Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի շոումեն Միխայիլ Գալուստյանն արձագանքել է Ռուսաստանից իր հեռանալու մասին լուրերին։ Գալուստյանի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Արտիստի խոսքով՝ Ռուսաստանում իր երկրպագուները կարող են հանգիստ լինել, քանի որ ինքը սիրում է երկիրը։ «Թուլացե՛ք, ես սիրում եմ Ռուսաստանը և երբեք այստեղից «չեմ թռնի», ինչպես ոմանք: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջ»,- գրել է նա։
Գալուստյանը հիշեցրել է, որ ինքը հայ է և կիսում է իր վստահությունը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կմնա բարեկամական հարաբերությունների մեջ։ «Նախ՝ ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Հայաստանը իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել, և չէր բացառել, որ Հայաստանում նոր նախագծեր կունենա: