Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիայնը իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ Արցախի Անկախության օրվա առթիվ։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է.
«Հունոտի կիրճի պռնկին նստած ՝ կարծում էի, թե աշխարհն իմն է:
Այն իսկապես իմն էր, Արցախն էր իմը, Հայաստանն էր առողջ ու լիարժեք, անմնացորդ իմը… իմ սիրտն էր տեղում ու իմը…
Հիմա փախչում եմ մտքերով, գործերում թաղվում, փախչում ինձնից ու աշխարհից. փակվում,ՓԱԿՈւՄ, որ ցավը տանելի լինի, ու լինի միայն իմը, մարդկանց ցավն առանց էն էլ չափ չունի, ավել խոսքով կամ գրառմամբ չեմ ուզում էլ ավելի փորել խոցը:
Իսկ մենք խոց ունենք…ու դա չի բուժի ոչ մի ծով, ոչ մի ժամանակ կամ երջանիկ դրվագ՝ մեր կյանքում:
Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ խաբում ենք, խաղում ենք, չտեսնելու և չլսելու ենք տալիս…, որ չգժվենք: Բարձր կենցաղային կամ առօրյա աղմուկի մեջ, ծիծաղների, փառատոների կամ նոր ծնվող մանուկների ճիչերի մեջ խեղդում ենք մզզացող ցավի ձայնը, որից երակներում արյունն է սառչում:
Շեղում ենք մեզ գործով, նոր նախագծերով կամ հանգստի գնալով, դաշտով, ծովով, պար ու երգով, երեխաների ծնունդով ուրախանալով ու սեպտեմբերի 1- ի հոգսերով, շեղում ենք մեզ հարևանների հետ ուտելիքների պատրաստումը քննարկելով կամ սիրուն նկարներ ներբեռնելով, բայց մեր ներսում եղած ցավը բոլորովին էլ «սիրուն» չի, արնածորող խոցն էլ իսկական է ու քրքրող: Այլանդակվել ենք ցավից, դրա համար էլ ամեն ինչ անում ենք, որ «չնկատեն», որ ՉՆԿԱՏԵՆՔ…
…հյուծվում ենք լռված ցավերից ու լուծում չունեցող կորուստներից..
Ես էլ փորձում եմ էլ չխոսել, չծանրացնել ուրիշների կյանքը, բայց վստահ եմ ինչպես իմ, այնպես էլ շատերի կրծքին ասես ծանր քար են դրել, անշարժ տապանաքար, որի տակ գտնվող մարդը ինքն էլ չի հասկանում, ապր՞ում է, թե արդեն… չկա:
Որովհետև գիտակցությունը, որ դու էլ չկաս, ու չկա քո դրախտը՝ տանելու բան չէ…, բայց փաստ է: Ու ես դեռ չեմ կարողանում ապրել էդ փաստի հետ… չի լինում…
Արցախը տոն էր ինքնին. հաղթանակի, սիրո տոն:
Արցախի գոյությունը և ամրացումը մեր կամքով ու գործով պիտի թրծվի, ցավերն ու կորուստները դնենք դարբնի զնդանին ու ծեծենք,կռենք, կռե՜նք մեր Բռունցքը, որով մի օր վերջապես ԽՈՐՏԱԿԵՆՔ նախ մեզ կապանքող «շղթաները», ու հաղթահարենք նախ՝ մեր պառակտվածությունը, դարերով եկած ատելությունը մեկս մյուսի նկատմամբ, վերջապես կարողանանք էդ ցավերից ու կորուստներից ԹՐԾՎԱԾ դուրս գալ, ու կերտել, կառուցել՝ ունենալու, էդտեղ խոր արմատ ձգելու ու ոչ թե թողնել գնալու համար… ախր ուր..
Կամ ՄԵՆՔ, կամ՝ ոչինչ»: