Թեյն ըմպելիք է, որը ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման կամ թորման արդյունքում: Թեյ է նաև կոչվում ինքը' այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը: Բույսի լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ: Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում:
Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում: Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը 50-սմ-ի: Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր' մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով:
1664 թվականից անգլիական արքունիքի կողմից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք: 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութներ ու թեյարաններ:
Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812 թվականի Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818 թվականից մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դարի երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։Ներկայումս գոյություն ունի ավելի քան 3000 տեսակ թեյ, որոնցից ամենաշատը մարդիկ օգտագործում սև ու կանաչ թեյերը:
Կանաչ թեյն օգնում է վերականգնել հիշողությունը, բարձրացնում է դիմադրողականությունն ու աշխատունակությունը, օգնում է թարմանալ: Այն ոչ միայն խմում են, այլ ընդունում են կոնցենտրացված հաբերի տեսքով, իսկ ոմանք անգամ ուտում են վերջինիս թերթիկները, որովհետև այն ունի նիհարեեցնող հատկություն: Այդուհանդերձ, չի կարելի սնվել սրտի ուզածի չափ' չհետևելով սննդակարգին:
Ի դեպ, կանաչ թեյի սխալ պահպանման կամ թրմելու պատճառով, այն կարող է կորցնել իր բոլոր օգտակար հատկությունները:
Հարկ ենք համարում նշել, որ նիհարել ցանկացող կանայք օրվա ընթացքում պետք է խմեն մեկ լիտր կանաչ թեյ, ինչպես նաև օգտագործեն գազազրկված հանքային ջուր ու կարողանան հրաժարվել երեկոյան ժամերին սնունդ ընդունելուց: