«Մատնիչ» բառեր

Ես ու Լիլիթը ծանոթացել էինք ինտերնետի միջոցով ու, թեև արդեն մի քանի ամիս շփվում էինք, մեր հանդիպումը ոչ մի կերպ չէր ստացվում: Արդեն գիտեինք միմյանց մասին գրեթե ամեն ինչ. աշխատավայրը, սիրած վայրերը, հոբբիները: Ուստի, մի օր էլ չդիմացա և որոշեցի վերջապես ծանոթանալ Լիլիթի հետ' նրա գլխին կատակ խաղալով: Մտա այն կապի սրահը, որտեղ նա աշխատում էր, և, նյարդային ու անհավասարակշիռ հաճախորդ ձևանալով, սկսեցի վրդովված բողոքել: Որոշ ժամանակ Լիլիթը լուռ լսեց ինձ, իսկ հետո սկսեց քրքջալ: Պարզվեց, որ խոսքի մեջ ես օգտագործել էի բառեր ու արտահայտություններ, որոնք ծանոթ էին նրան իմ նամակներից, և նա հեշտությամբ կռահել էր «դժգոհ» հաճախորդի ինքնությունը: Այդ օրից մեր շփումը տեղափոխվեց բացառապես իրական կյանք:

Անդրեյ, 22 տ.

Ջրափոսերը

Այդ ուրբաթ օրը հենց առավոտից անհաջող էր: Գրասենյակում մի շարք անսպասելի խնդիրներ ծագեցին, իսկ մութ ամպերը միայն վատթարացնում էին դրությունը: Երեկոյան նույնպես ոչ մի հուսադրող ծրագիր չունեի, ինչն էլ ավելի էր նյարդայնացնում ինձ: Աշխատանքային օրվա վերջում սկսեց հորդառատ անձրև տեղալ, ու մինչև մեքենային կհասնեի, ամբողջովին թրջվեցի: Զայրացած փակեցի մեքենայի դուռն ու շարժվեցի: Շուտով մայթեզրին մի աղջիկ նկատեցի, սակայն այնքան զայրացած էի, որ անգամ չնվազեցրի արագությունը և ոտքից գլուխ թրջեցի խեղճին: Իհարկե, անմիջապես զղջացի արարքիս համար, դուրս եկա մեքենայից, ներողություն խնդրեցի և առաջարկեցի նրան տուն ուղեկցել: Սկզբում, բնականաբար, լսեցի, որ ես հոգեկան խնդիրներ ունեմ, սակայն որոշ ժամանակ անց նա հանդարտվեց և համաձայնեց, քանի որ նրա սպիտակ բաճկոնը պատվել էր ցեխի լաքաներով, իսկ կոշիկի մեջ ջուր էր: Ճանապարհին ես մեղմեցի նրա սիրտը և անգամ համոզեցի հագուստը փոխելուց հետո ինձ հետ սրճարան գալ: Մենք հիանալի ժամանակ անցկացրինք և մինչև օրս ընկերներ ենք:

Վիլեն, 30 տ.

Տղամարդկային արարք

Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ընդունվել մոսկովյան համալսարաններից մեկը: Մայրիկիս ուսանողական ընկերուհին, որն ապրում էր Մոսկվայում, առաջարկեց ինձ մնալ իրենց տանը: Ես գիտեի, որ նա իմ տարիքի դուստր ունի, սակայն քննաշրջանի սկզբում մենք չհանդիպեցինք, քանի որ նա երկրում չէր: Երբ Զառան վերադարձավ ծովափնյա հանգստից, ամեն ինչ փոխվեց: Ես մոռացա դասագրքերի մասին, ողջ ժամանակս անց էի կացնում ակումբներում' Զառայի ու նրա ընկերների հետ: Արդյունքում՝ ես հաջողությամբ հանձնեցի առաջին քննությունը, իսկ մնացածները ձախողեցի, ու բուռն ամռանից հետո վերադարձա տուն՝ հիասթափեցնելով թե՛ մայրիկիս ընկերուհուն, թե՛ ծնողներիս: Համոզված էի, որ Զառան կմոռանա ինձ: Սակայն շուտով նա զանգահարեց ինձ և պնդեց, որ փորձեմ ուժերս նույն համալսարանի հեռակա բաժնում: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և շուտով ես նորից մեկնեցի Մոսկվա' այս անգամ բնակություն հաստատելով հանրակացարանում:

Միհրան, 20 տ.

Երրորդն ավելորդ է

Ես ու Հասմիկը բավական ժամանակ էր' հանդիպում էինք: Ես հասցրել էի նրան ծանոթացնել իմ ընկերների հետ, մինչդեռ ես նրա ընկերուհիներին չէի ճանաչում: Մի օր որոշեցինք վերցնել չմուշկներն ու գնալ սահադաշտ' հրավիրելով նաև Հասմիկի մտերիմ ընկերուհուն' Նառային: Նառան ցանկանում էր չմշկել սովորել, ուստի, մեր շփումն ամրապնդելու համար, Հասմիկը խնդրեց ինձ դասեր տալ ընկերուհուն: Այդպես անցկացրի մոտ երկու ժամ. Նառայի ձեռքից բռնած' օգնում էի նրան չմշկել սովորել: Ամենայն հավանականությամբ, շփումը չափից դուրս սերտ էր, քանի որ երեկոյան ինձ լուրջ սկանդալ էր սպասում: Մի քանի րոպե Հասմիկի գոռգոռոցը լսելուց հետո չդիմացա ու հեռացա: Նա իհարկե ինձ ներեց, և այդ ժամանակից ի վեր մենք միասին ենք չմուշկ քշում, բնականաբար' առանց ընկերուհիների:

Սևակ, 29 տ.

Խոսում են կանայք

Ես կարծում եմ, որ այդպես երեքով ժամանակ անցկացնելը շատ վտանգավոր է և կարող է բացասական հետևանքներ ունենալ: Թերևս, արժե խուսափել նման իրավիճակներից. Աստված գիտե' դրանք ինչով կարող են ավարտվել:

Եվա, 29 տ.