Անգամ հիմա, երբ Քեթրին Զետա-Ջոնսը Հոլիվուդի ամենապահանջված ներկայացուցիչներից է, շարունակում է պարբերաբար այցելել հայրական տուն' Սվանսիի ծոց, որը համարում է ամենագեղեցիկ վայրն աշխարհում: Անգամ հիմա, երբ նրանով է հիանում հասարակության ուժեղ հատվածի մի ստվար մասը, նա միևնույնն է՝ շարունակում է հավատարիմ մնալ ընտանիքին ու երեխաներին, ապրում է նրանց ցավով ու զգացմունքներով: Նա այն քչերից է, ով կարողացավ բնատուր հմայքով գրավել միլիոնավոր կինոսերների սրտերը, բայց մնալ նույնքան անմիջական, որքան մանուկ հասակում էր:
Քեթրին Զետա-Ջոնս ազգանվան առաջին մասը առաջացել է հայրական կողմի նրա տատիկի անունից, իսկ այդ կինը ստացած է եղել իր անունը' ի պատիվ մի նավի, որով հեռավոր ճամփորդության է մեկնել իր տատիկի տատիկը: The Zeta նավը Սուոնսիի 19-րդ դարի հպարտությունն է եղել: Քեթրին անունն էլ առաջացել է ապագա դերասանուհու մյուս տատիկի անունից: Ի դեպ, նրա ազգանունը ճիշտ կարդալու դեպքում կստացվի Զիտա-Ջոնս, բայց ողջ աշխարհին նա հայտնի է իբրև Զետա-Ջոնս:
Տաղանդավոր պարուհի, մոդել, երգչուհի ու դերասանուհի… Այս ամենը մեկում եթե հնարավոր է պատկերացնել, ապա դա' նաև շնորհիվ Քեթրինի: Նրա բնատուր տաղանդը աչքի զարնելիս է եղել դեռևս վաղ հասակում: Ի դեպ, Քեթրինը բացարձակ ամաչկոտ չի եղել: Հարազատների, բարեկամների, ծանոթների ու անգամ հարևանների ներկայությամբ նա բարձրացել է խոհանոցային սեղանին ու մոնոներկայացումներ ցուցադրել բոլորին: Հենց այդ տարիներին, տեսնելով նրա անսահման հմայքն ու աշխատասիրությունը, ընտանիքի անդամները կռահել են' իրենց երջանկություն Քեթրինը մի օր կդառնա համաշխարհային մեծության աստղ:
Աստղ դառնալու ճանապարհին, սակայն, դժվարություններից խուսափելը անհնար է եղել: Նրա բարեկամները պատմում են, որ փոքրիկ Քեթրինը կարող էր չապրել մինչև 5 տարեկան, եթե չլինեին Սուոնսի քաղաքի Morriston Hospital-ի բարձրորակ բժիշկները, որոնց հաջողվել է փրկել աղջնակի կյանքը' կատարելով բարդագույն վիրահատություն: Մինչ օրս Քեթրինի մարմնին մնում է այդ վիրահատության սպին, և աստղը հրաժարվում է պլաստիկ ճանապարհով հեռացնել նշանը: «Այդ սպին ամեն անգամ հիշեցնում է ինձ կյանքի դժվարությունների մասին», -ասում է նա:
Հայրենի քաղաքում խաղալով մի քանի ներկայացումներում' Քեթրինը շատ շուտ հասկացավ, որ ցանակում է դառնալ շոու-բիզնեսի անդամ և սկսեց համառորեն աշխատել այդ ուղղությամբ ու ամեն վայրկյան կատարելագործվել: Իհարկե, այդ տարիներին նա դեռ շատ լավ չէր պատկերացնում, թե արվեստի հատկապես որ տեսակով է ավելի հետաքրքրված: Այդ իսկ պատճառով նա մի բավական տևական ժամանակ նվիրեց ստեպ սովորելուն և շատ շուտով հաղթեց ստեպի բրիտանական մի մրցույթում: Այդ ժամանակ նա արդեն նշանված էր ներկայիս ամուսնու' Մայքլ Դուգլասի հետ, և վերջինս շատ ոգևորվեց նրա նվաճմամբ: Քեթրինի 30-ամյակին Դուգլասը նրան նվիրեց հսկայական տորթ, որի վրա կրեմով պատրաստված էին ստեպի կոշիկներ:
Բայց ժամանակի ընթացքում Քեթրինը գտավ իրեն: Լոնդոնն իր աստղերով կանչում էր նրան: Սկզբում նրան հաջողվեց դառնալ հեռուստաաստղ' շնորհիվ մի քանի սերիալների, բայց հետո ամեն ինչ ավելի հարթ ընթացավ: Ամերիկյան մինի-սերիալ «Տիտանիկ»-ում նրա խաղը նկատվեց: Ստացվեց այնպես, որ դրա պրեմիերային հանդիսատեսի թվում էր հայտնի ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը: Վերջինս այնքան տպավորվեց Քեթրինի խաղով, որ անմիջապես պրեմիերայից հետո զանգահարեց իր ընկերոջը' Մարտին Կեմպբելին' «Զորո» ֆիլմի ռեժիսորին: Ֆիլմը այդ ժամանակ գտնվում էր պատրաստման փուլում: Մարտին Կեմպբելը հրահանգ ստացավ' վերցնել Քեթրին Զետա-Ջոնսին դերասանական կազմ:
«Զորո» ֆիլմը ապահովեց համաշխարհային ճանաչում ու սեր Քեթրինի համար:
Հետո ֆիլմերը հաջորդեցին մեկը մյուսին, և աստղային ժամը մինչ օրս էլ չի ավարտվում, եթե նկատի չունենանք փոքրիկ ընդմիջումները, որոնց ընթացքում Քեթրինը սեփական կյանքն է դասավորել: 2000 թվականին նա լույս աշխարհ բերեց իր որդուն' Դիլան Մայքլ Դուգլասին: Նշանակալի իրադարձությունից 4 ամիս անց Քեթրինն ու Մայքլ Դուգլասը վերջապես ամուսնացան: Հիշարժան է, որ ամուսինները ծնվել են միևնույն օրը' սեպտեմբերի 25-ին, ճիշտ է, 25 տարվա տարբերությամբ: Եվ չնայած Մայքլը այդքան մեծ է իր սիրելիից, բայց 2003 թվականին նրանք այնուամենայնիվ որոշեցին և ծնունդ տվեցին նաև իրենց դստերը' Քերիս Զետա-Դուգլասին:
Ընտանեկան կյանքը, սակայն, հարթ չընթացավ: People ամսագիրն իր հերթական համարներից մեկում գրեց այն մասին, որ 65-ամյա Մայքլ Դուգլասը կոկորդի չարորակ ուռուցքով է տառապում: Շատ շուտով լուրերը հաստատվեցին: Մայքլը իբրև իսկական օպտիմիստ ներկայացավ հանրությանը. «Ես լավ եմ տրամադրված: Պատրաստվում եմ ամենաքիչը 75 տարի ապրել: Չնայած, եթե նկատի ունենանք, որ հայրս 93 տարեկան է, մայրս' 87, ասել է թե, ես լավ գեներ ունեմ, ուրեմն հավանական է, որ կապրեմ մոտ 100 տարի»:
Նրա օպտիմիզմը արդարացված էր: Քիմիաթերապիան տվեց իր արդյունքը, և Մայքլ Դուգլասը ևս մեկ անգամ բացեիբաց խոսեց իր հիվանդության մասին. «Ուռուցքը, իհարկե, փոխեց իմ պատկերացումները մահվան մասին: Բայց ողջ ընթացքում ես չէի մտածում շանսերի ու հավանականության մասին, ես տեսնում էի միայն հիվանդությունը, որին պետք էր հաղթել: Քիմիաթերապիա ահռելի քանակությամբ… Դժվար է պատկերացնել, բայց բժիշկները, կարելի է ասել, ստիպված էին սպանել ինձ կյանքս փրկելու համար»:
Եթե նկատեցիք, գրեթե ոչ մի խոսք դեռևս չասացինք Քեթրինի արձագանքի մասին: Եվ դա պատահական չէր: Եթե Մայքլին հաջողվեց հաղթահարել հիվանդությունը, ապա նրա կինը ուղղակիորեն չդիմացավ հոգեբանական այդ բեռին ու ամուսնու ոտքի կանգնելուց անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե նա հիվանդ է նույն հիվանդությամբ, որով ժամանակին տառապել է հայտնի կին գրող Վերջինիա Վուլֆը: Հոգեկան խանգարումը դերասանուհու մոտ հաստատվեց, իսկ դա նշանակում էր, որ կար ամենավատի հնարավորությունը: Այդ հիվանդությունը կարող էր ընդհուպ մինչև սուիցիդի պատճառ դառնալ: Դերասանուհին սակայն չափազանց գիտակցված մոտեցավ խնդրին, չփորձեց հերքել փաստը, չխուսափեց, այլ հայտարարեց իր հիվանդության մասին ու որոշեց ինքնակամ գնալ հոգեկան առողջության կենտրոն: Արդյունքում Քեթրինը մոտ մեկ շաբաթ անցկացրեց կլինիկայում:
«Ահավոր ժամանակներ էին: Հասկանու՞մ եք' հնարավոր չէ ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչ են խոսում քո մասին: Իսկ ուշադրություն դարձնելու արդյունքը հաճախ ցավոտ է լինում: Այնպես որ, երբևէ արած քայլերիցս ամենախելացին համարում եմ համացանցից հրաժարվելը: Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել այդ պահին, քանի որ ես բնավորությամբ այնպիսին եմ, որ միշտ չեմ ամեն ինչ լավ լույսի տակ տեսնում: Ամուսինս այդպիսին չէ, և նա չի հասկանում ինձ, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Երբ հրաժարվեցի համացանցից, վերջապես ինձ ազատ զգացի», - ասաց դերասանուհին: Երկարատև բուժումից հետո, երբ նա վերջապես ոտքի կանգնեց, հայտարարեց. «Չի կարելի միայնակ տառապել ու վախենալ օգնություն խնդրելուց: Հոգեկան խնդիրներից աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում, և ես նրանցից մեկն եմ: Եթե իմ խոստովանությունն այն մասին, որ հիվանդ եմ, կդրդի գոնե մի մարդու չհրաժարվել օգնությունից, ապա ես համարում եմ, որ ճիշտ եմ վարվել: Ոզում եմ ասել բոլորին, որ այս հիվանդությունը բուժելի է: Բոլորը, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, չպետք է երբևէ կորցնեն իրենց հույսը: Հուսով եմ ցրել այն վատ միֆերը, որ հյուսված են այս հիվանդության շուրջ»:
Ինչևէ, աստղային զույգը կարողացավ ոտքի կանգնել, և այսօր թե' Քեթրինը, թե' Մայքլը շարունակում են դերասանական իրենց կարիերան: Հուսանք, որ հիվանդություններն այսուհետ կշրջանցեն նրանց:
Ես, իհարկե, սարսափելի «հավատացյալ» չեմ, բայց ամեն օր աղոթում եմ ու Աստծուց օրհնություն խնդրում:
Հասարակ կյանքով եմ ապրում, և դա ինձ դուր է գալիս: Գիտեք' ես շատ եմ աշխատել ու փորձիս վերևից կարող եմ ասել' ես հասարակ պառավ եմ:
Ես ինձ չեմ համարում նորաձևություն թելադրող, պարզապես հագնում եմ այն, ինչ հարմար է կրել:
Զարդերը լրացնում են մեզ, հնարավորություն են տալիս մեզ յուրահատուկ զգալու:
Ես սիրում եմ գեղեցիկ իրեր, բայց դրանք միշտ չէ, որ թանկարժեք են: