Կանանց համար հղիությունը հիշարժան ժամանակաշրջան է: Սակայն հղիության վերջնական «արդյունքը» շատ ավելի հրաշալի երևույթ է: Երեխայի ծնունդը անմոռանալի պահ է, և նորածին փոքրիկը աշխարհի ամենակատարյալ էակներից է: Նորածինների փոքրիկ թաթիկները և գեղեցիկ գլուխը տեսնելիս ցանկություն է առաջանում համբուրել և անընդհատ հիանալ նրանցով: Ահա փոքրիկների մասին 10 անհավանական փաստեր, որոնց մի մասը հնարավոր է ձեզ դեռևս ծանոթ չէ:

1. Փոքրիկները ունեն ավելի շատ ոսկորներ, քան մեծահասակները:

Բոլորը գիտեն, որ մեծահասակները չափերով ավելի մեծ են և բարձրահասակ, քան երեխաները և սրա պատճառով երևի թե համոզված են, թե մեծահասակներն ունեն ավելի շատ ոսկորներ, քան փոքրիկները, այդպես չէ՞:

Իրականում, նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:

2. Երեխաների մեծամասնությունը ծնվում է կապույտ գույնի աչքերով:

Աչքերի գույնը պայմանավորված է եղջերաթաղանթում և եղջերաթաղանթի տակ գտնվող հատուկ գունանյութերով: Նորածինների մոտ՝ եղջերաթաղանթի հյուսվածքում գտնվող մելանին գունանյութը շատ դեպքերում վերջնականապես զարգացած չի լինում, որի պատճառով՝ անկախ իրենց ժառանգականությունից, երեխաները ծնվում են կապույտ աչքերով: 6-12 ամսականում երեխայի գեների ազդեցությամբ մելանինն ակտիվանում է, որի հետևանքով աչքերը ձեռք են բերում իրենց իրական գույնը:

3.Բոլոր նորածինները կարճատես են:

Նորածին երեխաները ուժեղ կարճատես են, և նրանց տեսողությունը թույլ է տալիս հստակ զանազանել մարդկանց և օբյեկտները միայն այն դեպքում, երբ դրանք գտնվում են 20-30 սմ հեռավորության վրա:

4. 5 ամսականում փոքրիկների քաշը 2 անգամ գերազանցում է իրենց ծննդյան ժամանակվա քաշը:

Երբ փոքրիկները դառնում են 5 ամսական, նրանց կշիռը 2 անգամ ավելի մեծ է լինում իրենց նորածին ժամանակ ունեցած կշռից:

5. Երեք նորածիններից մեկը ունի խալեր և ծննդյան հետքեր:

Երեք նորածիններից մեկը ունի խալեր և ծննդյան հետքեր, ընդ որում աղջիկների մոտ դրանք 2 անգամ ավելի շատ են հանդիպում, քան տղաների մոտ:

6. Փոքրիկներն ավելի արագ են շնչում, քան մեծահասակները:

Նորածին փոքրիկը շնչում է շատ ավելի արագ, քան մեծահասակը: Նրա նորմալ շնչառության հաճախությունը րոպեում մոտավորապես 40 է, այն դեպքում երբ մեծահասակների և երեխաների մոտ համապատասխանաբար մոտ 12 և 20 շնչառական շարժում է:

7. Նորածինները լացելիս արցունքներ չեն թափում:

Նորածինները հնարավոր է որ շատ լաց լինեն, բայց հայտնի է, որ նրանք երբեք արցունք չեն թափում: Ո՞րն է դրա պատճառը: Չնայած որ արցունքագեղձերը և արցունքածորանները արդեն գործում են, նրանք հասցնում են արտադրել այնքան արցունք, որը միայն բավարարում է նորածնի աչքերի խոնավացման և պաշտպանության համար: Արցունքները սկսում են հոսել 1-3 ամսականում:

8. Աշխարհում ամեն վայրկյան ծնվում է 4 երեխա:

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե քանի երեխա է ծնվում Երկրի վրա ամեն րոպե: Ամեն վայրկյան ծնվում է 4,3 երեխա, իսկ մեկ րոպեում՝ մոտ 255-ը:

9. Նորածինները հենց ծնված օրվանից կարողանում են սողալով շարժվել:

1987 թվականին Շվեդիայի Կարոլինսկյան ինստիտուտը ավարտեց իր հետազոտությունը երեխայի՝ դեպի մայրական կուրծքը սողալու ընդունակության մասին: Երբ նորածնին չորացնում էին և դնում մոր կրծքավանդակի վրա, նա մեկ ժամվա ընթացքում կարողանում էր գտնել մոր կուրծքը և սնվել կաթով: Շատ տպավորիչ է, այնպես չէ՞:

10. Նորածինները ճանաչում են իրենց մայրիկի ձայնը:

Երբ երեխան ծնվում է, նրա լսողությունը դեռ այդքան էլ լավ չի գործում: Միջին ականջը դեռ լցված է լինում հեղուկով, որը թուլացնում է լսողությունը: Միակ ձայնը, որը նա շատ լավ ճանաչում է, դա իր մայրիկի ձայնն է: Նա արձագանքում է այս ձայնին և տարբերում այն մյուս ձայներից: