Հայկական դուետների շարքին շուտով կավելանա ևս մեկը. Սոնա Շահգելդյանը և Սևակ Ամրոյանը պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական երգի հիման վրա: ArmStar.am-ի հետ զրույցում Սևակն ասաց. «Նախաձեռնել է Սոնան, նա զանգեց և առաջարկեց միասին երգ երգենք, ես էլ համաձայնեցի, քանի որ շատ սիրում եմ նրան, նա շատ լավ երգչուհի է և ունի լավ ձայնային տվյալներ»:

Ի սկզբանե կար միասին դուետ երգելու գաղափարը, մնում էր միայն ընտրել երգը. «Ես իմ մայրիկի հետ միասին որոշեցի, որ պետք է ընտրենք հենց այս երգը, քանի որ ես այն միշտ մենակ եմ կատարել»:

Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ իր համար նշանակություն ունի, թե ում հետ է զուգերգ կատարում, նա կարևորում է երգչի ձայնային տվյալները և տաղանդը. «Ամեն մեկի հետ բնականաբար չեմ երգի և այնպես չէ, որ հանուն գումարի իմ արժեքները կկորցնեմ և վատ երգ կմատուցեմ: Ինձ համար այնքան էական չէ երգիչը ճանաչված է թե ոչ, նա պետք է շատ լավ երգի, յուրահատուկ ձայն ունենա և տարբերվի մնացած երգիչներց, իսկ Սևակն այդպիսին է»:

Ձայնագրված երգը երկրպագուներն արդեն կարող են լսել երգիչների Յութուբյան պաշտանոկան էջերում, իսկ մայիսին կսկսեն տեսահոլովակի աշխատանքները:

Երգիչները տեսահոլովակը վստահել են ռեժիսոր Խաչիկ Եղոյանին. «Ուզում ենք , որ ստացվի շատ բարձր որակի, չկրկնող ու պատմական տեսահոլովակ»:

«Սարերի հովին մեռնեմ>> ժողովրդական երգը մշակել է Հովհաննես Բադալյանը. երգիչներն այն կատարելիս հնարավորինս պահել են բնօրինակը. «Փորձել ենք պահել հին գործիքավորումը, բայց նաև ավելացրել ենք ժամանակակից տարրեր, որ նոր սերնդին ավելի հասանելի լինի: Դեռ չգիտեմ, թե ինձ ինչով կօգնի Սոնայի հետ համագործակցությունը, բայց կարծում եմ երկուսիս համար էլ այն շահավետ է, երգն էլ' ստացված»,- նշեց Սևակը:

Սոնան վստահ է. «Բնականաբար, ես ավելի ճանաչված եմ, քան Սևակը: Համեստությունս մի կողմ դնեմ և ասեմ, որ ով իմ հետ զուգերգ է երգել, նրա կյանքը փոխվել է, ավելի լավ առաջարկներ է ստացել: Կարծում եմ' այս երգից հետո էլ շատ բան կփոխվի: Նույնը ես.... եթե ես ճանաչված չլինեի, կերգեի բնականաբար ճանաչված մարդու հետ: Ում հետ էլ որ զուգերգ ունեցել եմ, ես այդ ժամանակ արդեն ճանաչված եմ եղել, երգել եմ Լիանայի , Արսեն Գրիգորյանի, Սարոյի, Արսեն Հայրապետյանի, Մհերի հետ: Որոշ երգեր իրոք մեծ հաջողություն են բերել թե ինձ, թե նրանց. ես շատ-շատ մարդկանց համար եմ ճանապարհ բացել»: