Հաճախ, մեծ տեղ տալով բնավորության դրական գծերի, կանայք հայտնվում են այնպիսի տղամարդու կողքին, ով գուցե լավ մարդ է, բայց շփվելու ժամանակ բնավորության բազմաթիվ գծեր է ցուցաբերում, որոնք լարվածության մեջ են պահում հատկապես կանանց: Եվ այսպես, զգուշացեք տղամարդկանցից, ովքեր

1. Ֆիզիկ են: Այո, այս մասնագիտության տեր տղամարդը շարունակ պատմելու է Ձեզ սև տարածությունների, ինչ-որ թեորեմաների ու դրանց բարդագույն ապացուցման մասին' մոռանալով, որ Դուք, ասենք, մանկապարտեզի դայակ եք: Այսպիսի տղամարդկանց հետ հարաբերվելու երկու տարբերակ կա: Եթե նա Ձեզ համար թանկ չէ, սկսեք անիմաստ ծիծաղել նրա խոսքի ընթացքում ու հիմարագույն հարցեր տալ. հավատացեք' նա չի ցանկանա խոսել «հիմարիկի ներկայությամբ»: Եթե նա կարևոր է Ձեզ համար, ստիպված եք լինելու մի քանի «խելոք գրքեր» կարդալ ճշգրիտ գիտությունների մասին:

2. Լիրիկ են: Կան այնքան «մեղմ հոգու տեր տղամարդիկ», ովքեր ողջ կյանքը նվիրել են գրականությանը և նրանց ամեն երկրորդ խոսքը այս կամ այն բանաստեղծությունից մի հատված է: Այսպիսի տղամարդկանց հետ հարաբերվելու երկու տարբերակ կա: Եթե նա Ձեզ համար թանկ չէ, ասեք, որ ինքն ահավոր է գրում, իսկ այն բանաստեղծներին, որոնց շարունակ ցիտում է, Դուք չեք էլ ճանաչում: Եթե նա կարևոր է Ձեզ համար, սկսեք գրական գիտելիքներ հավաքել, գովեք նրա ստեղծագործությունները, փորձեք այլ ընդհանուր թեմաներ գտնել խոսակցության համար:

3. Փիլիսոփա են: Նա ողջ օրը կկիսվի Ձեզ հետ աշխարհի ստեղծման ու մարդու դերի մասին իր մտքերով: Եթե «պարոն փիլիսոփան» Ձեզ համար թանկ չէ, լավագույն միջոցը նրա հետ հարաբերությունները խզելն է, քանի որ ինչից էլ խոսք բացեք, նա ամեն ինչ տանելու է երկրագնդի մոտալուտ վախճանին: Եթե նա, այնուամենայնիվ, պետք է Ձեզ, ապա ընդհանուր գործ գտեք, օրինակ, խնդրեք նրան Ձեր փոխարեն ռեֆերատ գրել:

4. Էքսցենտրիկ են: Նա կարող է քննարկել Ձեզ հետ ինքնասպանություն գործելու անցավ տարբերակները կամ ստիպել Ձեզ հիանալ մի նկարով, որ իրենից ներկայացնում է հասարակ խզբզոց: Էքսցենտրիկներից ավելի լավ է հեռու մնալ, հատկապես որ նրանք տարօրինակություն են սիրում ամեն ինչում, անգամ, անկողնում: Իսկ եթե Դուք էլ ունեք հակվածություն տարօրինակությունների. ինչու՞ ոչ' կարող եք նաև փորձել հարաբերություններ կառուցել հենց նրա հետ:

5. Հոգեբան են: Նրա համար Դուք թափանցիկ եք: Նա ոչ միայն գիտի' ինչ եք մտածում, այլև' ինչ եք անելու հաջորդ պահին: Բայց ահավորն այն է, որ նա բարձրաձայն է մտորում Ձեր մասին: Ամեն դեպքում, եթե չեք ուզում լքել նրան, փորձեք ինքներդ վերլուծել «պարոն հոգեբանին»: Դրա համար մեծ հմտոթյուններ պետք չեն. բավական է զրուցել մեկ այլ ծանոթ մասնագետի հետ:

6. Պրիմիտիվ են: Դուք նրանից անընդհատ պիտի լսեք հիմար պատմություններ այն մասին, թե ինչի վրա էին իրենք ընկերներով այդքան երկար ծիծաղում: Եթե նման մարդը Ձեզ համար չէ, ապա պարզ ասեք նրան այդ մասին, քանի որ մեղմ ակնարկը նա վստահաբար չի հասկանա: Բայց այս գծով «օժտված» տղամարդկանց մի զգալի մասը բավական դրական է այլ հարցերում: Նրա հետ երջանիկ լինելու համար Դուք ընդամենը պիտի տանեք այդ «պրիմիտիվիզմը»: