Այն կանայք, ովքեր անառողջ կենսակերպ են վարում, լուրջ վտանգի տակ են դնում իրենց մաշկի երիտասարդությունը, քանի որ նման ապրելակերպը ծերացնում է մաշկը 10 տարով։ Նման եզրակացության են հանգել միջազգային հետազոտության հեղինակները, ովքեր ուսումնասիրել են 585 կանանց՝ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից ու Իսպանիայից։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով The Telegraph-ին, չափից ավելի արևայրուքը, թարմ մրգերի ու բանջարեղենների պակասն օրգանիզմում, ինչպես նաև ծխելու վնասակար սովորությունը մաշկի արագ ծերացման գլխավոր պատճառներից են։ Մասնագետները պարզել են, որ կենսակերպը 33%-ով որոշում է կնոջ մաշկի թարմությունը։
Հետազոտության մասնակից Էնդրյու Մայեսը նշել է, որ թեև մաշկի ծերացման գործում ամեն ինչ 50%-ով կախված է տվյալ անձի գենետիկայից, սակայն կենսակերպը ևս ահռելի դերակատարում ունի։
Ընդհանուր առմամբ 8 տարի տևած հետազոտությանը մասնակցել են 45-75 տարեկան կանայք՝ Մեծ Բրիտանիայից, 30-70 տարեկան կանայք՝ Իսպանիայից, 25-70 տարեկան կանայք՝ Չինաստանից։ Մասնակիցներին առաջարկվել է պատասխանել իրենց ապրելակերպին վերաբերող մի շարք հարցերի՝ այրևայրուք ընդունելու հաճախակիությանը, ատամների առողջությանը, մրգերի և բանջարեղենի օգտագործմանը, ծխելու սովորությանը, ինչպես նաև մաշկը խոնավացնելու համար անհրաժեշտ պրոցեդուրաների հաճախականությանը։
Ուսումնասիրելով հարցվածներից յուրաքանչյուրի պատասխանները՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ վատ կենսակերպ վարող կանայք 10 տարով ավելի ծեր տեսք ունեն, քան նրանց «ողջամիտ» ընկերուհիները։