Հոգեբույժները մանկական վախերի ու գիշերային մղձավանջների դեմ պայքարելու համար ունեն բավականին հետաքրքիր ու արդյունավետ միջոց: Խնդրում են իրենց փոքրիկ հիվանդներին նկարել այն, ինչից վախենում են, ու այրում են այդ թուղթը: Այսպես ցանկացած հրեշ աչքի առաջ վեր է ածվում մոխրի, ոչնչանում: Մեծահասակները, փորձելով հաղթել իրենց հրեշներին, որպես կանոն է՛լ ավելի խորն են մխրճում դրանց կերպարն իրենց ենթագիտակցության մեջ ու հաճախ աստիճանաբար դառնում են այն, ինչից վախենում էին: Իսկ ի՞նչ կլինի, եթե այստեղ էլ կիրառեն փորձված մեթոդը: Մենք խնդրեցինք մեր հերոսներին անկեղծորեն արտահայտել թղթի վրա այն, ինչից վախենում են, իսկ հետո այրել այդ վախերը: Ահա ինչ ստացվեց արդյունքում:
Ավետ Բարսեղյան
Բանաստեղծ, երգերի բառերի հեղինակ, հաղորդավար
«Չկա՛ վատ բանաստեղծությունից ավելի սարսափելի բան: Իսկ երբ դրանք քեզ են պատկանում, ու դեռ համադրված են երաժշտությամբ ու հնչում են ամենուր, կարելի է հուսահատության գիրկն ընկնել: Խուճապի աստիճան վախենում եմ սեփական վատ բանաստեղծություններից»:
Վահագն Հայրապետյան
«Վահագն Հայրապետյան ու Կատուներ» ջազ բենդի դաշնակահար
«Վախենում եմ «լարից ընկած» դաշնամուրից: Իհարկե, լարված գործիքով էլ կարելի է վատ նվագել, բայց լարից ընկածով լավ նվագելն անհնար է: Ահավոր է, երբ իրավիճակը փոխելու ոչ մի հնարավորություն չունես, իսկ նվագել ստիպված ես մինչև վերջ»:
Լուիզա Ներսիսյան
Դերասանուհի
«Մասնագիտությանս հանդեպ ամբողջ սերս կնճռոտվում է ամեն պրեմիերայից հետո անհապաղ սկսվող ներքին դատարկության վախից: Դա նման է ժամանակ առ ժամանակ կրկնվող, որոշակի օրվա համար նշանակված մահվան»:
Լուսինե Բադալյան
Հեռուստա-ռադիոհաղորդավար
«Ահավոր խանդոտ եմ: Ու ինչքան էլ աշխատում եմ ղեկավարել ինքս ինձ, այդ զգացումը երբեմն հաղթանակում է, փշրում ամեն ինչ: Հետո կանգնում ես կյանքիդ բեկորների վրա, ինչպես Անիի ավերակների վրա Մայր Հայաստանը, ու մտածում՝ ինչո՞ւ: Շատ եմ վախենում սիրածս անձնավորության հանդեպ իմ ունեցած խանդից»:
Աշոտ Դանիելյան
Ծանր ատլետիկայի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ֆիզկուլտինստիտուտի դասախոս
«Ամենաշատը վախենում եմ մրցումների ժամանակ պարտությունից: Ահավոր զգացողություն է: Այնքան ահռելի, որ կկարողանար ցանկացած մարզիկի կարիերան կործանել, եթե չլիներ հաղթող լինելու խելահեղ գայթակղությունը»: