Մեր հայրենակից Սուպեր Սաքոն ԱՄՆ-ում շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը: Նա այդ երկրում հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչն է, ում CD-ներն ամենաշատն են վաճառվել վերջին 2-3 տարվա ընթացքում: Օրեր առաջ նա Հայաստանում էր, ArmStar.am-ին հաջողվեց հանդիպել նրան ու զրուցել նրա արված և սպասվող գործերի մասին:
Երգիչը Հայաստան է եկել Եվրոպայում և Սոչիում ունեցած համերգներից հետո. «Չէի կարող առիթը բաց թողնել ու իմ երկիր չայցելել, շատ եմ սիրում Հայաստանը, իմ ընկերներին, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում»:
Մեր այն հարցին, թե ԱՄՆ-ում ինչով է նա զբաղվում և ինչ գործունեություն է իրականացնում, Սուպեր Սաքոն նշեց, որ ամիսներ առաջ թողարկել է իր 4-րդ ձայնասկավառակը' Saint SARKIS 4-ը: Ներկայում նա զբաղված է իր նոր ձայնասկավառակի երգերի ձայնագրմամբ և իր երկրպագուներին անակնկալ է մատուցելու: «Նոր CD-ում դուետներ քիչ կլինեն, այնտեղ հիմնականում կլինեն իմ անհատական անգլալեզու երգերը: Այս ձայնասկավառակի թողարկման օրը ԱՄՆ-ում կլինի նաև իմ մեծ մենահամերգը»:
ArmStar.am-ի հետ զրույցում Սուպեր Սաքոն նաև նշեց, որ զուգերգ է ձայնագրել ռուս ռեփեր Տիմատիի հետ, իսկ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից' Սարոյի հետ: Երգն ու տեսահոլովակը հասանելի կլինի մոտ մեկ ամսից: Երգիչը նշեց նաև, որ անակնկալ դուետ է սպասվում իր երկրպագուների համար, բայց այդ մասին մանրամասներ դեռևս չցանկացավ հայտնել: