Կարեն Բաբաջանյան. «Սևակի ոգին մեր մեջ կա»

«32 ատամ» ակումբը շուրջ մեկ ամիս է ներկայացնում է նոր նախագիծ' «Թատրոն 32»-ը, որի պրեմիերային տղաներն ընտրել էին Սևակի պոեզիան, ու այն ներկայացնում էին երկխոսությամբ: Կարեն Բաբաջանյանը, ով բեմադրող ռեժիսորն է, ArmStar.am-ի հետ զրույցում ասաց. «Արել ենք այն, ինչը որ կուզեր փոխանցել Պարույր Սևակը, ամեն դեպքում աշխատել ենք մեր ուժերի չափով: Մենք այժմ տարբեր տեսակի հասարակական գործընթացների մեջ ենք ու մեր ազգային արմատներից չսնվելը մեզ համար կարող է կործանարար լինել: Դրա համար ես սա համարում եմ ստրատեգիական առումով ճիշտ քայլ և պարտադիր պայման' աճող սերնդին մեր արմատներին կապելու համար: Սկսել ենք Սևակից»:

Ըստ Կարեն Բաբաջանյանի' իրենք նպատակ ունեն հայ բանաստեղծների ստեղծագործությունները ներկացանել նոր շնչով. «Կլինի Աղասի Այվազյան, Հրանտ Մաթևոսյան, թե մեկ այլ հանճարեղ գրող, կապ չունի: Պատրաստ ենք նաև անդրադառնալ նաև ժամանակակից ստեղծագործողների»,-ավելացրեց Կարենը:

Դերասանական կազմում Կարեն Բաբաջանյանն ընդգրկել է ինչպես իր ընկերներին, այնպես էլ բոլորովին անծանոթ դերասանուհու. «Սամվել Թոփալյանը և Գուրգենը մեր ընկերներն են, Մարիամին ընտրել ենք ինստիտուտից, իսկ Դավթի հետ առաջին անգամ ենք համագործակցում, առաջարկ արեցինք, նա էլ չմերժեց: Ուրախ ենք, որ տաղանդավոր մարդկանց հետ առիթ ունեցանք աշխատելու»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով' Բաղրամյան 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության դահլիճը «32 ատամ»-ի տրամադրության տակ է, որտեղ էլ խաղալու են իրենց ներկայացումները:

ArmStar.am-ի այն հարցին' մտավախություն չկար, որ «32 ատամ» հումորային նախագծի այս լուրջ աշխատանքը գուցե չընդունվի հասարակության կողմից, Կարենը պատասխանեց. «Հումորի մեջ կա շատ լուրջ բաղադրություն: Մենք միշտ լուրջ ենք եղել, ուղղակի ներկայացումների ընթացքում հումորի լեզվով ենք արտահայտում լուրջ մտքերն ու գաղափարները: Օրինակ, «Թատրոն 32-ի» մյուս ներկայացումը, որը ևս կլինի Բաղրամյան 17 հասցեում, պատրաստել ենք բավականին ուրախ և ծիծաղելի»:

Ռեժիսորը շատ կտխրի, եթե ներկայացման ժամանակ վարագույրը բացվի և դահլիճում մարդ չլինի նտած, բայց նաև չի հուսալքվի. «Մեր մեջ կա Սևակի ոգին, և կխաղանք, թեկուզ դահլիճում լինի երեք մարդ: Իսկ եթե թատրոնը չլինի, մենք չենք կարող գոյատևել, դրա համար ամեն ինչ կանենք, որ նոր ծիլ տված այս թատրոնը չփակվի»:

Զրուցեց' Սիրանուշ Գրիգորյանը