Ուսումնասիրությունների արդյունքում ստացված վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի 25 տարեկան յուրաքանչյուր 10-րդ քաղաքացին մուսուլման է: Իսլամ դավանողների թվի կտրուկ աճին զուգահեռ նկատվում է նաև երկրի քրիստոնյա բնակչության ծերացում: Սա կարող է հանգեցնել նրան, որ 10 տարուց իսլամը լինի գերիշխող կրոններից մեկը Բրիտանիայում, հայտնում է tert.am-ը` հղում տալով newsru-ին:
Ըստ RT.com-ում հրապարակված տվյալների՝ Ազգային վիճակագրության վարչության (ONS) կողմից 2011-ին անցկացված մարդահամարի տվյալների նոր վերլուծությունը ցույց է տվել, որ քրիստոնյաների թվաքանակը նվազում է 50 տոկոսով ավելի արագ, քան նախկինում: Նախկին տվյալների համաձայն այդ ցուցանիշը կազմում էր 15 տոկոս, որը, ըստ ONS-ի տեղեկության, ստացվել էր արտերկրում ծնված քրիստոնյա 1,2 մլն միգրանտների շնորհիվ:
Տվյալների կրկնակի վերլուծությունը ցույց է տվել, որ քրիստոնյաների մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի մարդիկ են: Առաջին անգամ հարցված երիտասարդների փոքրամասնությունն է միայն իրեն քրիստոնյա անվանել:
Ինչպես հայտնել է Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի մամլո քարտուղարը, այն, որ 10-ից միայն 6-ն է իրեն քրիստոնյա համարում, խոսում է այն մասին, որ քրիստոնեությունն Անգլիայում և Ուելսում արդեն պարտադիր և մշակութային ավանդույթների կրող կրոն չի համարվում:
Բացի այդ, մարդահամարի տվյալներով՝ ավելացել է նաև հինդուիզմի, սիկհիզմի, բուդդիզմի և հուդիզմի հետևորդների թիվը: