Դու միշտ սպասել ես նրան՝ քո վերջնական միակին...նրան, ով տարբեր ժամանակներում տարբեր էր քո երևակայության մեջ՝ կապուտաչյա և բարձրահասակ, սևահեր ու թիկնեղ, կենսուրախ և հումորով, ինչու չէ՞, աստղագետ կամ տնտեսագետ...Լավ, արի՛ աստղերից իջնենք, չէ՞ որ հնարավոր է դու հանդիպես նրան, ով երբեք մոտ չի եղել քո պատկերացումներին. նա ո՛չ տնտեսագետ է, ո՛չ աստղագետ, այլ անասնաբույժ՝ կարճահասակ և մտախոհ...:

Պատրաստեց' Գայանե Ասրյան

Հոգեբան' Մանուկ Խաչատրյան

Մենք ներկայացնում ենք իրական պատմություններ. մեր հերոսուհիները խոստավանել են, որ երբևէ նման անհավանական սիրավեպի մասին չեն էլ մտածել, բաց արի ու տես, որ խճճվել են...նրանք հանդիպել են, այսպես ասած, թեորեմից դուրս՝ չապացուցվող տղամարդու...

Գրասենյակային սիրավեպ, որին հաջորդեցին անքուն գիշերներ

«Նա իմ ղեկավարն է: Ես հիանում եմ նրանով արդեն վեց տարի: Ուզում եմ անկեղծ լինել, ես սիրահարված եմ, առանց նրա չեմ պատկերացնում անգամ կիրակի և տոնական օրերս: Հարմար առիթը երբեք բաց չեմ թողել նրա հետ լինելու: Համոզված եմ՝ նա էլ անտարբեր չէ, բոլոր գործնական կարևոր հանդիպումներին խնդրում է, որ ես իրեն ուղեկցեմ, իսկ որպես շնորհակալություն ինձ հրավիրում է խմելու: Պատմում է բոլոր խնդիրների մասին. ես գիտեմ նրա անձնականից գրեթե ամեն ինչ: Սակայն կա մի սահման, որ երբեք երկուսս էլ չենք անցնում: Երբ հարմար առիթ է լինում իրար ֆիզիկապես մոտ լինելու' նա փախչում է: Ես հասկացել եմ, որ նա հավատարիմ տղամարդ է և շատ է սիրում իր կնոջը: Սարսափելին այն է, որ առաջացել է մեծ կապվածություն, որից չեմ կարողանում կտրվել: Ես նրան ուրիշ աչքով չեմ կարողանում նայել, ահա պարզ պատճառը, թե ինչու եմ դարձել հարբեցող, նյարդային, գիշերները ուշ քնող և ծույլ (ծիծաղում է): Իմ մոտ դեպրեսիա է»:

Նարինե, 28 տ.

Հոգեբանի վերլուծությունը: Գուցե պետք է մեկ անգամ ևս վերանայել հարաբերությունները, մի լավ ծանր ու թեթև անել, գուցե դու ուղղակի հոգատար և վստահելի աշխատող ես նրա համար և քո ենթադրությունների մեջ շտապել ես: Իսկ նա երբևէ քեզ իր զգացմունքների մասին ակնարկե՞լ է: Ահա ամենակարևոր հարցերը, որոնց վրա պետք է կենտրոնանաս...

Նախ պետք է այստեղ հասկանաս, արդյո՞ք ցանկանում ես իսկապես դադարեցնել հարաբերությունները նրա հետ այն պարզ պատճառով, որ հարաբերությունը չի կարող շարունակվել: Եթե այո՛, ուրեմն պետք է ջանքեր գործադրել, քանի որ ձեզ համար էլ երևի նորություն չէ այն, որ «գիտակցականով զգացումները կառավարելը» նույնն է, թե «սրտին հրամայելը»: Բավականին բարդ գործ է, բայց, ո′չ անհնարին: Ցանկացած բան անելու համար հարկավոր է ցանկություն, այնուհետև դա իրագործելու մոտիվացիա:

Իսկ ինչպե՞ս հեռանալ, որ սիրտդ շատ չցավի...խուսափիր նրա հետ երկար խոսակցություններից ու հանդիպումներից, կամաց-կամաց սահմաններ գծիր (նա կհասկանա քո քայլերի տրամաբանությունը): Եթե վստահ ես ուժերիդ, որ կարող ես հենց նրա ներկայությամբ զգացմունքներդ զսպել, կառավարել ու սառեցնել, ուրեմն դու ԵՐԿԱԹԵ ԼԵԴԻ ես: Եթե ոչ, ուրեմն սկսիր փնտրել նոր աշխատանք ու դադարիր կենտրոնանալ նրա վրա, մտածիր, գուցե նոր աշխատավայրում է ՔՈ ԱՍՊԵՏԸ և ոչ' այլուր...

Անսպասելի հանդիպում այգում, իսկ շարունակությունը' facebook-ում

«Նրան հենց առաջին անգամ տեսա իր փոքրիկի հետ այգում զբոսնելիս: Այնքան սիրառատ հայացքով էր նայում իր փոքրիկին, այնքան հիացմունք կար աչքերում, որ անտարբեր լինել չէի կարող: Մոտեցա և թաքուն ծիկրակեցի'հրաշալի կապուտաչյա աղջնակ: Նա զգաց իմ ոգևորությունը, նստարանին տեղավորվեց կողքիս և սկսեց ինձ պատմել փոքրիկի նախասիրությունների ու չարաճճիությունների մասին: Մոտ երկու ժամ զրուցեցինք: Ես իմ մանկությունը հիշեցի, նա՝ իր: Անցավ երկու շաբաթ ու նորից նույն այգում հանդիպեցինք. այս անգամ նա կնոջ հետ էր: Մոտեցավ, բարևեց, ծանոթացրեց կնոջ հետ: Դարձանք Facebook-ի լավ ընկերներ: Մեր խոսակցության թեմաները ժամանակի ընթացում փոխվեցին: Հանկարծակիի եկա, երբ կեսգիշերից հետո գրեց՝ «Փո՛քրս, գնա քն՛իր, գրկում եմ քեզ»: Ես արդեն վաղուց զգում էի, որ ծանոթության սահմանները ջնջվել են, բայց և չէի սպասում նման բացահայտ խոստովանություն: Չգիտեմ ինչ անել, չեմ կարող ՛ոչ շարունակել, ո՛չ էլ միագամից կապերս խզել: Ամեն օր տրամադրվածությունս փոխվում է, մտածում եմ, եթե իմ հանդեպ անտարբեր չի, գուցե շարունակեմ, սակայն մյուս կողմից հնարավոր է' նա ընդամենն ինձ հարազատ է համարում, և ես անհիմն տանջում եմ ինձ: Այնքան տարված եմ նրանով, որ ինձ թվում է, թե նա իմ միակ տղամարդն է, և նրանից բացի ես ուրիշ ոչ մեկին չեմ կարողանա սիրել:
Հուսահատված եմ...»:

Լիլիթ ,26 տ.

Հոգեբանի վերլուծությունը: Ընդհանրապես կինը, աղջիկը, եթե սիրահարվում է իրենից տարիքով մեծ տղամարդու, ապա ամենայն հավանականությամբ իրեն պաշտպանված զգալու, ապահով ու ուժեղ ձեռքերում լինելու կարիք ունի: Մյուս դրդապատճառը կարող է լինել այն, որ նա ձգտում է հասուն հարաբերությունների, որում տղամարդը հասուն ու կայացած է:

Դու պետք է փորձես ընդունել, որ սիրահարվելը տարիքով մեծ տղամարդու, ամենևին էլ հանցանք չէ: Անընդհատ և միայն մտածելով ստեղծված իրավիճակի մասին, դու ոչ մի այլ բան չես նկատում: Դա կոչվում է «թունելային ուշադրություն», երբ ուշադրությունդ կենտրոնացնում ես միայն խնդրի վրա և դրանով իսկ չես տեսնում հարցի լուծման ելքեր:

Դու ինքդ խոստովանում ես, որ նա լավ ընտանիք ունի, հետևաբար քեզանով հետաքրքրվելու մի քանի պատճառ ունի: Նախ' հնարավոր է, որ ուզում է լավ ընկեր ունենալ և համոզված է, որ ճիշտ մարդ է ընտրել' ամուսնացած լինելով հանդերձ ընկերություն անելու համար: Երկրորդ՝ գուցե ցանկանում է ամուսնությունից հետո իրեն դեռևս կանանց կողմից պահանջված զգալ (նման տղամարդիկ շատ են, ինքնահաստատման խնդիր է հիմնականում): Եվ երրորդ' հնարավոր է՝ սիրահարվել է:

Որոշողը դու ես, թե ինչ ընթացք տաս հարաբերություններին: Եթե չես ուզում խարխլել նրա ընտանիքը, հեռացիր լուռ և վստահ քո քայլերի մեջ, քանի որ դու դրա համար հիմնավորումներ ունես:

Հ.Գ. Մտածի´ր, արժե արդյոք շարունակել ապացուցել անապացուցելի թեորեմը, թե կիսատ թողնել այն...միայն հիշի´ր' մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և սիրում է ռոմանտիկ տրամաբանողներին...