովսես Երեմյան – Չեմ ների սուտն ու դավաճանությունը, իսկ իրական սերը, ըստ իս, մեկ անգամ է լինում:
Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, հարցազրույցում տեղ չեն գտել Մովսես Երեմյանի նեղ անձնական կյանքին վերաբերող հարցերը: Հարգենք նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի