Սերալային դերասանները նկարահանումներից անմասն չեն թողնում իրենց երեխաներին: Օրերս ներկայացրինք նաև դերասանուհի Կայա Խուրշուդյանի դստերը, ով ևս նկարահանվում է սերիալում՝ գնալով մոր հետքերով: Պարզվում է՝ սերիալում խաղընկերներ են նաև մայր ու որդի Ալինա Մարտիրոսյանն ու Էմմանուէլը: Նրանք միասին նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Մամա» սերիալում:
esyes.am-ի հետ զրույցում Ալինան նշեց, որ տղան' 14-ամյա Էմմանուէլը, ֆիլմում պետք է մարմնավորեր իր որդուն, սակայն զբաղվածության պատճառով չկարողացավ: «Առաջարկը սցենարիստի կողմից է եղել. շատ են հավանում նրան, որովհետև արտիստիկ դեմք ունի: Էմմանուէլը սովորում է Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում և բավականին ուշ է վերջացնում դասերը. այնտեղ նաև դերասանի վարպետություն է անցնում,- ասաց Ալինան և հավելեց,-քանի որ զբաղվածության պատճառով չստացվեց, որոշեցինք գոնե շաբաթը մեկ անգամ նկարահանվի»:
Էմմանուէլը, ով սերիալում հենց իր անունով է հանդես գալիս, Ալինայի սերիալային երեխաների հետ շփվում է բակում և դպրոցում: «Սերիալում դեռևս իրար հետ տեսարան չենք ունեցել, նա շփվում է սերիալային իմ երեխաների հետ»,- նշեց դերասանուհին, ով տղայի դերասանական շանսերը բավականին բարձր է գնահատում, սակայն ոչ այն պատճառով, որ նրա մայրն է. «Նրա ժեստերն ու խաղը, ինձ շատ են դուր գալիս: Ի դեպ, ոչ միայն ինձ, այլև ստեղծագործական թիմին»:
Ալինան չբացառեց, որ գուցե Էմմանուէլն իր ուղին շարունակի դերասանական արվեստում. «Ինչու՝ ոչ: Նա շատ է ուզում Թատերական ինստիտուտ ընդունվել, իսկ մինչ այդ, կվերապատրաստվի Շվեյցարիայում' որպես բալետի պարող»:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը