Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել եւ հոգ են տանում իրենց առողջության մասին, պետք է ամեն ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմեն։ Նման խորհրդով հանդես է եկել սննդաբան Մայքլ Մոսլին (Մեծ Բրիտանիա):
Ինչպես նշում է Daily Express-ը, շատ հաճախ մարդիկ ծարավը շփոթում են քաղցի հետ եւ ջուր խմելու փոխարեն սկսում են ուտել։ Եթե դուք ջուր եք խմում ուտելուց առաջ, ապա կարող եք հասկանալ՝ իսկապե՞ս քաղցած եք։
Բժիշկը նաեւ անդրադարձել է մի հետազոտության, որի մասնակիցներին առաջարկվել է հետեւել նույն սննդակարգին, սակայն հետազոտվողների մի խմբին խնդրել են յուրաքանչյուր ուտելուց առաջ կես լիտր ջուր խմել: Արդյունքում այս խմբի մարդիկ ավելի շատ կիլոգրամ են կորցրել, քան մյուս մասնակիցները:
«Ձեր մարմինը 60 տոկոսով ջրից է բաղկացած, իսկ ուղեղը՝ 90 տոկոս: Մեզ ջուր է պետք մաշկը խոնավեցնելու, սնունդը մարսելու եւ երիկամներից թափոնները հեռացնելու համար»,-ասել է սննդաբանը։ Միաժամանակ Մոսլին խորհուրդ է տվել չկիրառել ջրի քանակության կասկածելի նորմեր՝ այն խմելով լիտրերով։ Մասնագետը համոզված է, որ ուտելուց առաջ մեկ բաժակ ջուրը բավական է։