Ճապոնական ChatPerf ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որի միջոցով հնարավոր է ընկերներին բույր ուղարկել, հայտնում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին։

Ճապոնացի մասնագետները ստեղծել են Scentee սարքը, որն ամրացվում է սմարթֆոնին և հենց դրա միջոցով էլ բույրն ուղարկվում է։

«Ենթադրենք Դուք հաղորդագրություն եք ցանկանում ուղարկել Ձեր ընկերոջը հեռախոսի միջոցով։ Եթե նա շատ հոգնած է, ապա կարող եք հաղորդագրության հետ որևէ թուլացնող բույր նրան ուղարկել, ինչը շատ հաճելի և տեղին կլինի»,-ասել է ChatPerf-ի PR մենեջեր Ակի Յամային։ Նա նաև նշել է, որ էլեկտրոնային նամակ կամ որևէ ծանուցում ստանալու դեպքում, սարքը հնարավոր է այնպես ծրագրել, որ այն անհրաժեշտ պահի բույր կարձակի՝ տեղեկացնելով օգտատիրոջը ծանուցումների մասին։

Բացի այդ, Scentee-ն կարող է լայն կիրառություն ստանալ խաղերի ոլորտում։ Օրինակ, երբ խաղի ժամանակ կրակում են՝ վառոդի հոտը շատ համահունչ կլինի։ Իսկ Candy Crush Saga խաղի դեպքում տեղին կլինի «շաքարային», քաղցր հոտը։

ChatPerf-ը մտադիր է սարքի հետ տարբեր բույրերով լցված պլաստմասե տուփեր վաճառել։ Տուփերն անհրաժեշտ է ամրացնել Scentee-ի ներքևի հատվածում, իսկ որևէ բույր ընտրելու և ուղարկելու համար օգտատերը պետք է սեղմի Puff կոճակը։

Այժմ այս սարքը հնարավոր է օգտագործել միայն Apple-ի iPhone 4S սմարֆոնին ամրացված։ Նախատեսվում է, որ Android սարքերի համար նախատեսված Scentee-ին վաճառքում կհայտնվի արդեն սեպտեմբերին։

Տեսանյութը դիտել այստեղ։