Բարություն
Առանց նախորդ հատկանիշի' այսինքն' խելքի, սա դուրս է գալիս ցուցակից: Աղջիկները հաճախ են փնտրում բարի տղաների, որովհետև մանկուց սովորեցրել են' եթե բարի է, ուրեմն' լավն է, եթե չար է, վատն է: Բայց այս հասկացություններում կան մի շարք նրբերանգներ: Մարդը չար է լինում և´ նախանձից, և´ աշխարհի հանդեպ անվստահությունից: Համաձայնիր, երկրորդն այնքան էլ տհաճ չէ, որքան առաջինը: Նույնն է նաև բարության դեպքում: Լինել բարի, բայց հիմար մարդու կողքին, այնքան էլ հաճելի չէ: Օգուտը նրա բարությունից անցողիկ է, իսկ երբեմն էլ' վնասակար: Իզուր չի հետևյալ ասացվածքը. «Ստիպիր հիմարին աղոթել, նա ճակատն էլ կջարդի»: Քեզ պե՞տք է նման ուղեկից. կասկածում եմ…
Խելամտություն
Քաջությունն առանց խելամտության փուչ ձևականություն է, իսկ խելամտությունն առանց քաջության' սահմանափակվում է վախկոտությամբ: Եվ, ահա, խելամտությունը' հատկանիշներից ոչ այնքան վատը: Մտածիր ինքդ, էլ ով կարող է նրան ետ պահել ինքնամոռաց գնումներից, եթե ոչ նրա անփոխարինելի ուղեկցողը: Հնարավոր է, որ նա հետ չկանգնի և ծախսի մինչև վերջին դրամը:
Ուրախ բնավորություն
Ուրախ մարդը միշտ դուր է գալիս շրջապատին' ոչ միայն աղջիկներին, այլև մայրիկներին և տատիկներին: Լրջությունը, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ ամեն օր: Հակառակ դեպքում ձանձրույթից դու և կողքիդ գտնվող երիտասարդը պատին դեմ կառնեք: Հումորի զգացումը, ինչպես ասում են, ոչ միայն վնասակար չէ, այլև օգտակար է: Այստեղ ապացուցելու ոչինչ չկա, ամեն ինչ պարզ է:
Խելք
Տղամարդկանց մեջ ամենագրավիչը ոչ միայն գեղեցիկ աչքերն են կամ զարգացած մկանները, այլև ուղեղը: Ինչքան շուտ է տղամարդն ըմբռնում, այնքան մեծ են աղջկան դուր գալու նրա հնարավորությունները, եթե, իհարկե, նա երեկ չի լույս աշխարհ եկել և արդեն ինչ-որ բան հասկանում է այս կյանքից: Այդ փաստը շատ դիպուկ բացատրվում է Դարվինի տեսության մեջ: Նախնադարում գեղեցկությունը, ինքդ ես հասկանում, հարաբերական հասկացություն էր, իսկ, ահա, խելքը' կենսական անհրաժեշտություն: Ով խելացի էր, նա գոյատևում էր և դուր գալիս է գերին: Այնպես որ, տղաներ, կարող եք մեզ հետամնաց համարել, բայց այդ գլխավոր մտածող օրգանը պետք է երբեմն «թափ տալ» (խելքը գլուխը հավաքել):
Քաջություն
Քաջությունը քաղաքներ է գրավում, ինչպես նաև' աղջիկների սրտերը: Մեկը կաշառում է, երբ դժվար իրավիճակներում չի կորցնում գլուխը, չի վախենում հարվածել խուլիգանին և չի ամաչում փախչել քեզ հետ, եթե ուժերի հարաբերակցությունն ակնհայտ նրա օգտին չէ: Ամենակարևորը'չշփոթել: Կան քաջ, ինչպես նաև' անխելք մարդիկ: Երկրորդը քաջության հետ այնքան էլ կապ չունի և դա հիմնականում խելքի պակասից է: Որքանով է հաճելի, երբ ընտրյալդ, ցանկացած հարմար առիթ օգտագործելով, ցանկացած անցորդի գոռում է.«Ա՜խ, թե ոնց հախից կգայի»:
Յուրահատկություն
Համատեղելով յուրահատկությունը վերոհիշյալ հատկանիշների հետ, ստացվում է իդեալական տղամարդ: Չնայած' հարց է ծագում, թե ինչն ենք համարում յուրահատուկ: Կան մարդիկ, ովքեր ներքնազգեստը հագնում են ջինսի վրայից կամ անձեռոցիկը սոսնձում ճակատի վրա: Դա յուրահատուկ է, բայց այդ ամենը մեկ անգամից ավելի անելը կարող է հունից հանել նույնիսկ ամենահամբերատար աղջկան: Ահա յուրահատուկ մտածողություն' չսիրել կնիքը (կապ չունի անձնագրային կնիքի հետ) և կարծրատիպերը: Դա մեր սրտով է:
Ուղղախոսություն
