Անդրադառնալով Մոսկվայում կայացած «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը՝ Շուշան Պետրոսյանը նշել է, որ մրցանակաբաշխությունը չի խանգարել «Եվրատեսիլին», և մարդիկ հնարավորություն են ունեցել և՛ դիտելու, և՛ քվեարկելու։ «Ինչի՞ պետք է խանգարեր, ժամի առումով ընդհանրապես չի խանգարել, մենք «Տաշիրից» վերադարձել ենք հյուրանոց և նայել ենք, ի՞նչն է խանգարել։ Քվեարկելու համար ժամի առումով այդպես բան չի եղել։ Հայի համար ի՞նչն է կարևոր. մերոնց կատարումը տեսնել։ Երկու համար էր անցել, արդեն հյուրանոցում էինք, արհեստական բաներ պետք չի սարքել»,- terta.m-ի հետ զրույցում ասել է նա։
Ինչ վերաբերվում է «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ-երգչուհու ընտրությանը, ապա Շուշան Պետրոսյանը համաձայն չէ։ Նշենք, որ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը: «Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարին այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանը այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն։ Կարծում եմ, որ մտերիմ, հեռու, այդ բաներից պետք է ազատվել։ Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»,- նշեց երգչուհին։