Օրեր առաջ կայացավ դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքը, որից հետո նա և սիրելին մեկնել են մեղրամսի` Շրի Լանկա։ Այսօր էլ Հասմիկը տոնում է իր 27-ամյակը։ Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է մեղրամսի վայրի ընտրության, իր երազանքի հարսանիքը կազմակերպելու և համատեղ կյանքի առաջին փուլի մասին։
Հասմիկի խոսքով՝ կազմակերպել է իր երազանքի հարսանիքը․ «Տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան անում եմ, պիտի լավ անեմ։ Կիսատ-պռատ, թերի բաներ չեմ սիրում։ Հարսանիքը կյանքում մեկ անգամ է լինում, պետք է կազմակերպեի այնպես, ինչպես երազում էի։ Օրս այնքան հագեցած էր ու ինձ համար այնքան հավես անցավ, ու երազում եմ նորից կրկնվեր․ ոչ մի դրվագ չէի ուզի փոխել։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր»։
Հասմիկի խոսքով՝ իր երազանքի օրվան պատրաստվելուն երկար ժամաանկ չի տրամադրել։ «Իրականում ես այնքան երկար չեմ պատրաստվել, որքան թվում էր։ Վաղուց էինք որոշել հարսանիքի օրը, բայց անընդհատ ձգձգում էի նախապատրաստական աշխատանքները։ Մայրիկս առողջական խնդիրներ ուներ, մինչև իր վիրահատությունը նորմալ չանցավ, չանդրադարձա հարսանիքի թեմային։ Մի 2 ամիս եմ ունեցել պատրաստվելու համար։ Նախ ընտրեցի թեման, ապա դրա շուրջ հավաքեցի բոլոր դետալները։ Ստացանք հենց իմ ուզած թեման՝ տիեզերքը»,- ասաց նա։
Դերասանուհին օրվա ընթացքում փոխել էր ոչ միայն զգեստը, այլև սանրվածքը։ Վստահեցնում է՝ դա իրենից շատ ժամանակ չէր խլել։ «Սանրվածքի հարցում չէի կողմնորոշվում՝ որն ընտրել։ Վարսահարդարս առաջարկեց երկու սանրվածք անենք ու փոփոխության համար ուզեց 15 րոպե։ Հասկացա, որ երազանքս լիարժեք իրականացնելու համար կարելի է տրամադրել 15 րոպե։ Հագուստս ևս 2-ն էր, քանի որ միշտ երազել եմ եկեղեցի մտնել մեծ փեշով ու քողով զգեստով։ Ռեստորանում շատ ավելի հարմար է, երբ զգեստդ թեթև է լինում։ Իմ առաջին զգեստը բավականին ծանր էր, այնքան, որ երբ սրահից բերեցինք տուն, դժվարությամբ էին տեղից բարձրացնում։ Բոլորն ասում էին՝ ինչպես ես հագնելու, բայց կարողացա հագնել ու լավ էր»,- պատմեց դերասանուհին։
Հասմիկի հարսանեկան 2 կերպարն իրարից կտրուկ տարբերվում էին, հենց սա էլ եղել է դերասանուհու նպատակը․ «Ինձ համար երկուսն էլ լիարժեք էին՝ առաջինը՝ որպես դասական, երկրորդը՝ ավելի թեթև»։
Հասմիկը երջանիկ է նոր կարգավիճակում։ Նորապսակ զույգերին հաճախ վախեցնում են կենցաղային խնդիրներով, բայց դերասանուհին լավ է տրամադրված․ «Եթե 2 մարդ իրար սիրում են, որևէ բարդ բան չկա միասին ապրելու մեջ, փոխվում է միայն մեկ բան՝ կենցաղը։ Համաձայն եմ, որ կենցաղը շատ բարդ է, բայց եթե կա սեր, ամենաբարդ բանն էլ կհաղթահարվի։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Դեռ նոր է ամեն ինչ, հուսով եմ՝ այդպես կլինի»։
Ամբողջությամբ՝ tert.am.life