Tert.am

Ժամանակակից աշխարհում կանայք ոչ միայն հավասարաչափ մրցակցում են իրենց ամուսինների հետ սոցիալական հաջողության, ճանաչման և փառքի հասնելու համար, այլև հաճախ զգալիորեն գերազանցում նրանց։ Սակայն ընտանեկան երջանկությանը դա ոչ միշտ է խանգարում, գրում է rbc.ru-ն։

Բեյոնսե
Երգչուհի Բեյոնսեն իր ամուսնու՝ Jay-Z-ի հետ ոչ միայն գեղեցիկ, այլև ամենաբարձր վարձատրվող զույգն է։ Սակայն իր համերգային շրջագայությունների, գովազդային արշավների ժամանակ Բեյոնսեն ամուսնուց շատ է վաստակում։ Երգչուհին մեկ տարում 87 մլն դոլար է վաստակել իր ամուսնու 40 մլն դոլարի դիմաց, ով ունի իր սեփական ձայնագրման ընկերությունը։

Ժիզել Բունդհեն
Աշխարհի ամենահաջողակ մոդել Ժիզել Բունդհենը կրկնակի շատ է վաստակում իր ամուսին՝ ֆուտբոլիստ Թոմ Բրեդիից. մոդելի 45 մլն դոլարը՝ ամուսնու 27 մլն դոլարի դիմաց։

Գվեն Սթեֆանի
Պանկ ռոք երգչուհի Գվեն Սթեֆանիի համար դժվար չէ ֆինանսական առումով ետևում թողնել իր ամուսին՝ բրիտանական Bush ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Գևին Ռոսդեյլին։
Գվենն ընտանեկան բյուջե է բերում մոտ 80 մլն դոլար, իսկ Ռոսդեյլը դեռևս նոր է սկսում թափ առնել. երկարատև ընդմիջումից հետո նրա խումբը սկսել է կրկին ելույթ ունենալ։

Մերայա Քերի
Երգչուհի Մերայա Քերին պայմանագիր է կնքել American Idol շոուի հետ, որը նրան բերում է տարեկան ռեկորդային՝ 520 մլն դոլար. նա դարձել է իրապատում շոուի առավել բարձր վարձատրվող ժյուրին։ Մերայայի ամուսինը՝ ամերիկացի դերասան, կատակերգու, ռեփեր Նիք Քենոնն ընտանեկան բյուջ է բերում համեստ՝ 25 մլն դոլար։

Անջելինա Ջոլի
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համատեղ վաստակել են 50 մլն դոլար և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականն ամենաբարձր վարձատրվող զույգերի ցուցակում։ Ընդ որում՝ համատեղ եկամտի մեծ մասը՝ 30 մլն դոլար, ապահովել է Ջոլին։

Ռիզ Ուիզերսփուն
Ռիզ Ուիզերսփունը դարձել է Հոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկը, իսկ նրա հոնորարները գերազանցել են 15 մլն դոլարը։ Մինչդեռ նրա ամուսինը և համատեղությամբ նրա գործակալն ավելի քիչ է վաստակում։ Ավելի ճիշտ՝ հոնորարներ նա ստանում է իր կնոջից։

Նատալի Պորտման
Նատալի Պորտմանը վայելում է ընտանեկան կյանքը Նյու Յորքի բալետի թատրոնի պարող Բենժամեն Միլպյեի հետ։ «Սև կարապի» աստղը գլխավորել է 2012թ. ամենաեկամտաբեր աստղերի ցուցակը։ Բացի այդ, դերասանուհին միլիոններ է վաստակում գովազդային արշավներից։

Ջենիֆեր Էնիսթոն
2007թ. Էնիսթոնի եկամուտները, ըստ Forbes-ի հաշվարկների, կազմել են 14 մլն դոլար։ Բացի այդ, դերասանուհին տարեկան մեծ հոնորարներ է ստանում գովազդային պայմանագրերից։ Նրա ամուսինը՝ Ջասթին Տերուն, թեև սցենարներ է գրում հայտնի ֆիլմերի համար,սակայն իր կնոջից ավելի քիչ է վաստակում։

Նիկոլ Քիդման
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը նույնպես առաջատար դիրքեր է զբաղեցնում այն աստղերի ցուցակում, որոնց հոնորարները չարդարացված բարձր են։ Նրա հոնորարները հասնում են 17 մլն դոլարի՝ մեկ ֆիլմի համար։ Քիդմանի ամուսինը՝ քանթրի երաժշտության կատարող Քիթ Ուրբանը, վաստակում է մոտ 500.000 դոլար՝ մեկ համերգի համար։

Մերիլ Սթրիփ
Կինոքննադատների մեծամասնության կողմից Մերիլ Սթրիփը ճանաչվել է իր սերնդի լավագույն դերասանուհին։ Եռակի օսկարակիր դերասանուհին խոշոր հոնորարներ է ստանում իր դերերի համար, որոնք իր մասնակցության շնորհիվ ներառվում են կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Նա երկար տարիներ երջանիկ ապրում է իր ճարտարապետ ամուսին Դոն Համերի հետ և դժվար թե հաշվում է նրա փողերը։