Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար։
Կաթողիկոս Վազգեն Ա
Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը:
Պարույր Սևակ
Հայոց հոգևոր երգի Տիրամայրը՝ Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին (Սվետլանա-Լուսինեն, Լուսինեի անունը Սվետլանայի հայերեն թարգմանությունն է: Որպես երգչուհի այդ անունով սկսեց հանդես գալ 1965 թվականից: Այստեղ վճռական եղավ երգչուհու բարեկամի և ընկերոջ' Խորեն Պալյանի միջամտությունը: Նրա ջանքերով հայտագրերի վրա երևաց Լուսինե Զաքարյան անուն-ազգանունը, որով և հանրահայտ դարձավ ամենուրեք) Վրաստանի Ախալցխա քաղաքում:
Երաժշտության նկատմամբ նրա հակումը պատահական չէ, քանի որ նրա պապիկը (մայրական կողմից) Պետերբուրգի կայսերական օպերայի մեներգիչ' Իոսիֆ (Հովսեփ) Տոմաշևիչն էր, ով իր ձայնը մշակել էր նախ Պետերբուրգում, հետո՝ մեկնել Իտալիա: Դարասկզբին Տոմաշևիչը Պետերբուրգի օպերային թատրոնի մեներգիչներից էր, Շալյապինի բարեկամը և ընկերը, ձայնային հարուստ տվյալներով օժտված մի իսկական բոս-պրոֆունդո:
Մինչև դպրոց գնալը աղջիկը մտածում էր դերասանուհի դառնալ: Տատիկի հին գզրոցներում նա տեսել էր աշխարհահռչակ դերասանուհիների նկարներ: Տոմաշևիչի թողած թղթերում կար «Պետերբուրգսկիե վեդոմստի» լրագրի մեկ համարը, մի սքանչելի դերասանուհու լուսանկարով: Թատրոնը նրա համար դառնում էր պաշտամունքի վայր:
Ախալցխայի թատրոնը երկու ստուդիա ուներ' հայկական և ռուսական: Նա գիտեր, որ Հովսեփ Տոմաշևիչը, Կառուզոյի ժամանակակիցը, Իտալիայում կրթություն ստացած Շայլապինի մտերիմ ընկերը և իր պապը ժամանակին երգել է ռուսական դրամատիկ թատրոնում: Մի անգամ, երկար թախանձանքից հետո, մայրը նրան տարավ Մ. Գորկու «Հատակում» պիեսի ներկայացմանը: Յոթ-ութ տարեկան էր: Պատերազմը ավարտվել էր, հին բեմը մի կերպ վերակառուցել էին: Դահլիճում ցուրտ էր և անախորժ: Եվ չնայած դրան՝ լույսերի մեջ փայլող բեմը Լուսինեին անիրական երազ էր թվում: Երբ երևացին ինքնագործ խմբի դերասան-դերասանուհիները, և բեմը աստիճանաբար կենդանացավ, երեխայի հոգում ծաղկեց երջանկությունը:
1952թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Երևան: Լուսինեն հաճախում է տեղի երաժշտական դպրոց: 1957թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին, որտեղ արդեն նկատվել է երգչուհու տաղանդը: 1970-83թթ եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Այդ ընթացքում նաև երգել է Էջմիածնում' հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում: Գերազանց կատարել է միջազգային օպերային, ինչպես նաև' հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: Մեծ ռեպերտուարի շնորհիվ' նրա երգերը ներգրավվել են համաշխարհային բազմաթիվ հավաքածուներում, այդ թվում' Ռուսաստանում թողարկված «Ավե Մարիա» երաժշտական ալբոմում: Հրաշալի և անթերի է կատարել Կոմիտասի հոգևոր երգերը և տաղերը: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Մահացել է 1992 թ. 30 դեկտեմբերի 30-ին, Երևանում, աճյունն ամփոփված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:
Լուսինե Զաքարյանի և Խորեն Պայլանի սիրո պատմությունը
Խորեն Պալյանը 1946-ին ներգաղթելով հայրենիք՝ միջնակարգն ավարտելուց հետո սովորել և ավարտել է Ս.Էջմիածնի հոգևոր ճեմարանը: 1955-ի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1962-ին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ: Ս. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:
Հենց Էջմիածնում էլ նա հանդիպում է Լուսինե Զաքարյանին:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Կ. Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» գրքից մի փոքրիկ հատված:
1955-ին Խորենը արդեն ճեմարանում էր:
Փոքրիկ, մաքուր, միշտ հավաք ու կոկ վանական խուցը, ուր ապրում էր Խորենը, հաճախ էր զրնգում շարականների և մեղեդիների կատարումներից: Երգիչ դառանալու մի թաքուն հույս էր փայփայում երիտասարդ վանականը: Կոմիտասի սրբա-սուրբ նկարի տակ նախ կախել էր մոր նվիրած ընտանեկան խաչը և հավատացյալի նվիրումով զբաղվում էր հայ հոգևոր ու տոհմիկ երգերի ուսումնասիրությամբ, մեկնաբանումներով ու կատարումներով: Դժվար չէր նրա համար ճեմարանում սովորելը: Նա համարվում էր ճեմարանի լավագույն ուսանողը:
Լուսինեի հետ ծանոթությունն ու մտերմությունն այն արդյունքն ունեցավ, որ արդեն ճեմարանավարտ Խորեն Պայլանը հայտնվեց Երևանի կոնսերվատորիայում' Արմինե Քարամյանի մոտ:
Գիտեր արդեն Արմինե Արտյոմովնան, որ երիտասարդ վանականը փորձում է պատրաստվել բեմական կարիերիայի համար: Դժվար չէր տեսնել, որ Լուսինեի ընկերը օժտված է բնական, հավասարակշիռ ու գեղեցիկ բարիտոնով:
Արմինե Արտյոմովնան նրան մի քանի արիաներ հանձնարարեց և պարապմունքների ընթացքում համոզվեց, որ Խորենը հայ հոգևոր երգի ոչ միայն հմուտ կատարող է, այլև քաջատեղյակ մասնագետ: Ապշեցուցիչ էր նրա հիշողությունը: Անգիր գիտեր համարյա բոլոր շարականները, մեղեդիները, տաղերը, գանձերը, հայ գեղջուկ ու քաղաքային երգը, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Կարա-Մուրզա, վերջապես հայրենակցի' մեծ երգահան ու երաժիշտ Ներսես Շնորհալու բովանդակ ստեղծագործությունը:
Վանական զգեստները փոխած Խորենը իր տարիքից փոքր էր երևում. կարճ խուզած փոքրիկ մորուքը նրան անպատեհ հասունություն էր հողորդում: Սարկավագը զուսպ էր իր պահվածքի մեջ, և, չնայած դրան, Լուսինեն կարողանում էր տեսնել հոգու խորքում զսպված զգացումի տառապանքը: Խոսում էր արևմտահայերենի և արևելահայերենի վայելուչ փոխընդգրկմամբ:
Արմինե Արտյոմովնայի հարկի տակ նրանք իրենց զգում էին ինչպես հարազատի տանը:
... Երիտասարդ վանականը Լուսինեին ուղեկցում էր մինչև Շահսուվարյան փողոցի անկյունը և ետ դառնում: Տարօրինակ զգացում էր ունենում աղջիկը, երբ Խորենը հատու քայլվածքով կտրում էր փողոցը և իջնում մոտիկ կանգառը: Նրան թվում էր, որ այդ լրջախոհ տղան զինվորական պիտի լիներ' մինչդեռ իրականում նա իրարամերժ երկվության միասնություն էր: Հոգևոր ծառայությունը' ինքնաժխտումի պես, և երգը անիրական հայտնության պես, տվայտում էին զգացումունքային վանականին, որը ոչ միայն աղոթել գիտեր, այլև' պաշտել, ոչ միայն երգել, այլև' սիրել: Սիրե՜լ: Սերը ծաղկում էր նրա շուրջ: Եվ նա ամաչում էր դրանից ավելի շատ, քան իր արտաքինի ու ներքին էության անհամապատասխանությունից: Հենց որ ժամերգությունից հետո իջնում էր իրիկնային լռությունը, տաք ու հարմարավետ խցի կիսամութի մեջ վառվող մոմի պլպլոցի տակ, այցի էր գալիս մենությունը ... օդեղեն ոլորտներից իջնում էին երազները, անուրջները ...
Լուսինեն ինքն էլ չէր նկատում, թե ինչպես հետզհետե կյանքը անհնար է դառնում առանց երիտասարդ վանականի: Խորենին տեսնելը դառնում էր անհրաժեշտություն:
Խորենը անձով ու հետաքրքրություններով լցնում էր Լուսինեի ողջ կյանքը: Նրանց հանդիպումները ավելի որոնվող մեղեդի էր, քան կրկներգը հայտնի երգի: Լուսինեն սարկավագի խնամքոտ հոգատարության մեջ գտնում էր ոչ միայն զգուշավորության չափ հպանցիկ զգացմունք, այլև իր էության ենթագիտակցական գնահատություն: «Մի՞թե ես արժանի եմ դրան», - երբեմն հարցնում էր աղջիկը ինքն իրեն և պարապմունքների ժամանակ փորձում ցույց տալ, որ ոչինչ չի մոռացել:
Այն ամենը, ինչ պատմում էր Խորենը ոչ միայն նորություն էր, այլև անչափ գրավիչ: Սարկավագը նրա մեջ արթնացրեց շատ բան. հայոց հին մեղեդիների վաղնջական ու մաքուր պարզության մեջ Լուսինեն գտավ սեփական էությանը ներդաշնակող համընկնումներ: Իր ժողովրդի պատմությունը, որ չէր սովորել դպրոցում, Խորենի շուրթերին' դառնում էր խոր տագնապներով լի հոգևոր ինքնահայտնաբերում:
Շահսուվարյան փողոցում արդեն բոլորը գիտեին երիտասարդ վանականին: Գալիս էր և անմիջապես անցնում պարապմունքի: Դաշնամուրի մոտ նստած, նա ժամերով պատմում ու բացատրում էր ոչ միայն հայոց հին երգերի կատարման մանրամասնությունները, այլև թարգմանում էր դրանց բովանդակությունը, մխրճվում ծիսակատարությունների, տոների, բիբլիական առասպելների ու կերպարների մեկնաբանությունների մեջ:
Արդեն մի քանի անգամ վանքում կատարել էր «տեր ողորմեան», որ Կոմիտասի ստեղծագործության հազվագյուտ գլուխգործոցներից է: Խորենը մի անգամ անդրադարձավ դրան:
- Գիտե՞ս, թե երբ և ինչպես է գրվել ու պատարագի մեջ մտցվել «Տեր ողորմեան»: Չգիտե՛ս: Գիտե՞ս, թե ինչպես է 1915 –ին Կոմիտասը մշակել մեղեդին և ինչ հանգամանքներում:
- «Տեր ողորմեան» հնագույն մեղեդի է: Ան կկատարվեր ցասման ժամին մեջ, ժողովրդին վերահաս աղետներու ժամին' կոտորած, թշնամու ներխուժում, արշավանքներ, բնական աղետներ' երաշտ, ժանտախտ, մորեխ: XVII դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսը գրեց մի տաղ, որ պիտի երգվեր այդ «Տեր ողորմեայի» հետ, ան կկոչվեր «Արի աստված»: Հետագայում, XIX դարի վերջերին մտցվեց պատարագի մեջ:
Խորենը զարմանում էր Լուսինեի կատարման բնականության ու ճշգրտության վրա: Եվրոպական դասական երգի, ռուսական ռոմանսի, սերենադի, օպերայի արիաների, օրատորիաների, վոկալ շարքերի վրա ճաշակը կրթած ուսանողուհին անսպասելի գտնում էր իրենը' վաղուց կորցրածը, նախածանոթն ու նախահիմքայինը: Նա դիմում էր հայ երգին ասես բնազդական ու տարերային մղումով, չհասկանալով, թե ինչու և ինչպես է այն ողողում իր էությունը, դառնում միս ու արյուն, ապա հորդում որպես սեփական հոգու ինքնաարտահայտություն, որպես ինքնախոստովանություն:
Ի՞նչ էր դա արդյոք, գեների կանչ, անձնական մաքրության ու առաքինության անդրադա՞րձ, թե խանդավառ նվիրումն լույսին, արդարությանն ու ճշմարտությանը: Խորենը զգում էր, հասկանում, որ Լուսինեն կարողանում է թափանցել երգի հեռավոր հեթանոս ակունքները: Եվ դա նրա ձայնի ֆիզիոլոգիական և միաժամանակ հոգեղեն առանձնահատկությունն էր, մի բնատուր, ոչ ձեռքբերովի բան, մի խոր ու թաքուն հրճվանք' բարոյական մաքրության և առաքինության հանձնարարելի պատվիրանների ինքնակամ կատարումից ծնունդ առնող գոհության և խանդավառության զգացում, որ իրենով ծածկում է ամեն ինչ' մարդկային կյանքի փուշը և խարանը, դառնությունը և դաժանությունը: Ասես թե Լուսինեի ձայնը սահմանազատում էր լույսը խավարից, դա այն նուրբ, ուժեղ լուսավոր գոտին էր, որով լուսաբացը անջատվում էր գիշերից, և մարդկային հոգիները սկսում էին միմյանց կանչել արշալույսի միջից և փնտրել իրար և գտնելուց հետո արտասվալից հրճվանքով պատմել միմյանց, թե ինչքան ծանր ու անտանելի է մարդկային միայնությունը, ինչքան պարապ' վրեժխնդրության զգացումը, ինչքան անիմաստ' դաժանությունն ու կեղծիքը, երբ կա լույսի այս մաքուր ու տաք զվարճախաղը, այգաբացի այս մտերիմ ու պարզ ձայների երջանիկ ներդաշնակությունը, ծաղկի, քարի, ջրի, զեփյուռի բարեկամությունն արևի հետ, խնդության, լացի, ժպիտի, մնացած հույզերի բազմակերպությունն ու բազմիմաստությունը և վերջապես հովտում կանգնած միայնակ կնոջ պարզ գոյությունը, որով շենանում ու լիանում է աստծո աշխարհը:
Խորենը ընբռնեց, որ այս թուխ ու թեթևոտն աղջիկը իր էության մեջ ունի մարդկանց հաշտեցնելու և մաքրելու մեծ ուժ, որ բնական շիթով զարկում է նրա երգի մեջ որպես մաքրագործման հրավեր: Լուսինեն լցվեց նրա էության մեջ, բարձրացավ ու հառնեց որպես անսպասելի հայտնություն:
Որպես հայ հոգևոր և ժողովրդական երգերի հմուտ կատարող Խորեն Պալյանը հանդես եկավ Լուսինեի հետ միաժամանակ: Նրա համերգային գործունեությունը 60-ական թվականների կեսերին շատ բանով նպաստում էր սկսված գեղարվեստական առաջընթացին: Նա հանդես էր գալիս մենահամերգներով, որ ժամանակի մամուլը բարձր է գնահատել, ընդգծելով երգչի կատարումների հայաշունչ մաքրությունն ու գեղեցկությունը:
Խորեն Պալյանը բեմահարթակից հնչեցնում էր հայ հինավուրց երգերը, վեր հանում ժողովրդական և դասական մեղեդիների մոռացված հմայքը, մասսայականացնումը հայրենասիրական ու քաղաքային երգարվեստի հնօրյա արժեքները:
Խորենը կողմնորոշում և ուժ էր տալիս Լուսինեին: Համատեղ համերգներում դրսևորվում էր վոկալի և հայ տոհմիկ երգի մասնագետի ոչ միայն հմտությունը, այլև կատարումների թարմությունը, որ շահմուրադյանական կողմնորոշումներից բացի, ուներ նաև հոգևոր երգարվեստից եկող գունա-արտահայտչական ինքնատիպություն:
Խորեն Պալյանը դարձավ Լուսինեի ուղեկիցը, խորհրդատուն և անբաժանելի ընկերը: