Վաղը «Mezzo»-ում տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանսուրյանը նշեց, որ դա նման ֆորմատով իր առաջին երեւանյան համերգն է: Ըստ նրա' երեկոն ավելի շատ հանդիսատեսի հետ զրույց է լինելու, կարող է նաեւ հարցուպատասխան լինել, իսկ մաեստրոն յուրաքանչյուր ստեղծագործությունից առաջ կպատմի դրա ստեղծման պատմությունը:

«Սա, կարելի է ասել, իմ եւ ընկերներիս հետ համատեղ խմբանկար է լինելու: Ես, առհասարակ, նվազ հաղորդակից եմ նման միջոցառումներին, քանի որ հիմնականում դասական երաժշտություն եմ գրել, սակայն քանի որ համերգային ծրագրում պետք է ընդգրկվեն նաեւ հայտնի ֆիլմերից երաժշտություններ, ուստի եւ համաձայնեցի մասնակցել»,- ասաց Մանսուրյանը' հավելելով, որ կինոյի աշխարհը չափազանց գրավիչ է իր համար, եւ եթե ժամանակին չես կարողանում կանգ առնել, ապա, ըստ մաեստրոյի, այն կկլանի քեզ:

Մանսուրյանը կինոյի համար ստեղծագործություններ գրել է 1964-1985թթ., եւ վերջին շրջանում այլեւս առաջարկներ չի ստացել' ֆիլմերի համար երաժշտություն գրելու, ինչը, ըստ նրա, հիանալի է, քանի որ մերժել չի սիրում. «Մերժելը մի բան չէ. ես այդպես էլ մարդկանց մերժել չսովորեցի: Կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող էի: Փաստագրական ֆիլմերի ռեժիսոր կար, առաջարկեց երաժշտություն գրել, գրեցի, որով էլ մուտք գործեցի կինոաշխարհ»:

Ըստ կոմպոզիտորի' սովորաբար իրեն ճանաչում են հենց կինոյի համար գրված իր ստեղծագործություններով:

«Երաժշտությունն իմ տառապանքն է: Ոմանք կարծում են, թե շեդեւր գործերը ծնվում են ձեռքի մեկ շարժումով, իսկ մյուսները մտածում են, որ այն տառապալից գործ է: Իմ դեպքում երկրորդն է: Գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է»,- ասաց Մանսուրյանը:

Նա նշեց նաեւ, որ այսօրվա երաժշտական համակարգը կառուցման բուռն ընթացքի մեջ է, եւ գրավիչ լինելն ամենեւին էլ խնդիր չէ, այլ հարց է' այնպիսի քար դնել գետնին, որը չկարողանան տեղից շարժեն. «Եթե երաժշտությունը չլիներ, կյանքս անիմաստ մի բան էր լինելու: Երաժշտությունը մխիթարանք է ինձ համար»:

Անդրադառնալով վերջերս կայացած իր վերջին ստեղծագործության' «Ռեքվիեմի» հայաստանյան պրեմիերային' մաեստրոն նշեց, որ, այո, այն կարելի է կայացած համարել: Ըստ նրա' ստեղծագործությունն էլի կհնչի Հայաստանում, քանի որ դրա պահանջը կա:

Ի դեպ, Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ հնչել է Գերմանիայում, քանի որ, ինչպես մաեստրոն է նշում, առանց նայելու ստորագրել է Մյունխենի կամերային նվագախմբի հետ կնքած պայմանագիրը, ըստ որի' ինքը պարտավորվում էր գրել ստեղծագործություն, որն առաջին անգամ կհնչի Գերմանիայում, եւ գործի առաջին ձայնագրությունը նույնպես Գերմանիային է պատկանում:

«Ուղղակի ստորագրել եմ այն' չնայելով պայմանները: Կարծում էի' գերմանացիները կաշխատեն այդ գործն այնքան էլ նկատելի չդարձնել, քանի որ այն Ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված, սակայն ճիշտ հակառակը դուրս եկավ: Բոլոր տեղերում' Մյունխենում, Թիֆլիսում, Հոլանդիայում, ուր նվագել եմ գործը, միայն հոտընկայս ծափահարությունների եմ արժանացել»,- ասում է մաեստորն եւ կատակով ավելացնում, թե գուցե հանդիսատեսը ոտքի է կանգնում, քանի որ ուզում է շուտ լքել դահլիճը:

Հարցին, թե ինչո՞ւ այսօրվա նվագախմբերն այնքան էլ հաճախ անդրադարձ չեն կատարում մաեստրոյի ստեղծագործություններին, թավջութակահար Արամ Թալալյանը պատասխանեց, որ Մանսուրյանի գործերը բարդ են, իսկ երաժշտությունը պահանջում է պատշաճ մոտեցում, ինտելեկտուալ եւ հոգեւոր հզոր ուժ: «Չեմ զարմանում, որ քիչ է կատարվում: Ամենակարեւորը, որ նրա երաժշտությունը նվագում են երիտասարդները: Հաջորդ սերունդն ընկալի այս երաժշտությունը, հասկանա ու գիտակցի' սա է կարեւորը»,- ասաց թավջութակահարը:

Մայիսի 7-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ):

Կ. Հ.