Հաճախ աղջիկները չեն ասում այն, ինչ մտածում են: Մեկն ամաչում է, մյուսը կարծում է, թե դա անքաղաքավարություն է, իսկ երրորդն էլ փորձում է ընդամենը հանելուկային երևալ: Այդ ամենը դատարկություն է: Առհասարակ ամաչելու ոչինչ չկա: Ինչ մտածում ես' հաճելի, թե տհաճ, ավելի լավ է ասել, քան ակնարկել կամ պարզապես լռել: Այդտեղ ոչ մի անքաղաքավարություն էլ չկա, եթե, իհարկե, չես պնդում կարծիքդ այն ժամանակ, երբ պետք չէ: Հանելուկային նույնպեսոչինչ չկա: Ավելին, կարող են առաջանալ մի շարք անհարթություններ, որոնց պարագայում չենք կարող խուսափել վեճերից:
Ճշտապահություն
Այսպիսի մի կարծիք կա' աղջիկները միշտ ուշանում են: Բոլորը հավատում են դրան, նաև' աղջիկները: Այնպես որ, նրանք այս նախատինքներին դիմակայում են ուսերը թոթվելով. ինչ արած, դրանում մենք մեղավոր չենք, այդպես է ընդունված: Տարօրինակ է: Փաստորեն, մետրոյի այն վագոնը, ուր աղջիկ է նստած, մյուսներից դանդա՞ղ է սլանում: Իսկ ճանապարհը, զգալով աղջկա քայլերը, ոլորապտույտնե՞ր է ստեղծում: Ոչ, պարզապես աղջիկները հավատում են այն ամենին, ինչ տարածված է: Եվ նաև նրան, որ երիտասարդներին անհրաժեշտ է սպասեցնել: Դա սխալ է: Ուշացումը կարող է փչացնել գործնական հանդիպումը: Իսկ ժամադրությանը, իմ կարծիքով, ինքդ պետք է ցանկանաս շտապել: Հակառակ դեպքում' ինչո՞ւ ես այն նշանակել:
Լսելու կարողություն
Համաձայնիր' տհաճ է, երբ քննարկումը լինում է' ինչպես դերասանների մասին հին անեկդոտում. «Ի՞նչ եմ անընդհատ իմ մասին խոսում: Դու տեսե՞լ ես իմ վերջին ֆիլմը»: Իհարկե, միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչ նորություններ ունեն մեր ընկերները: Բայց երբ խոսակցությունը վերածվում է նորությունների մի փնջի, այն մասին, թե ում հետ և երբ է եղել զրուցակիցդ, ինչ է տեսել, ինչ է գնել և այդպես շարունակ, գոռալու ցանկություն է առաջանում' իսկ ե՞ս: Մյուսները կարող են պատմել շատ հետաքրքիր պատմություններ: Այնպես որ, կարելի է խոսել ոչ միայն քո մասին, այլև լսել մյուսներին:
Ինքնուրույնություն
Սեփական կարծիք ունենալն այնքան էլ հեշտ չէ: Տղամարդիկ վայելում են հեղինակություն, թվում է' նրանք ավելին գիտեն և ամեն ինչ ավելի լավ են հասկանում: Բայց դա նույնպես նախապաշարմունք է: Չեմ մտաբերում մեկին, որ ապացուցի, թե տղամարդու ինտելեկտն ամենից բարձր է: Խելացի և հեղինակավոր կարող են լինել ոչ թե վերացական տղամարդիկ, այլ կոնկրետ մարդիկ' անկախ սեռից, տարիքից և այլնից: Նրանց էլ պետք է լսել, կենտրոնանալ նրանց վրա, աճել նրանց մակարդակի: Բայց ոչ թե ապրել ամբողջ կյանքը' անտեսելով մնացածների կարծիքը:
Վճռականություն
Եվս մեկ տարածված թյուր կարծիք կամ մոլորություն. բոլոր նախաձեռնությունները պետք է բացառապես տղամարդիկ անեն: Իհարկե, մասամբ դա ճիշտ է, բայց' միայն մասամբ: Ինչո՞ւ աղջիկը չի կարող նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Ոչ մի վատ բան դրանում չկա: Անհրաժեշտ է ունենալ սեփական կարծիք և որևէ բան անելու ցանկություն: Այնպես որ, այս դեպքում ևս կրկին գործունենք հիմար նախապաշարմունքի հետ: Համաձայնիր' ավելի լավ է չսպասել մինչև մեկն ինչ-որ բան անի, այլ ինքդ դա սկսես: Եվ կյանքն ավելի հեշտ կդառնա:
Կայունություն
Կյանքում փոփոխություններն անխուսափելի են' տարիք, դիրք, շրջապատ. անընդհատ փոխվում են հետաքրքրությունները: Սակայն կան բաներ, որոնք պետք է մնան անփոփոխ: Խոսքը վերաբերում է սկզբունքներին: Ավելի վատ բան չկա, քան գաղափարից գաղափար տատանվելը: Տրամադրության փոփոխությունը հիանալի է: Այն թույլ է տալիս տարբեր կողմերից ճանաչել քեզ: Իսկ, ահա, կենսական կարևոր բաները, ինչպես, օրինակ, վերաբերմունքն աշխատանքի, հարազատների և մտերիմների հանդեպ, պետք է վերջնականապես ձևավորես: Իհարկե, ոչ միանգամից, այլ ժամանակի ընթացքում: