Իրանի Սպորտի նախարարությունը մերժել է գրանցել մարզուհի Էլհամ Ասգարիի ռեկորդային ցուցանիշը բաց ջրում լողալու մրցաշարում շարիաթի օրենքներին չհամապատասխանող լողազգեստ կրելու պատճառով, տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում տալով rosbalt.ru-ին:
32-ամյա Ասգարին հունիսի 11-ին 8 ժամվա ընթացքում հաղթահարել է 18 կմ տարածք՝ լողալով Կասպից ծովում, տեղեկացնում են ԶԼՄ-ները: Ավելի ուշ մարզուհին հայտարարել է, որ սպորտային իշխանությունները մերժում են գրանցել նրա արդյունքը:
Իրանի լողի ֆեդերացիայից հայտնել են, որ ֆեդերացիայի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չի գտնվել լողի ժամանակ, այդ իսկ պատճառով չեն կարող գրանցել նրա արդյունքները:
Ֆեդերացիայից նաև նշել են, որ բաց ծովում լողալը հակասում է Իրանի Սպորտի և երիտասարդության նախարարության կանոններին: Իրանի սահմանադրության դրույթների համաձայն՝ կանայք պարտավոր են հանրային վայրերում հայտնվել ծածկված գլխով, ինչպես նաև մարմինը ծածկող հագուստով, գրում է աղբյուրը: