Երգահան, ռեժիսոր, պրոդյուսեր Զառա Պետրոսյանն այն մասնագետներից է, ով ստեղծագործական ուղի է հարթել շատ երգիչ-երգչուհիների համար: Այսօր նա ավելի շատ փոքրիկ կատարողների վրա է «ներդրում» կատարում' ինչ-որ առումով լուծելով մեր շոու բիզնեսի սերնդափոխության բարդ հարցը: Որոշեցինք այս անգամ Զառայի հետ քննության ենթարկել մեր այսօրվա շոու բիզնեսն ու դրա ներկայացուցիչներին: «Ես կտրականապես դեմ եմ լսելու նույն տեմբրը, որն այսօր չափազանց շատ է. իրար նմանակում, կրկնում են թե՛ երաժշտության մեջ, թե՛ տեմբրի առումով, որից շատ եմ նեղվում,- մեզ հետ զրույցում շեշտեց մասնագետն ու հավելեց,- եթե խոսում ենք ռուսական շոու բիզնեսի մասին, ապա 80-90 տոկոսը երգել չգիտեն, բայց աստղեր են: Մեզ մոտ լրիվ հակառակն է. մենք 90 տոկոսով երգող շոու բիզնես ունենք, սակայն մեզ մոտ պակասում է ճաշակը, տարբերվելու ցանկությունը, բեմի մշակույթը, մի խոսքով' հարգանքը բեմի նկատմամբ»: Ըստ այդմ' հայտնի երգահան-պրոդյուսերին այսօրվա շոու բիզնեսը չի գոհացնում. նա ուզում է զարմանալ ու հաճույք ստանալ լսածից ու տեսածից:

Մերի Մնջոյան
- Ցավոք, չեմ հետևել «Հայաստանի ձայնը» նախագծի բոլոր փուլերին, բայց մի երեք-չորս անգամ լսել եմ նրա ելույթները. շատ է դուրս եկել, նրա անկեղծությունն ինձ շատ գրավեց: Ձայնային և արտաքին լավ տվյալներ ունի, հասուն ձայն: Այսօր կան երեխաներ, ովքեր չնայած 8-9 տարեկան են, բայց երբ թիկունքից նայես, չես կարող հասկանալ, որ դա երեխայի ձայն է: Շատ ուրախ եմ նրա հաղթանակի համար և հույս ունեմ, որ նրա ելույթը «Նոր ալիք» մրցույթում կգնահատվի, հատկապես որ երկրի հիթ անվանակարգում նա հանդես կգա Էրիկ Կարապետյանի հետ զուգերգով:

Նարեկ Մակարյան
- Լսել եմ նրան, եթե չեմ սխալվում' Բաբաջանյանի անվան մրցույթում է հաղթել: Լավ տվյալներ ունի և հաճելի երիտասարդ է: Ինձ թվում է' իր մոտ էլ ամեն ինչ կստացվի: Ավելին չեմ կարող ասել:

Գրիգոր Կյոկչյան
- Նրա ելույթները «Հայաստանի ձայնը» նախագծում չեմ տեսել, բայց Գրիգորին հիշում եմ «Ընծա» փառատոնից: Շատ շնորհալի ու արստիստիկ տղա է: Հիշում եմ' ինչ-որ ռուսական երգ էր երգում ու գժոտ պարում էր. պարզապես լցրեց բեմը: Ուրախ եմ, որ նա չի կորել ու նորից ասպարեզ դուրս եկավ:

Սուրեն Առուստամյան
- Շատ համակրում եմ Սուրենին: Մեր շոու բիզնեսում բացակայող երաժիշտ-երգիչ լինելու հասկացությունը կա նրա մեջ: Կարծում եմ' նրա ելույթը «Նոր ալիքում» ձախողվեց այն պատճառով, որ նա իր երգերը չկատարեց և իր ոճում չէր: Եթե իր ոճում լիներ, ավելի մեծ հաջողության կհասներ: Միայն կցանկանամ, որ նա երբեք չդավաճանի իր ոճը: Կարծում եմ' այդպես էլ կլինի. շատ շնորհալի երիտասարդ է:

Միհրան Ծառուկյան
-Ինչ կարող եմ ասել… Այսօր Միհրանը միլիոնավոր հայ աղջիկների կուռքն է, որոնք սիրեցին այդ կերպարը: Նա և՛ ռոմանտիկ է, և՛ տղամարդու հետաքրքիր կերպարով ներխուժեց մեր շոու բիզնես' որպես դերասան և որպես երգիչ: Չեմ կարող ասել, որ նրա երգացանկն ինձ գոհացնում է. նա ճիշտ է կողմնորոշվում շուկայում: Շատ հաճախ շուկայի պահանջների հետ համաձայն չեմ, ինչի պատճառով էլ որոշ բաների հետ չեմ կարողանում ընտելանալ: Կարծում եմ' ցանկացած արվեստագետ պետք է իր ուղին ունենա և ըստ շուկայի պահանջների չփոփոխվի: Ոչ ոքի չեմ մեղադրում, որ շեղվում են, որովհետև շատ դժվար է: Մեկ-մեկ շատ եմ ցավում, որ այնպիսի պայմաններում ենք ապրում, որ ստիպված ենք գնալ շուկայի պահանջների հետևից: Այն, ինչին նա հասել է, իր արտաքինի, աշխատասիրության շնորհիվ է հասել:

Նարեկ Բավեյան
- Նարեկին էլ եմ ճանաչում փոքրուց. էլի' համակրանք, էլի' լավ տղա: Նա փորձում է գտնել իրենը, փոփոխման է ենթարկում իր երգացանկը: Ձայնային տվյալները շատ հաջող են և նա ոչ մի խնդիր չունի վոկալի հետ:

Անդրե
- Անդրեն հասել է մի բարձունքի ու, ցավոք, կանգ առել: Նա մեղք չունի, որովհետև ընդհանուր զարգացում չկա, և նա մենակ չի կարող առաջ գնալ: Նոր բան անելու միտումը պետք է լինի. համենայն դեպս, ինքն իր տեղում, իր զենքով' արտիստիկ լինելով, անընդհատ փորձում է զարմացնել, ինչը շատ կարևոր է մեր արվեստում. զարմանքի պակաս կա:

Էրիկ Կարապետյան
- Ինչ ասեմ… Հինգ տարվա ճանապարհ ենք անցել իրար հետ: Շատ եմ ուզում, որ Էրիկը մնա այն բարձունքին, ինչին հասել ենք: Նա և՛ արտիստիկ է, և՛ վոկալային հիանալի տվյալներ ունի: Ուզում եմ, որ իր մոտ ամեն ինչ ստացվի և հասնի նրան, ինչը ես և նա երազել ենք: Իրենից շատ բան կա, բայց կրկնում եմ, միայնակ դժվար է ու պետք է ընդհանուր զարգացում լինի: Նրա այժմյան որոշ երգերի հետ համամիտ չեմ, բայց հասկանում եմ, դա ինչի համար է արվում: Մարդ, ով կարող է հոյակապ երգել ժողովրդական, ջազ, սոուլ ոճի երգեր, ափսոս, որ այսպիսի պայմաններում է գտնվում. նա շատ ավելի վառ կարող է ներկայանալ, պարզապես հանդիսատեսը պետք է պատրաստ լինի:

Սոնա Շահգելդյան
- Սոնային Աստված տվել, չի խնայել (ծիծաղում է-հեղ): Շատ կուզեմ, որ նա չդադարի իր վրա աշխատել, ինչը ցանկանում եմ բոլոր երգիչ-երգչուհիներին: Ոչ մի ճանաչում ու տարիք երգչին թույլ չեն տալիս դադար առնել, որովհետև պետք է միշտ առաջ գնալ, աճել ու ժամանակի հետ քայլել: Շատ կցանկանամ, որ նա իր կողքին պրոֆեսիոնալ մարդիկ միշտ ունենա: Շատ դեպքերում երգիչները չգիտեն նույնիսկ իրենց ունակությունները. պետք է լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կօգնեն նրանց:

Ռազմիկ Ամյան
- Իրեն էլ շատ վաղուց եմ ճանաչում: Սկզբնական շրջանում չէի պատկերացնում, որ նա այդքան կբացվի, կպարի ու ազատություն ձեռք կբերի բեմում: Իրենից հոյակապ ելույթներ եմ հիշում, սակայն ցավում եմ, որ այսօր չեմ տեսնում այն Ռազմիկին, որով հպարտանում էինք: Հուսով եմ' նա այդ փայլով դեռ կվերադառնա բեմ:

Մարտին Մկրտչյան
- Չգիտեմ' ինչ ասել: Լսել եմ, ինձ համար նա հերթական 6/8 շարքի ներկայացուցիչ է: Նա ունի իր հանդիսատեսը: Ինչ ասեմ, լավն ու բարին իրեն:

Հռիփսիմե Հակոբյան
- Նրան էլ եմ վաղուց ճանաչում: Հոյակապ ձայն ունի: Վերջերս մի երգ լսեցի ու հավանեցի: Նա գեղեցիկ բալլադներ է երգում. այն երգչուհիներից է, ով ցանկացած միջազգային մրցույթում հանգիստ կարող է մեր ազգը ներկայացնել: Շատ կուզեմ, որ միշտ փայլի, որովհետև արժանի է: Խելացի ու ընդունակ երգչուհի է. ինչ ուզի, դա էլ կերգի ու կարող է շշմեցնել:

Քննությունը գրի առավ Արևիկ Իսաջանյանը