Շատ նրբահամ և հեշտ պատրաստվող աղանդեր է: Պատրաստելը Ձեզնից կխլի մոտավորապես 5 րոպե, բայց հավատացած եղեք' նույնքան ժամանակ հետո էլ Դուք ամբողջը կուտեք: Շտապեք. ժամանակը գնաց…
Հարկավոր է'
4 ճ/գ ալյուր,
4 ճ/գ շաքարի փոշի,
2 ճ/գ կակաոյի փոշի,
1 ձու,
3 ճ/գ կաթ,
3 ճ/գ բուսական անհոտ յուղ,
1/3 թ/գ սոդա,
200 գ կաթնաշոռ,
200 գ յոգուրտ,
100 գ մուրաբա:
Ըստ Ձեր ճաշակի ' մրգեր, հատապտուղներ, ընկույզ կամ շոկոլադ:
Սկսում ենք կեքսի պատրաստումը: Վերցնում եք մի բաժակ, ցանկալի կլինի հրակայուն պլաստմասե, որ դնեք ջեռոցը: Բաժակի մեջ լցնում եք ալյուր, շաքարավազ, կակաո և սոդա: Խառնում իրար: Այդ փոշի զանգվածի վրա ավելացնում եք նաև ձուն, հարում, հետո լցնում նաև կաթը և բուսական յուղը: Մի լավ խառնում եք, ստացվում է պինդ խմոր: Լավ կլինի, եթե Ձեր ստացած զանգվածը բաժակի կամ ամանի տակ բարակ շերտ լինի, քանի որ խմորը շատ է բարձրանում թխվելու ժամանակ:
Դնում եք ջեռոցում մաքսիմալ ջերմաստիճանի տակ 3 րոպե: Այդ ընթացքում խմորը գլխարկի նման բարձրանում է:
Մինչ կանցնեն այդ երեք րոպեները, հարում եք կաթնաշոռն ու յոգուրտը: Այնուհետև ջեռոցից հանում եք արդեն թխված զանգվածը, թողնում՝ մի քիչ հովանա: Այդ ընթացքում բարձրությունը կարող է մի քիչ նստել, մի անհանգստացեք:
Կեքսը հովանալուց հետո բաժակը շրջում եք ափսեի մեջ, և այն հեշտությամբ առանձնանում է կաղապարից: Ահա, թե ինչու է հարկավոր պլաստմասե կաղապար:
Հենց այսպես թխված վիճակում էլ կարող եք վրան ցանել շաքարի փոշի և ուտել կամ պատել կրեմով՝ նոր: Բայց կա նաև շատ ավելի օրիգինալ տարբերակ: Կտրատում եք կեքսը խորանարդիկների: Մատուցվող բաժակի կամ ափսեի հատակին լցնում եք հարված յոգուրտը կաթնաշոռի հետ և վրան դնում 3 հատ խորանարդիկ:
Այնուհետև մի շերտ ավելացնում ենք նաև մուրաբա ու այսպես հերթականությամբ իրար հետևից դասավորում ենք մնացած խորանարդիկները: Գեղեցիկ դիզայնը կատարյալ դարձնելու համար կարող եք շոկոլադի քերուկներ, ընկույզ ցանել վրան կամ պարզապես մրգային համ ավելացնել:
Ահա և վերջ, պատրաստման 5 րոպեն անցավ, մնաց երջանկությամբ վայելելու 5 րոպեն:
Հաճելի զգացողություններ…