Մինչ ողջ աշխարհն ամերիկյան Google ընկերության այդքան սպասված ու քննարկված Google Glass ֆուտուրիստիկ ակնոցների սպասման մեջ է, հրեական Orcam Technologies ընկերությունը շուկա է հանել տեխնոլոգիական մի նորույթը, որը նախատեսված է կույր կամ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին , սարքն արտաքուստ ոչնչով չի տարբերվում սովորական ակնոցից, սակայն ունի մի շարք առավելություններ. կարողանում է տեքստը բարձրաձայն կարդալ, ճանաչել մարդկանց դեմքերը, շինություննները, լուսաֆորի ազդանշանները, ինչպես նաև հուշարձանները։
Ակնոցը համալրված է ներդրված տեսախցիկով, իսկ որպեսզի այն սկսի կարդալ, հարկավոր է թղթի կամ համակարգչի, սմարֆթոնի էկրանին գրված տեքստը մոտեցնել այդ տեսախցիկին։ Ակնոցը սկսում է տեքստը կարդալ այնտեղից, որտեղից որ օգտատերը մատով նշում է։
Առայժմ սարքը կարողանում է միայն անգլերեն կարդալ, սակայն Orcam Technologies-ը մտադիր է այդ հնարավորությունը հասցնել 10 լեզվի։ Նորույթի գինը 2500 դոլար է։