Եվրախորհրդարանի գլխավոր թարգմանիչ, 48-ամյա Իոաննիս Իկոնոմուն տիրապետում է 32 լեզվի, այն դեպքում, երբ Եվրոպական Միության պաշտոնական լեզուները 23-ն են, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Обозреватель-ին։
Եվրոպական խորհրդարանում Իկոնոմուն աշխատում է ավելի քան 15 տարի և զբաղվում է ոչ միայն համաժամանակյա թարգմանությամբ, այլև բարդ տեքստերի թարգմանությամբ։
Բազմալեզվակրի (полиглот) համար մայրենի լեզու է համարվում հունարենը, սակայն 6 տարեկանից նա սկսել է սովորել անգլերեն, այնուհետ գերմաներեն (7 տարեկանում), իտալերեն (10 տարեկանում), ռուսերեն և այլն։
Յուրաքանչյուր նոր լեզու ավելի հեշտ էր տրվում, քան նախորդը, և արդյունքում Իկոնոմուն սովորում է 32 լեզու, այդ թվում նաև հազվագյուտ և մեռած լեզուներ՝ լատիներեն, սանսկրիտ, իռլանդերեն, ընդ որում՝ թարգմանիչը նշում է, որ չի պատրաստվում կանգ առնել. նրա պլաններում է նաև եթովպերենը։
Պատասխանելով այն հարցին, թե որն է իր գաղտնիքը, Իոաննիսն ասում է, որ իր մեթոդիկան ոչ թե բառեր և քերականական կանոններ սովորելն է, այլ երկրի մշակույթի և ավանդույթների ուսումնասիրությունը։ Օրինակ, նրա խոսքով, անհնար է խոսել հունարեն՝ չսիրահարվելով կիպրոսյան լողափերին և չխմելով գինի։