Օրերս Հիմալայան յոգայի կենտրոնը կազմակերպել էր մրգախնջույք, որի իմաստն, ըստ կենտրոնի յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանի՝ մրգերի օգտակարության մասին ներկայացնելն էր: «Ես միշտ յոգայի դասերի ընթացքում անընդհատ հիշեցնում եմ, որ մանավանդ մրգերի սեզոնին պետք է շատ մրգեր ուտել: Մրգախնջույքի ներկաներն իրենց հետ բերել էին միմիայն մրգեր, որպեսզի մրգերը ոչ մի բանի հետ չխառնեինք: Մրգախնջույքի ժամանակ խոսեցինք այն մասին, թե ինչպես են մրգերը կարողանում մարդու օրգանիզմը մաքրել,- 168.am-ի հետ զրույցում ասում է Վահագնը և ավելացնում,- Մրգերի մեջ կա այն ուժը, որը յոգայի հետ շաղկապված է: Այդ կենսաուժն ակտիվացնում է մեր բոլոր համակարգերը, որոնք պետք է ակտիվ լինեն, որպեսզի յոգան լավ ստացվի: Ես չեմ ասում, որ առանց մրգեր ուտելու յոգա անելը հնարավոր չէ, ուղղակի այն խրախուսվում է: Խրախուսվում է նաև հաճախակի բանջարեղեն ուտել, ունենալ մրգային օրեր, ոչինչ իրար չխառնել: Եթե միրգն ինչ-որ բանի հետ խառնես, հնարավոր է, որ դրանից խնդիրներ առաջանան»: Յոգայի մասնագետի խոսքով' մրգերն իրենց մեջ պարունակում են շատ մեծ ուժ' արևի ուժը. «Մրգերի մեծ մասը հասունանում են հենց արևից: Հնարավոր է՝ փոքր-ինչ տարօրինակ հնչի, բայց պետք է ասեմ, որ կան մրգերի տեսակներ, որոնք Լուսնի ուժով են հասունանում: Օրինակ, ծիրանը շատ արևային միրգ է, ձմերուկը' կիսաարևային ու կիսալուսնային:
Մրգերի այս բաժանումների մասին մարդիկ սովորաբար չեն լսում, քանի որ ո՛չ բժիշկները, ո՛չ գիտնականները սրա մասին չեն խոսում, կամ չգիտեն»: Կա՞ որևէ միրգ, որն ամենաշատն է համահունչ յոգային: «Նման բան չկա, ուղղակի ամեն միրգ ունի կոնկրետ գործառույթ, որը կարող է տվյալ պահին մարդուն պետք լինել, վաղը' ոչ այնքան: Մենք մրգերն ու յոգան դիտում ենք՝ որպես համակարգ, որը բազմազան, տարբեր ազդեցություններով հարուստ կենսաուժի աղբյուր է: Օրինակ, ծիրանը լավ է ազդում սրտի վրա, իսկ սրտի էներգիան շատ կարևոր է յոգայի համար: Յոգան միայն մտքով առաջ չի գնում, սիրտը ևս շատ կարևոր է»,- պատասխանեց Վահագնը: Յոգայի մասնագետը նաև նշեց, որ նման տեղեկատվական սեմինարներ առաջիկայում ևս սպասվում են. «Օրինակ, այս կիրակի հանդիպելու ենք Ռուսաստանից ժամանած կին հոգեբանի հետ, որի հետ միասին խոսելու ենք միջանձնային հարաբերություններից, կին-տղամարդ հարաբերություններից: Քննարկելու ենք, թե առհասարակ ի՞նչ է նշանակում՝ կին-տղամարդ հարաբերությունները, ի՞նչ մութ անկյուններ ունի, և այլն»: