Ազգությամբ հույն նյույորքցի ամուսինները նախատեսել էին, որ իրենց երկրորդ երեխան պետք է անպայման տղա լինի, բայց ծնվեց Մարիան: Հայրը աղջկան գրկելուց հետո հասկացավ, որ սիրում է նրան անկախ սեռից, իսկ մայրը մի քանի օր չէր մոտենում նորածնի բարուրին: Մարիան, որ, հակառակ անսահման ցանկությանը, հետագայում այդպես էլ մայր չդարձավ, զարմանում էր, որ կինը կարող է լինել իր մոր նման: «Երեք տարեկանից ես այն էի լսում, որ քույրս բարալիկ է, գեղեցիկ, իսկ ես անճոռնի բադ եմ, գեր, անշնորհք… Դաժան բան է, երբ երեխային ստիպում են զգալ տգեղ և անցանկալի: Ես երբեք չեմ ների մորս իմ մանկությունը փչացնելու համար… Հինգ տարեկանում, երբ ես պետք է խաղայի, երգում էի, որ փող աշխատեի, նա էր ստիպում երգել, ես ատո~ւմ էի այդ երգելը…»:

Խաղալու փոխարեն այստեղ-այնտեղ երգելն իր արդյունքը տվեց. առեղծվածային ձայնով Մարիա Կալասին արդեն տասնհինգ տարեկանում գիտեր ողջ Հունաստանը, ուր ընտանիքը տեղափոխվել էր Նյու Յորքից: Բայց իր ձայնալարերից օգուտ քաղելու մոր ցանկությունը աղջիկը երկար չբավարարեց: Աշխարհահռչակ դառնալու ճանապարհին գնեց նրա համար թանկարժեք մուշտակ ու հրաժեշտ տվեց ընդմիշտ…

Հանրահայտ սոպրանո Մարիա Կալասի երկրորդ կոնֆլիկտը իր ու սեփական ձայնի միջև էր. «Ես ատում էի իմ ձայնի երանգը, երբ առաջին անգամ լսեցի երգերիցս մեկի ձայնագրությունը, ուզում էի ամեն ինչին վերջ դնել և թողնել երգելը»: Բայց քանի որ ձայնից հնարավոր չէ ազատվել, ինչպես մայրիկից, և բացի այդ ինքը երգել շատ էր սիրում, փորձեց հասցնել այն գերազանց մշակվածության: Կալասի երաժշտական կրթության հիմքերը Աթենքի ազգային կոնսերվատորիայում են դրվել, որտեղ նրան հիշում են որպես «չաղլիկ, կարճատեսության մեծ ակնոց կրող, ինքնամփոփ աղջնակի, որը ձայն չուներ…»:

Մայրը երաժշտության ուսուցչուհու' Էլվիրա դը Հիդալգոյի հետ պայմանավորվել էր, որ աղջկա հետ կպարապի համեստ վարձավճարով և օրական կարճ ժամանակով: Բայց իր դասն ավարտելուց հետո Մարիան չէր գնում տուն, նստում ու ունկնդրում էր Էլվիրայի բոլոր աշակերտներին և կոնսերվատորիայի շենքից դուրս էր գալիս ամենավերջինը: «Երբ մի օր հարցրի' ինչու է այդպես անում,- հիշում է Էլվիրան,- պատասխանեց, որ ամենաանտաղանդ ընկերոջից կարելի է սովորել մի բան, որ դու' ամենատաղանդավորդ, չես կարողանում անել»:

Մարիան ձայնալարերը մարզում էր այնպես, ինչպես կսկսեր նոր լարային գործիք նվագել, և նրա' սկզբում չգնահատված ձայնը իտալացի մաեստրո Կարլո Մարիա Ջուիլինին հետագայում այսպես նկարագրեց. «Այդպիսի հնչողություն ունեն որոշ լարային գործիքներ, օրինակ' ջութակը, ալտը, թավջութակը. այս գործիքներից առաջին զգացողությունը երբեմն տարօրինակ է: Բայց մի քանի րոպե հետո, երբ սովորում ես դրանց, երբ ընկերանում ես ձայնի այդ տեսակի հետ, հնչողությունն ունենում է կախարդական որակ: Սա Կալլասն է»:

Երգչուհու կարիերան սկսվեց Հունաստանի ազգային օպերային թատրոնում երկրորդական դերերից և թշնամական մթնոլորտում: Հաստատված սոպրանոները իրենց հնչեղ ձայնով ծիծաղում էին, երբ երգում էր Մարիան, մատով ցույց էին տալիս նրան ու քչփչում: Բայց ինչպես գուշակել էր Կարլո Ջուիլինին, Մարիայի ձայնը կախարդում է ոչ անմիջապես: Որոշ ժամանակ անց, երբ Կալասը մասնակցում էր Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայի փորձերին, այն ծիծաղող սոպրանոներից մեկը' Ռեմունդուն, շրջվում է դեպի գործընկերն ու հարցնում. «Հնարավո՞ր է, որ այստեղ ինչ-որ աստվածային բան կա, բայց մենք դա չենք գիտակցում»: Մի քիչ էլ ժամանակ անցավ և Մարիա Կալասն արդեն ելույթ էր ունենում Իտալիայի նշանավոր օպերաներում և ամենակարևորը' համաշխարհային օպերային կենտրոններից մեկում' Միլանի «Լա Սկալա» թատրոնում…

Երրորդ բախումը իր և մարմնի միջև էր: Իտալական օպերայի հայտնի դիրիժոր Թուլիո Սերաֆինը, ով Կալասի ամենամտերիմ գործընկերն էր Իտալիայուն, մի անգամ' օպերային ներկայացման փորձերից մեկի ընդմիջման ժամանակ, ակնարկեց, որ Մարիան չափից շատ է ուտում և կարող է գիրությունը իր համար խնդիր դարձնել: Կալասը վիրավորվեց. «Ես բոլորովին էլ գեր չեմ»: Սերաֆինը և «Լա Սկալայի» հայտնի տենոր Տիտո Գոբբին համոզելու համար խնդրեցին Մարիային ստուգել իր քաշը' կանգնելով ռեստորանի կշեռքի վրա: Արդյունքը սարսափելի էր… Բայց նիհարելու վճռական որոշում Կալլասը կայացրեց ավելի ուշ' երեսուն տարեկանում, երբ «Մեդեա» օպերայի նախնական փորձերի ժամանակ զգաց, որ իր գիրությունն ուղղակի անտանելի է. «Ես գեղեցիկ և երիտասարդ կնոջ' Մեդեայի կերպարում էի, բայց այնքա~ն ծանր էի և անհարմար շարժվելու համար. ոչ միայն գեր էի, այլև բարձրահասակ'174 սմ, և սովորաբար կշռում էի 200 ֆունտից ոչ պակաս: Ես արդեն սովորել էի ամեն հարցում լինել երաժշտական և որոշեցի' ինչու չհետևել սննդակարգին և չհայտնվել մի կերպարանքում, որում ներկայանալի ես…»:

Մեկ տարում կարողացավ անցյալում թողնել 35 կգ ավելորդ քաշը և զարմացած թողեց Օպերայի հայտնի իմպրեսարիո Ռուդոլֆ Բինգին, ով Կալասին համարում էր «առասպելական գիրության տեր կին». «Նա ապշեցուցի~չ է, զարմանալի: Նիհարելուց հետո նրա վրա չկային այն բոլոր նշանները, որ սովորաբար ունենում են քաշը կորցրած գեր կանայք: Այնպիսի տեսք ուներ կարծես միշտ ունեցել այդ հմայիչ ու նուրբ կառուցվածքը, մանավանդ երբ քայլում էր այդ արտակարգ վայելչությամբ»:

Լրատվամիջոցները տարբեր առասպելներ հորինեցին Կալլասի նիհարելու եղանակի մասին, իսկ երգչուհու պատասխանը մեկն էր. «Ես պարզապես օգտագործում էի խելամիտ կալորիականությամբ սնունդ' հիմնականում աղցաններ և հավ»:

Ջիովանի Մենեգինին էլ այդպես չէր տեսել կնոջը:

Մարիան իրենից 27 տարով մեծ միլիոնատիրոջ հետ ամուսնացել էր 26 տարեկանում, երբ դեռ նոր էր ոտքը դրել Իտալիա: Նա գիտեր, որ ամուսնուն այնքան էլ չէր զարմացնելու իր շլացուցիչ տեսքով: Գիտեր, որ Մենեգինինին իրենից առաջ օպերային արվեստին է սիրահարված և նրան համարձակորեն պատմել էր նաև որոշ մանրամասներ իր պատանեկությունից, օրինակ՝ այն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքը հաճախ էր մոր ճնշմամբ «գործ ունեցել տարբեր տղամարդկանց, հատկապես' իտալացի ու գերմանացի զինվորների հետ»' ընտանիքի անդամներին ուտելիք հասցնելու համար: Ջիովանիի համար այդ ամենը այնքան ծիծաղելի էր, ամեն ինչ կտար միայն թե ականջի տակ անընդհատ լսվեր Կալասի ձայնը… Միլիոնատիրոջ ինքնամոռաց նվիրումը, սակայն, Մարիան չկարողացավ փոխադարձել: Բացի երգելուց նրա համար ոչինչ չարեց, նույնիսկ երեխաներ չպարգևեց: Իսկ երբ Վենետիկում մի պարահանդեսի ժամանակ առաջին անգամ տեսավ միլիարդատեր, նավերի առևտրով զբաղվող Արիստոտել Օնասիսին, հասկացավ, որ նրան էր սպասում…

Նոր սկսված սիրավեպը առիթ տվեց լրատվամիջոցներին Կալասին անվանել շահամոլ, որ միլիոնատիրոջը լքում է միլիարդատիրոջ պատճառով, իսկ Օնասիսին' փառամոլ, որ կարողացավ գնել ժամանակի ամենահայտնի կնոջը:

Կալասը հանուն Օնասիսի թողեց ոչ միայն ամուսնուն, այլև բեմը' վայելելու վերջապես գտած իսկական սերը «և վարելու իսկական կնոջ կյանք»: «Ես սիրում էի նրան, որովհետև նա միակ տղամարդն էր, ում կողքին ես ինձ թույլ էի զգում, նա այնքան լի էր կյանքով, որ ես բոլորովին ուրիշ կին էի դառնում»:

Օնասիսը հանուն Կալասի լքեց կնոջը, բայց այդպես էլ նրան ամուսնության առաջարկ չարեց ու կարճ ժամանակ անց ամուսնացավ Ժակլին Քենեդիի' ԱՄՆ-ի նախագահ Քենեդու այրիի հետ' կարծես հաստատելով լրատվամիջոցներում իր մասին արտահայտված կարծիքը:

Միլիարդատերը նույնիսկ չթողեց, որ իր ու Կալլասի հարաբերություններից որևէ հետք մնա ու ստիպեց սիրուհուն հրաժարվել հղիությունից: «Ես ատում եմ քեզ. եթե նա ծնվեր, դու չէիր գնա Ժակլինի մոտ, եթե նույնիսկ գնայիր էլ, մենք կմնայինք երկուսով,- գրում է Կալլասը Օնասիսին ուղղված նամակներից մեկում,- ոչ ոք բացի քեզնից չէր հասկանում' ինչքա~ն անհնար է միայնությունը բարձունքում… Ես միշտ մտածում եմ' ինչու է ամեն ինչն ինձ այդքան դժվարությամբ տրվում ինձ: Իմ գեղեցկությունը: Իմ ձայնը: Իմ կարճատև երջանկությունը…»:

1969թ. իտալացի կինոռեժիսոր Պիեր Պաոլո Պազոլինին Կալասին առաջարկեց խաղալ գլխավոր հերոսուհու դերը իր «Մեդեա» ֆիլմում: Դա այն ժամանակ էր, երբ Կալասը Օնասիսից լքված էր այնպես, ինչպես Մեդեան՝ Յասոնից… և օպերային երգչուհու' ֆիլմում նկարահանվելու առաջին փորձը գերազանց արդյունք ցույց տվեց: Ռեժիսորը զարմացած էր հերոսուհու իր ընտրությունից. «Ահա մի կին, ինչ-որ առումով ամենաժամանակակիցը բոլոր կանանցից, բայց նրանում ապրում է նաև այն հին կինը' տարօրինակ, առեղծվածային, մոգական, ներքին սարսափելի կոնֆլիկտներով»…

Վերջին չհաղթահարված կոնֆլիկտը թևաթափ արեց հինգ տարեկանից ամեն ինչ հաղթահարելու սովոր կնոջը: Հրաժարվեց երգելուց. գեղեցիկ մարմինը էլ չէր զգում ձայնի հզոր ելևէջները և սկսեց պատրաստվել մահվանը: «Եթե դու իմանայիր' ինչքան դժվար է քեզնից հետո երգելը… Բարի քննադատները աշխատում են մխիթարել ինձ, իսկ չարերը գոռում են, որ ձայնս քո անկողնում եմ կորցրել… Թող խոսեն: Ես այնքան երջանիկ էի քեզ հետ: Արի’, Կալասը կարող է չափել իրեն միայն Կալասի չափանիշներով: Ես այսօր շատ լավ եմ հասկանում, որ այդ չափանիշներով ոչինչ եմ»: Մինչև հիմա էլ չի պարզվել, թե ինչու Մարիա Կալասը մահացավ այդքան վաղ' 53 տարեկանում: Ըստ լրատվամիջոցների' նրա սիրտը կաթվածահար արեց 69-ամյա Օնասիսի մահվան լուրը…

«Օպերայի Աստվածաշունչը» թաղվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, մի քանի օր հետո գերեզմանը քանդված էր, մահացած Մարիան' գողացված: Նրան հողին հանձնողները այս դեպքից հետո հիշեցին, թե երգչուհին մահվանից առաջ ինչ էր ուզել. «Իմ աճյունը ցրեք Էգեյան ծովում ' Հունաատանի ափերը ողողող ալիքներում»: Այդպես էլ արեցին, երբ դժվարությամբ վերադարձրին անհայտ մարդկանց կողմից գողացված աճյունի մնացորդները…

Ես հրեշտակ չեմ և չեմ էլ ձգտում լինել. այն իմ դերերից չէ: Բայց ես սատանա էլ չեմ: Ես կին եմ և լուրջ արվեստագետ և ցանկանում եմ դատվել որպես այդպիսին:

Ես չեմ կարող անջատել իմ ձայնը, կամ միացնել . այն վեր ու վար անող վերելակ չէ:

Ես պատրաստվում եմ օպերային ներկայացմանն այնպես, ինչպես հարսանիքի:

Ես միշտ հասուն եմ եղել իմ տարիքից և երբեք շատ ուրախ չեմ եղել: Ոչ մի երիտասարդ ընկեր չունեի: Եթե միայն կարողանայի վերադառնալ մանկություն, ինչպե~ս կխաղայի այլ աղջիկների հետ, ինչքան հիմարն էի ես:

Ես չեմ սպանի իմ թշնամիներին, բայց կստիպեմ նրանց ծնկի իջնել: Ես կանեմ, կարող եմ, պետք է անեմ…