1990-ականների վերջին փոփ երաժշտության ասպարեզում իսկական հեղաշրջում էր, իսկ դրա հեղինակը դեռահաս Բրիթնի Սփիրսն էր: Աղմուկն այս անվան շուրջ այնքան շատ էր, որ ստվերում էին մնացել համաշխարհային աստղերից շատերը:
Ամերիկուհի փոփ-երգչուհի, Գրեմմիի մրցանակակիր, պարուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, սենսացիաների սիրահար Բրիթնի Սփիրսը ծնվել է 1981-ի դեկտեմբերի 2-ին Միսիսիպի նահանգում:
Մայրն ուսուցչուհի էր տեղի դպրոցներից մեկում, իսկ հայրը' շինարար: Բացի Բրիթնիից ընտանիքում մեծանում էին ևս երկու երեխա'Բրայընը և Ջեյմի Լին: Բրիթնին դեռ փոքրուց սկսում է հետաքրքրվել երգով, պարով: «Ծնողներս ոչ մի կերպ չէին միջամտում, հակառակը' զգում էի, թե ինչպես են հպարտանում»: 4 տարեկանից Բրիթնին հաճախում է եկեղեցական երգչախումբ: Դրա հետ մեկտեղ նա զբաղվում էր գեղարվեստական աթլետիկայով և ամենատարբեր պարային խմբակներ հաճախում: Այս ամենը հետագայում մեծ դեր է խաղացել աղջկա կյանքում: «Աշխարհում ամեն ինչից շատ ինձ դուր էր գալիս բեմում հանդես գալը: Դա կլիներ խմբակային երգ կամ դպրոցական ներկայացում, կապ չուներ: Պարզապես հիանալի է, երբ սրահում գտնվող մարդկանց ուշադրության կենտրոնում դու ես»,- ասում է Սփիրսը:
8 տարեկանում Բրիթնին մասնակցում է Դիսնեյի «Միկի-Մաուսի նոր ակումբը» շոուի մասնակիցների քաստինգին: Ժյուրիի անդամները գնահատում են աղջնակի տաղանդը, բայց տարիքը չէր հասնում նույնիսկ թույլատրելիի սահմանին: Ժյուրիի անդամները հիացած էին Բրիթնիով և չցանկանալով կորցնել այս տաղանդին, նրան բարեխոսում են Նյու Յորքի հայտնի պորդյուսերներից մեկի մոտ, ում մոտ Բրիթնին սկսում է հաճախել պարերի: Աղջկա գրաֆիկն իսկապես անհավանական ծանր էր, բայց այդպիսին է այդ բարդ ճանապարհն ընտրած յուրաքանչյուրի խնդիրը:
1993-ին Բրիթնին վերադարձավ Դիսնեյ և 2 տարի մասնակցեց «Միկի-Մաուսի նոր ակումբը» շոուին: Այս շոուից են իրենց ճանապարհը սկսել նաև Քրիստինա Ագիլերան, Ջասթին Թիմբրլեյքը, Ջեյսի Շազեն, այլք: Ի դեպ հենց Դիսնեյում սկսվում է Ջասթինի և Բրիթնիի դեռևս մանակական սիրավեպը: Նրանց ընկերները պատմում են, որ այս երկուսի միջև հարաբերություններ սկսվեցին նրանց առաջին հանդիպումից հետո: Երեխաների անկեղծ համակրանքը միայն տարիներ հետո վերածվեց լուրջ զգացմունքի, և սկսվեցին սիրային հարաբերություններ:
2 տարի անց ակումբը փակվեց և Բրիթնին վերադարձավ Լուիզանա' հայրենիք, որտեղ էլ ընդունվեց դպրոց: Չկարողանալով հրաժարվել երգից' Բրիթնին ձայնագրում է դեմո սկավառակ, որն ընկնում է Jive Records ընկերության տնօրենի ձեռքը: Նա անմիջապես պայմանագիր է կնքում 15-ամյա աղջնակի հետ, ում ներկայացնում է Էրիկ Ֆոստերին' Hi-Five-ի , Ուիթնի Հյուսթոնի հետ աշխատող պրոսդյուսերին:
1998-ի հոկտեմբերը Բրիթնիի համար դառնում է ճակատագրական: Նա ձայնագրում է իր առաջին սինգլը' «…Baby One More Time»:
Երգն անհավանական հաջողություն է բերում Սփիրսին: Առաջին հենց շաբաթում այն գլխավորում է երաժշտական բոլոր թոփերը: Սինգլի համաշխարհային վաճառքը հասավ 9 միլիոն օրինակի, որը սկավառակը դարձրեց կրկնակի պլատինե: 1999-ին դուրս եկավ համանուն ալբոմը, որը 51 շաբաթ շարունակ Billboard 200-ի սանդղակում առաջինն է մնում: Ալբոմը դառնում է 15-անգամյա պլատինե և այսօր համարվում է Բրիթնիի ամենահաջողված ալբոմը: Բոլորի ուշադրությունը կենտրոնացավ այս աղջնակի վրա. 17-ամյա գեղեցկուհին գրավում էր միլիոնների:
1998-ը կարևորվեց նաև Բրիթննի անձնական կյանքում: Բրիթնին և Ջասթին Թիմբրլեյքը պաշտոնապես հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին: «Այդպիսի սիրավեպի մասին է երազում յուրաքանչյուր թինեյջեր. զբոսանքներ լուսնի տակ, շոկոլադ, նվերներ: Անընդհատ զվարճություններ և հիանալի ժամանց… բայց չմտածեք,թե… Ես չեմ պատրաստվում կորցնել կուսությունս մինչև ամուսնությունը»:
Միլիոնավոր թինեյջերների կուռքերը միասին էին, էլ ինչ էր պետք մամուլին,եթե ոչ այսպիսի սիրավեպ, որի մասին կարելի է հավերժ պատմություններ հյուսել: Մամուլը սկսեց հետևել աղջկան, սկսվեցին անվերջ բամբասանքներն ու շշուկները նրա ծագման, ազգության, ընտանիքի, հակումների, սովորությունների մասին: 17 տարեկանում Բրիթնին Rolling Stone ամսագրի համար անկեղծ ֆոտոշարքում է հանդես գալիս, որը մամուլի հիմնական թեման էր դարձել: Բանն այն է, որ լրագրողները պնդում էին, թե Բրիթնիի կրծքերն իրականում իմպլանտանտներ են և ոչ թե բնական: Սփիրսն իհարկե հերքում էր: Նրա հաջողված ալբոմը, սկանդալային լուսանկարները, Ջասթինի հետ հարաբերությունները, նրա շուրջ պտտվող բամբասանքները Բրիթնի Սփիրսին դարձրին 1999-ի գլխավոր աստղը: «Սկզբում պարզապես հիանալի է: Առաջին մի քանի տարում քեզ աննկարագրելի հաճույք է պատճառում ճանաչվածությունը: Երբ առաջին մի քանի անգամները քեզնից ստորագրություն են խնդրում, դու նույնիսկ ուրախանում ես, ոգևորվում: Իսկ հետո լրագրողները, մարդիկ սկսում են հետևել քեզ: Դու այլևս չես ապրում քեզ համար, այլ մարդկանց համար ես անում ամեն ինչ: Դու նույնիսկ չես կարող տաբատդ ուղղել, ուտել պաղպաղակն այնպես, ինչպես ուզում ես, գնալ այնտեղ, որտեղ ուզում ես: Դու քեզ մի մեծ ֆոտոխցիկ ես զգում»:
Բրիթնիի կարիերայում անվերջ նվաճումներ են: Աղջիկը ձայնագրում է իր երկրորդ' «Oops!... I Did It Again» ալբոմը, որը մեկ շաբաթվա ընթացքում գրանցում է բացարձակ ռեկորդ' 1 319 193 օրինակ վաճառք, որը հետագայում գերազանցեց Էմինեմը: 2000թ. Սփիրսը նոմինացվեց Գրեմմի մրցանակի միանգամից երկու նոմինացիաներում, սակայն վերցնել մրցանակն այդպես էլ չհաջողվեց: Բրիթնին փորձում է հաստատվել նաև կինոաշխարհում' նկարահանվելով «Խաչմերուկներ» ֆիլմում: Քննադատությունը ֆիլմի մասին շատ էր, բայց այնուամենայնիվ ֆիլմը 37 միլիոն դոլար եկամուտ բերեց: «Ես չեմ ապրում այնպես, ինչպես ուզում եմ: Դա տանջում է ինձ: Ես չեմ կարող առավոտյան գնալ սրճարան, որպեսզի պաղպաղակ ուտեմ, չեմ կարող ընկերներիս հետ մի տեղ նստել, քայլել այգիներով»:
2002-ին Բրիթնիի և Ջասթինի ռոմանտիկ հարաբերությունները ավարտվում են: Պատճառների մասին մամուլն առաջ էր բերում ամենատարբեր հավանական և անհավանական վարկածները: Դրանցից մեկն այն էր, որ Ջասթինը չի համակերպվում Բրիթնիի անընդհատ աճող կարիերայի և փառքի հետ, քանի որ ստվերում է մնում իր սեփական կարիերան: «Ես Բրիթնիին սիրահարվեցի մեր առաջին հանդիպումից: Բայց դա հիմա անցյալում է: Մինչև հիմա էլ առանց ցնցվելու չեմ կարողանում հիշել մեր ցավագին բաժանման մասին»,- հետագայում խոստովանում է Ջասթինը: Նրանց բաժանումը վատ անդրադարձավ երկուսի վրա էլ: Թե Ջասթինը, թե Սփիրսը շատ ծանր էին տանում իրենց բաժանումը: Ջասթինին պետք եկավ հոգեթերապևտի աջակցությունը, իսկ Սփիրսին' կես տարի ստեղծագործական դադար:
Վերադառնալով բեմ' Սփիրսն իր հետ բերեց նոր ալբոմ' «In The Zone»: Իսկ ալբոմի ամենահիթային երգը' «Toxic», բերեց Բրիթնիին առաջին Գրեմմի մրցանակը:
Ինչպես միշտ Սփիրսը հայտնվեց հոդվածների վերնագրերում' այս անգամ արդեն նոր սկանդալի պատճառով: «MTV VideoMusic Awards» մրցանակաբաշխության ժամանակ Սփիրսն ու Մադոննան համբուրվեցին հենց բեմում: «Այդ ժամանակ Մադոննայի ազդեցությունն ինձ վրա իսկապես մեծ էր: Ես նայում էի նրան հեռուստացույցով, փորձում պարել ու երգել նրա պես, լինել այնպիսին, ինչպիսին Մադոննան է»: Մինչև օրս էլ Սփիրսն ու Մադոննան մտերիմ ընկերուհիներ են:
2004-ին Բրիթնին ամուսնանում է իր մանկության ընկերոջ' Ջեյսոն Ալեքսանդրի հետ:
Նրանց ամուսնությունը տևում է 2օր, որից հետո Բրիթնին հայտարարում է. «Ես ինձ հաշիվ չէի տալիս, թե ինչ լուրջ քայլ եմ կատարում իմ կյանքում: Մեր ամուսնությունը սխալմունք էր: Ես ամուսնացա միայն նրա համար, որ բոլորը ամուսնանում էին»:
Բրիթնիի ակտիվ աշխատանքին զուգահեռ ետ չէր մնում նաև նրա անձնական կյանքը: Բաժանությունից մի քանի ամիս անց նա սկսեց հանդիպել պարող Քեւին Ֆիդերլայնի հետ: Զույգը հայտարարեց իրենց հարաբերությունների մասին այն ժամանակ, երբ Քեւինի ընկերուհին' դերասանուհի Շար Ջեքսոնն 8-ամսական հղի էր:
2004-ի սեպտեմբերի 18-ին Քեւինն ու Բրիթնին ամուսնացան: Հարսանիքից հետո իր կայքում Բրիթնին հայտարարեց ստեղծագործական դադարի մասին, իսկ մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ նա շուտով մայրանալու է: 2005թ. սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ եկավ Շոն Փրեսթոն Ֆեդերլայնը' Սփիրսի և Քեւինի առաջնեկը:
Ծննդաբերությունից մի քանի ամիս անց լուրեր պտտվեցին Սփիրսի երկրորդ հղիության մասին: Լուրը հաստատվեց, և հաջորդ տարի սեպտեմբերի 12-ին ծնվեց երկրորդ փոքրիկը' Ջեյդեն Ջեյմս Ֆեդերլայնը:
Թվում էր, թե Քեւինի և Սփիրսի ընտանիքն անթերի է, սակայն երեխայի ծնունդից երկու ամիս անց Սփիրսն անսպասելիորեն դատարան է ներկայացնում ամուսնալուծության հայց: Դրան հաջորդում է Ֆեդերլայնի պատասխան հայցը: Մինչ դատարանը զբաղվում էր նրանց ամուսնալուծության հարցերով, Բրիթնիի մոտ սկսվում են անտանելի ժամանակներ: Ոստիկաններն ու պապարացիները նկատում են, թե ինչպես էր Բրիթնին երեխային նստեցրել ղեկի առջև' իր գիրկը: Խիստ նկատողություն և տուգանք ստացավ Բրիթնին, ինչն իհարկե դրական չէր կարող ազդել դատավարության վրա: Բրիթնին սկսեց մեծ ժամանակ տրամադրել գիշերային ակումբներին, բարերին, հավաքույթներին: Նրա համբավն անմիջապես նկատելիորեն իջավ: Նույնիսկ «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ ոգելից խմիչքի ազդեցության տակ Բրիթնին չէր կարողանում իրեն ճիշտ պահել բեմում, ետ էր ընկնում պարային ռիթմից և հազիվ էր կարողանում բերանը բացել-փակել: 2007 թվականն իսկական մղձավանջ էր Բրիթնիի համար: Թմրանյութերն ու ալկոհոլը դարձան նրա կենցաղի մի մասը: Քեւինը հեշտությամբ հաղթեց դատն ու իր պատասխանատվության տակ վերցրեց երեխաներին: Սա ամենածանր հարվածն էր Բրիթնիի համար: «Ջասթինի հետ բաժանությունն ինձ համար շատ ծանր էր, բայց այն ոչ մի կերպ չի կարելի համեմատել իմ ու Քեւինի բաժանության հետ: Նրանից ես երկու երեխա ունեմ: Նրանք իմ կյանքի իմաստն են և ես չէի պատկերացնում,թե ինչ պետք է անեմ առանց նրանց, նրանց դատարկ սենյակներում, խաղասրահներում»:
2007-ի փետրվարին Բրիթնին մտնում է Կալիֆորնիայի գեղեցկության սրահներից մեկը և ամբողջովին սափրում գլուխը:
Բրիթնիին տեղափոխում են հիվանդանոց, խիստ հսկողություն սահմանում նրա վրա: Սակայն այս ամենը չի օգնում նրան դուրս գալ այդ ճահճից: Նրան կարելի էր տեսնել էժանագին ակումբներում' շրջապատված անծանոթներով, բոլոր մարդաշատ հավաքույթներում և նույնիսկ փողոցներում նստած: «Դա ինչ-որ ուժեղ ու անհասկանալի սթրես էր: Ես հիշում եմ, որ պարզապես չէի կարողանում նստել տանը, քանի որ այնտեղ չէին երեխաներս: Ինձնից խլել էին երեխաներիս, իսկ տունը երեխաներն են»:
Այս շրջանում Բրիթնիին օգնության ձեռք են մեկնում այնպիսի մարդիկ, ինչպիսին Էլթոն Ջոնն է, Մադոննան, իր նախկին ընկեր Ջասթին Թիմբրլեյքը և այլք: Այս ամենի պատճառներից մեկը նաև Բրիթնիի մորաքույրն էր, ով մահացավ 2007-ի հունվարին' մեծ սթրեսսի մեջ գցելով Սփիրսին: «Ես ամբողջովին կորցրել էի ինձ, դադարել էի որևէ բան հասկանալ: Իմ բնավորությունն աղմկոտ է, ես չեմ հանդուրժում սահմանափակումներ: Երևի դրա պատաճառով էլ ես անընդհատ խնդիրների մեջ եմ»:
Ոստիկանները խիստ հսկողություն են սահմանում նրա վրա: Բրիթնին պարտավոր էր շաբաթը մեկ անգամ ստուգվել թմրադեղի և ալկոհոլի դեմ: Նրան ճանաչում են անգործունակ և խնամքը հանձնում հորը: Սիստեմատիկ բուժումը, հարազատների ցուցաբերած օգնությունը դրական են անդրադառնում Բրիթնիի վրա: «Սխալներ գործելով' մարդ մեծ փորձ է ձեռք բերում, և դա օգնում է նրան առաջ շարժվել:Ես ետ եմ նայում և չեմ հասկանում, թե ինչպես կարողացա դուրս գալ այդ ամենից»:
2008թ. Սփիրսը նորից շարունակում է իր գործունեությունը, ձայնագրում նոր' Circus ալբոմը, որը հաջողությամբ է ընդունվում երկրպագուների և քննադատների կողմից: Բրիթնին նորից գրավում է բարձր հորիզոնականներ, փորձում վերականգնել նախկին համբավն ու խաղաղ կյանքը: Նրա փաստաբանները համաձայնության են գալիս Ֆեդերլայնի հետ և Բրիթնին վերականգնում է երեխաների հետ հանդիպելու իր իրավունքը:
Մեկ տարի անց նորից «MTV Video Music Awards»-ի բեմում Բրիթնին հիանալի վերադարձ նշեց' ստանալով միանգամից 3 մրցանակ «Piece of Me» երգի համար: Ամեն ինչ հունի մեջ է ընկնում, Բրիթնին նորից բեմում է, նա նորից աշխույժ աշխատում է, ուղևորվում համաշխարհային շրջագայությունների և ակտիվ ստեղծագործական կյանք վարում: «Կյանքը հաճախ շատ դաժան է գտնվում մեր հանդեպ: Բայց կան նաև շատ լավ բաներ: Հնարավոր չէ ճանաչել մի կողմը, առանց բացահայտելու մյուսը: Դժոխքն անհնար է մոռանալ, բայց չէ որ կա նաև դրախտ: Ես եղել եմ և դժոխքում, և դրախտում»:
Իսկ 2010-ի մայիսին մամուլում հրատարակեցին այն մասին, որ հարթվել է նաև Բրիթնիի անձնական կյանքը: Նա հանդիպում է Ջեյսոն Թրեւիկի հետ: Իսկ 2011-ի վերջում զույգը հայտարարեց նաև նշանդրեքի մասին: Թրեւիկը Բրիթնիին ամուսնության առաջարկություն արեց իր 40-ամյակի առթիվ կազմակերպած իրենց ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Նույն օրը երեկոյան Բրիթնին իր թվիթերյան էջում գրել է. «Այսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր: Թրևիկն այնպիսի անակնկալ մատուցեց ինձ, որի մասին ես միայն երազում էի»: Այս ընթացքում զույգի մասին հորինված բոլոր բացասական նյութերը հերքվել են: Նրանք երջանիկ են: Իսկ ամուսնական կապեր զույգը կհաստատի միայն այս տարի դեկտեմբերին: «Ես ուզում եմ պատրաստ լինել իմ հարսանիքին: Արդեն մի ամբողջ թիմ եմ վարձել, որպեսզի նախապատրաստեն ինձ հարսանիքիս: Ես պետք է հիանալի լինեմ, չէ որ իմ կյանքում դա մեծ ու շատ կարևոր իրադարձություն է»:
Շատերի կարծիքով Բրիթնին շատ վառ աստղ է, որոնց փայլը որոշ ժամանակ անց միշտ խամրում է: Այնուամենայնիվ նա էլի ասպարեզում է, նա նորից գրավում է աշխարհի ամենամեծ բեմերը, ամենահեղինակավոր մրցանակները, ամենաթանկարժեք պայմանագրերը, դաստիարակում է իր երկու տղաներին և ապագա ամուսնու հետ վայելում կյանքը: Կյանքի այսպիսի դժվարությունների , վայրէջքների ու վերելքների միջով անցած Բրիթնին կարծես վերագտել է իր երջանկությունը:
Այսօր ինձ համար աշխարհում ամենաթանկ ունեցվածքն իմ երեխաներն են, հանուն որոնց ես ամեն առավոտ արթնանում եմ, և իմ աշխատանքը: Հենց նրանք են վերջին երեք տարիներին ինձ առաջ շարժվելու, ապրելու ուժ տալիս: Ես նայում եմ իմ երեխաներին և մտածում, որ պետք է անպայման հավատալ Աստծուն: Ես իսկապես հավատում եմ Աստծուն:
Վստահությունն ու ազնվությունը ամենակարևոր բաներն են: Սիրո մեջ ազնվությունն ու վստահությունը հիմք են կազմում:
Ես հարուստ եմ, չափազանց հարուստ: Բայց դա հիմա ինձ այնքան էլ չի ուրախացնում:
Երբեմն ես ինձ մայրիկիցս ավելի մեծ եմ զգում:
Այն, որ ես սեքսուլա եմ, դեռ չի նշանակում, որ ես անբարոյական եմ:
Ես գիտեմ, որ յուրաքանչյուրը չէ, որ ինձ սիրում է, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Եթե ինձ չեք սիրում, ինչ արած…
Պետք է սովորել լինել երջանիկ…
Իմ կրոնն իմ երեխան է:
Երբեմն ինձ թվում է, որ մարդիկ լսում են ինձ, բայց չեն հասկանում.. դա սպանում է ինձ:
Ես տանել չեմ կարողանում իմ քթի ձևը, իմ ականջները, իմ ոտքերի մատները և էլի շատ ու շատ բաներ, բայց ինչ արած, դրանք իմն են:
Նելլի Ղարիբյան