Շատերը լսելով «ճանապարհորդական սիրավեպ» արտահայտությունը խոժոռվում են, շատերը ցավակցական տոնով հոգոց հանում, իսկ մեկ ուրիշն էլ սկսում է լրջորեն ապացուցել այդ երևույթի բացասական կողմերը: Ինչպես ցանկացած երևույթ՝ ճանապարհորդական սիրավեպերը ևս ունեն իրենց դրական ու բացասական կողմերը:
Սկզբում ուսումնասիրենք դրական կողմերը.
1. Առաջին հերթին դա նոր ու թարմ հույզերի էներգիա է հաղորդում, վերակենդանացման մի շրջան է:
2. Ճանապարհորդական սիրավեպը տանից հեռու կատարվող և ժամանակավոր բնույթ կրող երևույթ է: Իսկ դա նշանակում է, որ քեզ կարող ես ներկայացնել ցանկացած կերպարում. ճակատագրական գեղեցկուհու, քաջ մաչոյի, գաղտնի գործակալի կամ զգացմունքային անհատականության: Այդ խաղի մասին ոչ ոք չի իմանա, իսկ ինքդ քեզ համար կհղկես սիրախաղի բազմաթիվ կարողություններ, կճանաչես մինչ այդ չբացահայտված կողմերդ, իսկ մյուս կողմից էլ՝ մի լավ կզվարճանաս:
3. Ճանապարհորդական սիրավեպը թույլ է տալիս պարզապես լինել ինքդ քեզ հետ, առանց խաղի: Իսկ դա նշանակում է, որ շփման ընթացքում հոգեբանական բեռնաթափումն անխուսափելի է:
4. Դրական հույզերը գիտելիքների պաշարի պես ուղեկցում են քեզ հարաբերություններում: Բոլոր անհաջողությունները մնում են հանգստավայրում, իսկ տուն վերադառնում ես թեթևության մեծ զգացումով (որքան էլ տարօրինակ է, ճանապարհորդական գիտակցված սիրավեպերը հազվադեպ են ամոթի զգացում առաջացնում):
5. Ճանապարհորդական սիրավեպը միայնակներին հնարավորություն է տալիս գտնել իրենց երջանկությունը, թեև ոչ մեծ, բայց միևնույն է, կա: Եվ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ բուռն ճանապարհորդական սիրավեպը վերածվում է ամուսնության կամ երկարատև հաճելի հարաբերության:
Ինչ վերաբերում է բացասական կողմերին.
1. Ցավոք, ճանապարհորդությունից միայն նվերներ չես հետ բերում, այլ նաև վեներական հիվանդություններ: Որքան էլ տխուր է, բայց երբ զգացմուքները զարգանում են, մարդիկ մոռանում են անվտանգության մասին:
2. Ռիսկը զրկում է թանկարժեք իրերից: Սովորաբար, դուրս պրծնելով մռայլ իրականությունից և հայտնվելով ծովափնյա վառ մթնոլորտում, մարդը մոռանում է զգոնության մասին: Դրանից օգտվում են խաբեբաները: Պետք չէ պայուսակում մեծ չափի գումար կամ թանկարժեք իրեր պահել, ծանոթանալիս խմել այն, ինչ առաջարկում է ձեզ նոր ծանոթը, եթե վստահ չեք մտադրությունների անկեղծության հարցում, նրա հետ բարձրանալ հյուրանոցի համար. նրա բոլոր խոսքերին ու իրեն կասկածանքով վերաբերեք:
3. Եթե ամուսնացածները հանգստավայրում սիրահարվում են և այդ նոր ծանոթը իսկապես անկեղծ է և դեմ չէ շարունակելու հարաբերությունները, մի հայտնեք ստույգ կոորդինատներն և տվյալները, օրինակ՝ տան հեռախոսահամարը: Այս դեպքում լավ է սահմանափակվել էլեկտրոնային փոստով:
Եթե, այնուամենայնիվ հանդիպել եք. Առաջին հանդիպումը պատասխանատու իրադարձություն է ոչ միայն աղջիկների, այլև տղաների համար: Այն սովորական և հերթական հանդիպում չէ և ամենափոքր բացթողումը կարող է դառնալ ճակատագրական: Սխալներից խուսափելու և առաջին հանդիպմանը «ճիշտ»' ցանկալի տպավորություն թողնելու հարցում օգնության է շտապում «Ե՞ս Yes!»-ը:
Ի՞նչ չպետք է անեն տղաները առաջին հանդիպման ժամանակ
Անթույլատրելի է իրադարձություններն արագացնելը կամ անպարկեշտություն ցուցաբերելը: Չի կարելի առաջին հանդիպման ժամանակ ազատություն տալ ձեռքերին, խոսել սեքսի մասին և այն թեմաներից, որոնց մասին դեռ վաղ է խոսելը:
Չի կարելի անփույթ և թափթփված տեսք ունենալ. տհաճ հոտը լուրջ խնդիր է: Չի կարելի գնալ հանդիպման առանց գոնե մեկ անգամ հայելու մեջ նայելու, ինչպես նաև չպետք է մոռանալ բերանի խոռոչը կարգի բերելու մասին: Չի կարելի ուտելիս խոսել, քչփորել քիթը կամ քորել մարմնի այս կամ այն հատվածը: Պետք չէ ամբողջությամբ կենտրոնանալ սեփական անձի, հոգսերի, արժանիքների, ձեռքբերումների վրա, կտրուկ ընդհատել խոսակցին և նախաձեռնությունը վերցնել ձեռքը՝ խոսելով միայն քեզ հաճելի թեմաների մասին: Այն տղամարդը, ով տարված է իրենով, սակայն իրենից առանձնապես ոչինչ չի ներկայացնում, անխոս, հաջողության չի հասնի:
Առաջին հանդիպման ժամանակ ի՞նչն է վանում տղամարդուց, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տղամարդը
Առաջին հանդիպումը կարող է լինել վերջինը: Տղամարդը նախևառաջ ուժ է: Թույլ և կախվածության մեջ լինելը տղամարդուն չի սազում: Յուրաքանչյուր կին ցանկացած տարիքում և կախվածության մեջ չլինելով, որքան էլ կնճիռներ և երեխաներ ունենա, այնուամենայնիվ հաջողակ հանդիպման հույս է փայփայում: Տղամարդը հանդիպման ժամանակ չպետք է տրտնջա կյանքից: Դրա համար գոյություն ունի մայրիկ: Թեպետ իսկական տղամարդը պետք է հենարան լինի նաև մոր համար, իսկ ընկերական շրջապատում՝ լավագույնը, ուժեղն ու ամեն բան հասցնողը: Տղամարդը չպետք է կնոջը տեղյակ պահի իր գործերից. դա անլուրջ է: Չպետք է բողոքի կենցաղային ու նյութական խնդիրներից: Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ է նա եկել աղջկա հետ հանդիպման: Միգուցե այն հույսով, որ աղջիկն օգնի՞ իրեն լուծել խնդիրները, թույլ տա գիշերել իր տանը կամ պարտքով գումար տա: Թույլ տղամարդուց սարսափելի բան չկա. հարկավոր է ոտքի կանգնել կամ ջանասիրաբար ձգտել դրան և հետո միայն փնտրել հանդիպումներ:
Ի՞նչ չպետք է անեն աղջիկները առաջին հանդիպման ժամանակ
Մի կենտրոնացրու ողջ ուշադրությունը քեզ վրա: Մի հայտնիր քո մասին միանգամից ամեն հետաքրքիրը: Քանի որ կինը միշտ պետք է առեղծվածային մնա, որպեսզի հետաքրքրի զուգընկերոջը: Բացի այդ, իր վրա կենտրոնացնելով հետաքրքրությունը, կինը կորցնում է տղամարդուն ավելի լավ ճանաչելու հնարավորությունը: Պետք չէ ընդհատել զրուցակցին: Տղամարդու խոսքի նկատմամբ հետաքրքրությունն արտահայտվում է ճշգրտող հարցերով կամ գլխի շարժումով: Պետք է հետևել պահելաձևին և չանցնել խելամտության սահմանները: Մինչ որևէ հարց տալը չպետք է մոռանալ նրբանկատության մասին: Չի կարելի առաջին հանդիպման ժամանակ հետաքրքրվել նախկինից բաժանվելու պատճառների, եկամտի ու սեքսուալ նախապատվության մասին:
Պետք չէ շուրջբոլորը նայել: Երբ աղջկա աչքերն այս ու այն կողմ են վազում, դա կարող է շփոթեցնել տղամարդուն: Նա կարող է մտածել, որ իր հետ ինչ-որ բան այնպես չէ, որ իր առջև նստած աղջիկը նյարդային է: Չի կարելի ծիծաղել տղայի վրա: Թեև հումորի զգացումը մեծ առավելություն է, բայց դիմացինին ծաղրելն անդաստիարակության նշան է:
Ինչպե՞ս գնալ արձակուրդի, երկուսո՞վ, թե՞ միայնակ
Երևի թե դժվարանում ես հիշել, թե երբ ես վերջին անգամ արձակուրդին հանգստացել: Արդյոք պե՞տք է զույգերը հանգաստանան մեկը մյուսից, և արդյոք պե՞տք է բոլոր արձակուրդներն ընտանիքի հետ անցկացնել: Հոգեբաններն ասում են, որ ամեն ընտանիք այդ ընտրությունը տարբեր կերպ է կայացնում: Նույնիսկ տարբեր երկրներում են դրան տարբեր կերպ վերաբերվում. անգլիացիները հանգստի են մեկնում երկրորդ կեսի հետ, բայց մեծ մասը երազում է միայնակ հանգստանալու մասին: Ֆրանսիացիներն առավել ժողովրդավար են. հարյուր ընտանիքից միայն երկուսն է միասին հանգստանում: Ամերիկացիները, ինչպես և հայերը, ընդհակառակը, ողջ հոգով ձգտում են միասնական հանգստի տարբերակին: Իսկ Ռուսաստանում տղամարդիկ ցնծությամբ չեն ընդունում միասին հանգստանալու գաղափարը: Հոգեբանները խորհուրդ են տալիս մինչ որոշում կայացնելը' մեկնել միասի՞ն, թե՞ առանձին, պետք է պայմանավորվել հետագայում տարաձայնություններից խուսափելու համար: Ամեն դեպքում եթե որոշել եք հանգստանալ միասին, ապա խորամիտ եղեք, հաշվի առեք ձեր երկրորդ կեսի աշխատանքի բնույթը: Եթե աշխատանքի բերումով ձեր զուգընկերը հաճախակի է ճանապարհորդում, ապա նրան ուղևորության մեկնելու միտքը չի ուրախացնի: Եթե ցանկանում եք միասին հանգստանալ' առանց վեճերի, ապա նախապես ծրագրեք' հաշվի առնելով երկրորդ կեսի ցանկությունները: Եթե արձակուրդը որոշակի պատճառներով պետք է առանձին անցկացնեք, ապա մի քանի խորհուրդ. պայմանավորվեք շփումը պահելու պայմանների մասին. հեռախոսազանգեր օրվա հստակ ժամերի և էլեկտրոնային շփում: Երկրորդ կեսիդ լուսանկարներ ուղարկիր հանգստյան վայրից. ցանկալի է դրանցում չլինեն ընկերներ: Վերադարձի մասին նախապես տեղեկացրեք: Անսպասելի վերադարձի իրավիճակները լավ է թողնել հումորիստներին: Բացի այդ, հոգեբաններն առանձին հանգստանալու խորհուրդ են տալիս այն զույգերին, որոնց հարաբերություններում մարել է հուրը: Կարճատև բաժանումը թարմություն կհաղորդի հարաբերություններին: