Էջմիածնի «Մեր տունը» կազմակերպությունում սպասվելիք հարսանյաց հանդեսի մասին esyes.am-ն արդեն առիթ ունեցել է տեղեկացնելու: Եվ ահա այս կազմակրպության պատմության գիրկն անցավ ևս մեկ հարսանիք, մանկատան ևս մեկ շրջանավարտ, որ հանգրվանել էր «Մեր տանը», լքեց այն՝ ընտրյալի՝ Վազգենի հետ:
Նորահարսը՝ Մարիամ Պիպոյանը, ըստ սույն կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի (նա 11-րդ անգամ զոքանչ դարձավ :)), մի մտավախություն ուներ՝ կյանքում միայնակ մնալու, սակայն նախախնամությունը Մարիամի համար այլ ճակատագիր է սահմանել: Նա ոչ միայն գտավ իր երկրորդ կեսին, այլև հենց իր անձնական երջանկության օրը իրականացավ նրա ևս երկու երազանքը. նրա ուրախությանը մասնակցել չմերժեցին մեր ֆուտբոլիստները, որոնց հետ ֆուտբոլ խաղալու երազանք ցանկությունը օրիորդի «քմահաճույքներից» մեկն էր, և հումորիստ Արամ mp3-ն, ում երկրպագուներից է Մարիամը:
Չնայած մարզումներին և այդ օրը նախատեսված խաղին՝ ֆուտբոլիստներ Խորեն Մանուչարյանը, Ցոլակ Բեգլարյանը և Գարեգին Մաշումյանըկարողացան ժամանակ գտնել և ուրախացնել նորահարսին՝ նրա հետ ֆուտբոլ խաղալով :) Տղաները դատարկաձեռն չէին եկել. բացի գեղեցիկ ծաղկեփնջից, նրանք Մարիամին նաև ֆուտբոլի գնդակ նվիրեցին :)
Խաղին Մարիամը լուրջ էր վերաբերում. չնայած արդեն հարսի զգեստով էր, սակայն դա չխանգարեց նրան հագնել նաև ֆուտբոլային իր մարզահագուստն ու դաշտ մտնել տղաների հետ: Մարիամին սպասվող ամենալուրջ հանդիպումը ընտրյալի՝ Վազգենի հետ էր, որը կայացավ Էջմիածնի ֆուտբոլի դաշտում՝ արդեն որպես այր և կին Էջմիածնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում գրանցվելուց հետո: Դա թերևս Մարիամի կյանքի ճակատագրական միակ հանդիպումն էր, որին նրանք խաղում էին միմյանց դեմ: «Մարիամի տղան ֆուտբոլի գնդակը ձեռքն է ծնվելու»,- կատակում էին ներկաներն ու նորապսակներին երջանկություն մաղթում:
«Մեր տան» հարսանյաց այս արարողությունն էլ մարդաշատ էր, հայտնի ու անհայտ հյուրերի թվում էինք նաև մենք: Ուրախ և հուզված էին բոլորը, քանի որ ամեն մի աղջկա ամուսնությունից հասարակության մեջ կոտրվում են մանկատան սաների նկատմամբ արմատացած կարծրատիպերը:
«Ե՞ս Yes!»-ը ևս մեկ անգամ շնորհավորում է նորապսակներին և ամուր ու ներդաշնակ ընտանիք մաղթում նրանց: