Դրամատուրգի հայրը' Մկրտում Սունդուկյանը, 1822 թ. գնել է նորակառույց մի տուն, և պայմանագրի լուսանցքում 1911 թ. Գաբրիել Սունդուկյանը գրել է. «Ես ծնվել եմ այս տանը 1825 թ. հունիսի 29-ին, առավոտյան ժամը 8-ին և այստեղ էլ դաստիարակվել եմ Հակոբ – Շահան Ջրպետյանի մոտ: Նա ինձ սովորեցնում էր հետագայում նաև լատիներեն ու իտալերեն լեզուներ, իսկ ինը' ֆրանսերեն: Երկնային արքայության արժանանան»:
Այսպիսով, Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840-ին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846-ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846–ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1853-1858-ին ապրել և աշխատել է Դերբենդում: Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով: 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։
Պետերբուրգյան կրթության տարիներին Սունդուկյանը գտնվել է ռուս մտավոր ու գեղարվեստական կյանքի ազդեցության տակ, որին ինքը տալիս է կարևոր նշանակություն: «Ես սիրեցի թատրոնը, - գրում է նա, - և բաց չէի թողնում որևէ հայտնի պիեսի բերադրություն Ալեքսանդրինյան թատրոնում, որտեղ ինրենց խաղով ինձ հիացնում էին Մարտինովը, Կարատիգինը, Մոսկվայից եկող Շչեպկինը և շատ ուրիշներ: Շչեպկին-Ֆամուսովը դեռ իմ աչքի աեաջ է, և թվում է ինձ, որ հիմա էլ լսում եմ նրա ձայնը»:
Թիֆլիսում Սունդուկյանի սիրելի դերասանը և գաղափարական ընկերը դարձավ Չմշկյանը, որի հորդորներով էլ նա գրիչ վերցրեց որպես թատերագիր: Երեսունութ տարեկան էր, երբ գրեց «Գիշերվան սաբրը խեր է» մեկ գործողությամբ կատակը (1864):
«Գիշերվան սաբրը խեր է» ներկայացվում է Տեր–Գրիգորյանի նույնպես նոր գրված «Ժլատի» հետ, հոկտեմբերի 23-ին: Դրամատուրգիական այս առաջին փորձը, ճաշակով ու գեղագիտությամբ, հեղինակին գրեթե չի առանձնացնում ոչ իր ժամանակակցից, ոչ էլ նախորդներից: Դա մեկ գործողությամբ կատակ է նախատեսված որևէ դրամայի ավարտից հետո խաղալու համար: Սունդուկյանը դրանից հետո երեք տարի լռում է: «Պարոն Սունդուկյանը, - գրում է Չմշկյանը, - որ միշտ հեռու է պահում իրան մեզանից, սկսեց մոտենալ մեզ և կարճ միջոցում իմ և նորա մեջ կայացավ մոտիկ ծանոթություն, անգամ բարեկամական հարաբերություն»: Այդ բերակամությունն էր, որ զգույշ, բծախնդիր ու անհավակնոտ մտավորականին տարավ թատրոնի կուլիսները, նոր դերերի սպասող դերասանների միջավայրը:
1866–ին գրեց «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869–ին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին:
Ստեղծագործության երկրորդ շրջանում Սունդուկյանը գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884) պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ «Էլի մեկ զոհ»–ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ:
Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։
«Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871–ի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն:
Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թ.-ին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում: