Ամերիկյան խոշորագույն ընկերություններից 4-ը՝ Apple-ը, Microsoft-ը, Google-ը և Facebook-ը, հերքել են ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն իրենց ռեսուրսներին, հայտնում է tert.am-ը` հղում տալով Взгляд-ին, որն էլ իր հերթին հղում է տալիս Agence France Presse-ին։
Ավելի վաղ Washington Post պարբերականն իր նյութերից մեկում հայտարարել էր, որ Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն ուղիղ մուտք ունեն դեպի Microsoft, Yahoo, Google, Facebook, PalTalk, AOL, Skype, YouTube, Apple ընկերությունների կենտրոնական սերվերներ։
«Մենք կառավարական գործակալություններին չենք տրամադրում ուղիղ մուտք դեպի մեր սերվերներ, իսկ յուրաքանչյուր գործակալություն, որը պահանջում է օգտատերերի տվյալները, նախևառաջ պետք է դրա համար դատական համապատասխան թույլտվություն ունենա»,-ասել է Apple-ի ներկայացուցիչ Սթիվ Դոուլինգը։
Միացյալ Նահանգների իշխանություններն այս առնչությամբ դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել։