Այսօր հայաստանյան դպրոցներում հնչեց «Վերջին զանգը», որն ամեն տարի, անկախ այն բանից, թե երբ ենք ավարտել դպրոցը, բոլորիս ստիպում է վերհիշել դպրոցական տարիները: Lurer.com-ի հետ «Վերջին զանգի» իր հիշողություններով կիսվեց հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը։
-Ամենատպավորիչն այն էր, որ առաջին անգամ հենց «Վերջին զանգիցս» առաջ եմ սափրվել: Ու դա մի քիչ ավելի դառը հիշողություն է, որովհետև յուրաքանչյուր տղամարդու եթե հարցնեք, կհաստատվի այն, որ առաջին անգամ սափրվելուց հետո դեմքդ ասես այրվում է: Ու իմ կյանքի այդ ամենապայծառ օրը իմ դեմքն ահավոր մրմռում էր:
Այդ ամենին գումարվել էր նաև մայիսյան շոգն ու կիզիչ արևը, ինչի հետևանքով մարդ քրտնում է, և դեմքս ավելի էր գրգռվել: Դաժան էր, թեև չեմ փորձում կենտրոնանալ դրա վրա՝ «Վերջին զանգս» հիշելիս:
Ինչպես պարզվեց, թեև Հրաչը սովորել է մի քանի դպրոցում, սակայն համադասարանցիների հետ շփումն առայսօր պահպանվում է։
-Սկզբնական կրթությունս կիսատ թողեցի և այն շարունակեցի Մոսկվայում, ապա վերադառնալով Հայաստան՝ կրկին միացա հին դասընկերներիս, և հենց այստեղ էլ ավարտեցի դպրոցս: Այժմ էլ, իհարկե, կապ պահպանվում է նրանց հետ, թե՛ հանդիպումների և թե՛ սոցկայքների միջոցով:
Հեռուստահաղորդավարը խոստովանեց, որ շատ աշակերտների պես, ինքն էլ բացառություն չի եղել և հասցրել է անկարգություններ անել դպրոցում.
-Ես ռեալ ապրող մարդ եմ ու ընկերներիս հանդիպելիս քիչ ենք ընկնում անցյալի հիշողությունների գիրկը, ավելի շատ զրույցը լինում է այսօրվա կամ ապագայի ծրագրերի մասին:
Թե չէ ես ևս բացառություն չեմ եղել և պատկանել եմ այն աշակերտների թվին, ովքեր և փախել են դասից, և մատյան են գողացել…
Մեզ նաև հետաքրքրեց՝ մի՞թե Հրաչն այն մարդկանց շարքին չի դասվում, ում առաջին սերը հենց դպրոցական տարիների լավագույն հիշողություններից է:
-Լավ տեղեկացված եք (ծիծաղում է), այո՛, կա տենց բան: Ավելի ճիշտ՝ ավելի լուրջ առաջին սերը հենց դպրոցում է եղել։ Հստակ չեմ մտաբերում, բայց միջին դասարաններում էի սովորում: Նա էլ համադասարանցիս էր:
Ինձ թվում է, մենք չէինք հասունացել դեռ, շատ երեխայական հոգեվիճակ էր, երբ ամեն ինչ թրթռում է ներսումդ, երբ չգիտես ինչ անես, ասես, խոսես, ձեռնարկես: Մի տեսակ ցայտնոտային իրավիճակում ես լինում:
-Արդյո՞ք զգացմունքը փոխադարձ էր, եթե այո, որքա՞ն տևեց այդ «սիրավեպը»։
-Ի ուրախություն ինձ՝ երկկողմանի զգացմունք էր, թե չէ կնախընտրեի շրջանցել թեման և չէի կիսվի Ձեզ հետ (ծիծաղում է):
Եթե ասեմ երկար տևեց, սուտ կլինի. որպես սեր սկսվեց, հրապուրանքով անցավ:
Զրուցեց՝ Ռուբինա Հակոբյանը