Շվեյցարացի գիտնականները ստեղծել են քառոտանի ռոբոտ, որը քայլելու ընթացքում շատ նման է կատվի։ Cheetah-Cub («Ընձառյուծի ձագ») անվանումը ստացած սարքի վերջույթներից յուրաքանչյուրը բաղկացած է 3 հատվածից, որոնք իրար են միացված գալարներով։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Лента-ին, ռոբոտը «գլուխ» չունի, իսկ «պոչի» փոխարեն սովորական լար է։ Սարքը կշռում է մոտ 1 կգ և կարողանում է շատ մեծ արագությամբ տեղաշարժվել անհարթ մակերեսով։ Մասնագետները նշել են, որ Cheetah-Cub-ը 30 կգ-ից պակաս քաշով ռոբոտների շրջանում ամենաարագընթացն է աշխարհում։
Մեկ վայրկյանի ընթացքում այն ունակ է սեփական մարմնի երկարությունը 7 անգամ գերազանցող ճանապարհ անցնել։ Ռոբոտ-կատվի ստեղծման աշխատանքները տարվում են 2008թ. ի վեր, և ներկայացված մոդելը ևս գտնվում է նախնական օրինակի կարգավիճակում։
Նշվում է, որ աշխատանքներն ավարտին հասցնելու դեպքում Cheetah-Cub-ը կարող է օգտագործվել հետազոտական նախագծերում ու փրկարարական աշխատանքներում։