Երեկ՝ մայիսի 7-ին, Լիվերպուլում կայացել է «Եվրատեսիլ  2023»-ի պաշտոնական բացումը, որն ուղեկցվել է ավանդական դարձած՝ «կարմիր» գորգի արարողությամբ, որը, երկրորդ տարին անընդմեջ, փիրուզագույն էր։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գորգով քայլել է դիզայնել Նարեկ Ջհանգիրյանի հեղինակած զգեստով։ Առաջին ալիքը նշել է, որ երգչուհու հագուստը ոգեշնչված է եղել Մայր Հայաստանի կերպարից։  

«Նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը Երեւանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` Մայր Հայաստանը: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը: Այս կերպարով Բրյունետը եւս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին»:

Դիզայներ Նարեկ Ջհանգիրյանն, անդրադառնալով իր ստեղծած հագուստին, գրել է,-«Ինձ ոգեշնչել է Երեւանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Մայր Հայաստանի արձանը։ Կնոջ այս հգոր մետաղական քանդակը տեսանելի է քաղաքի կենտրոնից, եւ խորհրդանշում է հայ կնոջ ուժը, հզորությունն ու գեղեցկությունը։ Իմ հեղինակած զգեստն այդ կարեւոր արձանի ժամանակակից արտացոլումն է, որը ստեղծվել է, որպես հարգանքի դրսեւորում հայ կնոջ անկոտրուն ոգուն»։

Հավելենք, որ Ջհանգիրյանը նաեւ հեղինակել է Բրյունետի Future Lover տեսահոլովակի կերպարը, ինչպես նաեւ՝ այն զգեստը, որով երգչուհին ելույթ է ունենալու եվրատեսիլյան բեմում։ 

«Եվրատեսիլ 2023»-ը մեկնարկելու է մայիսի 9-ին, Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին։ Իսկ եզրափակիչը մայիսի 13-ին է։ Մրցույթն այս տարի հյուրընկալվել է Լիվերպուլում։