Քրիստինե Պեպելյանի «Շնորհակալ եմ» խորագրով համերգային ծրագրի մասին esyes.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է: Բոլոր նրանք, ովքեր բաց են թողել համերգային ծրագիրը կենդանի վայելելու պահը, կարող են օգտվել «Արմենիա» հեռուստաընկերության ընձեռած հնարավորությունից և շաբաթ օրը ժամը 22:00-ին դիտել այն:
Արդեն վաճառքում է նաև համերգի DVD տարբերակը, թեև Քրիստինեն խոստովանում է, որ վաճառքի մեծ ծավալներ չի ակնկալում. «Բոլոր երգիչներն էլ հասկանում է, որ սկավառակներն այժմ սիմվոլիկ նշանակություն ունեն և եկամտի աղբյուր հանդիսանալ չեն կարող, քանի որ յուրաքանչյուր մարդ կարող է համացանցում անվճար գտնել այն, ինչ ցանկանում է»:

Խոսելով մոնտաժային աշխատանքներից, Քրիստինեն նշեց, որ երկուսուկես ժամանոց համերգից թողել է մոտ 1 ժամ 45 րոպեն: «Կան բաներ, որոնք շատ ավելի հետաքրքիր են հենց դահլիճում. կարծում եմ՝ շատ խոսքեր ուղղված լսարանին կենդանի և հետաքրքիր էին այնտեղ, իսկ հեռուստատեսությամբ ցուցադրելու կամ DVD տարբերակում ընդգրկելու համար տեղին չէին լինի: Հիմնականում խոսքեր եմ կրճատել և այն պարային համարը, որը եղավ մինչ ես զգեստափոխվում էի,- ասաց Քրիստինեն և հավելեց, որ տեսասկավառակը միտումնավոր է այս շրջանում թողարկել: -Նախ՝ աշխատանքը բավականին ծավալուն էր, բացի այդ, ուզում էի այդ մասին խոսակցությունները հանդարտվեին, նոր թողարկեի DVD-ն, քանի որ անընդմեջ համերգի մասին խոսելը ձանձրալի կդառնար»:
Այն, որ երգչուհին ցանկություն ունի համերգային այս ծրագրով հանդես գալ նաև ԱՄՆ-ում, esyes.am-ի ընթերցողներն արդեն տեղյակ են, ավելացնենք, որ Քրիստինեն նպատակ ունի այն ներկայացնել նաև Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում: «Կներկայացնեմ նույն ծրագիրը: Հնարավոր է միայն զուգերգերի հետ կապված փոփոխություն լինի: Կարծում եմ՝ հասկանալի է, որ այն երգիչները, ում հետ համերգին զուգերգով հանդես եկա, այդ շրջանում տվյալ երկրում չլինեն»,- հայտնեց Քրիստինեն:

Երգչուհու հետ խոսեցինք նաև առաջիկա նորությունների մասին և պարզեցինք, որ օրերս նա ձայնագրել է «Երևան» կոչվող երգը, որի հեղինակն Անուշ Ալեքսանյանն է: Երգը կթողարկվի մի քանի օրից: «Երևանի» հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մասին Քրիստինեն առայժմ երկմտում է, փոխարենը, հստակ գիտի, որ առաջիկայում տեսահոլովակ կնկարահանի Մանե Հակոբյանի հեղինակած երգի հիման վրա, որն ինքը կոչել է «Քեզ համար». «Շատ գեղեցիկ, ռոմանտիկ երգ է, որի համար Մանեն վերնագիր չէր ընտրել: Երբ զանգահարեցի նրան և հարցրեցի՝ ինչպե՞ս է կոչվում երգը, ասաց, որ ինքը վերնագրեր չի գրում երգերի համար: Ես էլ դժվարացա ինչ-որ անվանում ընտրել տեքստից և որոշեցի երգն ուղղակի կոչել՝ «Քեզ համար»: Առաջիկայում տեսահոլովակ էլ կնկարահանենք, սակայն ես չեմ շտապում այդ հարցում: Կարծում եմ՝ այն եթերում կլինի 1-2 ամսվա ընթացքում, քանի որ չեմ ցանկանում ամեն ինչ միանգամից ներկայացնել»:

Թեև Քրիստինեն այս շրջանում համեմատաբար պասիվ է, նրա հետնաբեմյան կյանքը բավականին ակտիվ և բուռն է անցնում և սա էլ ամենը չէ :) Երգչուհին առաջիկայում կներկայացնի նաև իր հեղինակային երգը, որի վերնագիրը չասաց, քանի որ խոսքերը դեռ չի ավարտել, անվանում էլ չի ընտրել: «Ես պարբերաբար ստեղծագործել եմ, սակայն չեմ ներկայացրել իմ հեղինակած երգերը՝ մտածելով, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Տվյալ դեպքում՝ հեղինակները պետք է երգեր գրեն, սակայն հավաքեցի ուժերս և որոշեցի ներկայացնել իմ հեղինակային երգը»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ հեղինակային երգ ներկայացնելու փորձ մեկ անգամ ունեցել է՝ «Որբերը» հեռուստասերիալի սաունդթրեքի միջոցով:
Զրույցի վերջում Քրիստինեն ավելացրեց, որ ցանկանում է՝ բոլորի համար գարունը նման լինի գարնան, բոլորն ունենան գարնանային տրամադրություն և վայելեն յասամանի բույրը:)