Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կարծում է, որ մարդկանց ավելի շատ պետք է անհանգստացնի ծնելիության անկումը։

Գործարարը իր մտահոգությունները կիսել է մի շարք թվիթներում՝ համավարակի պայմաններում ծնելիության ընդհանուր անկումից հետո: ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2019 թվականից մինչեւ 2020 թվականն ընկել է 4 տոկոսով, ինչը երկրում ամենացածր ցուցանիշն է 1979 թվականից հետո:

SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մասկը նպատակ ունի մարդկանց բնակեցնել Մարսի վրա: Անցյալ ամիս փոդքաստում նա ասել է, որ SpaceX-ը 5-10 տարի հետո Starship հրթիռով մարդկանց մոլորակի վրա կիջեցնի:

Բայց եթե ժողովրդագրական ճգնաժամը չհանդարտվի, Մարս ուղարկու համար մարդ չի մնա, ասել է նա։

Սա առաջին դեպքը չէ, երբ Մասկը արտահայտում է ծնելիության անկման հետ կապված իր մտահոգությունները:

Անցյալ ամիս նա ասել է, որ եթե մարդիկ ավելի շատ երեխաներ չունենան, «քաղաքակրթությունը կփլուզվի»։

«Կարծում եմ, որ քաղաքակրթության համար ամենամեծ վտանգներից մեկը ծնելիության ցածր մակարդակն է եւ ծնելիության արագ նվազումը»,- ասել է վեց երեխաների հայրը The Wall Street Journal-ի տնօրենների ամենամյա խորհրդում:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում ծնելիության մակարդակը 1960-ականներից ի վեր անշեղորեն նվազում է։ COVID-19 համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական անորոշությունը արագացրել է ծնելիության նվազման միտումը, գրում է Դարել Բրիքերը՝ շուկայի հետազոտություններով զբաղվող Ipsos ընկերության գործադիր տնօրենը։

Ծնելիության մակարդակը նվազում է նաեւ աշխարհի ամենախիտ բնակեցված երկու երկրներում՝ Չինաստանում եւ Հնդկաստանում: