Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, որտեղ, ինչպես նշում է, թեեւ չի ծնվել, բայց իրեն միշտ հարազատ է զգում: «Դեպի Եվրատեսիլ 2019»-ի հաղթողն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իր ու Հայաստանի կապի մասին պատմել հետեւորդներին:

«Բարեւ, ես Աթենա Մանուկյանն եմ: Միգուցե, ես Հայաստանում չեմ ծնվել, բայց այս երկիրն ինձ անիրական զգացողություններ է պարգեւում:

Հիշում եմ' երբ այստեղ եկա առաջին անգամ, օդանավակայանում ճամպրուկներով անցնելիս մի մարդու հանդիպեցի, որն ինձ սիրալիր ժպիտով ասաց. «Բարեւ Ձեզ»: Նա ինձ ցանկանում էր օգնել, չնայած այնտեղի աշխատող չէր:

Հիշում եմ նաեւ, երբ ուտելու բան պատվիրեցի, ինձ սպասարկող գեղեցիկ կինը հարցրեց' արդյոք հա՞յ եմ, որտեղի՞ց եմ եկել: Նա ասաց, որ աչքերս 100 տոկոս հայկական են: Իսկ երբ պատվերս եկավ, նա ինձ մի լիքը կապոց տվեց: Հարցրի' ինչ էր դա, եւ նա ասաց, որ դա հյուրասիրություն էր ինձ համար»,-նշել է Աթենան' վերհիշելով նաեւ իր Երեւանյան զբոսանքները:

«Երեւանով զբոսնելիս այնքան հանգստություն էի զգում, ասես' ես այդ քաղաքին եմ պատկանում: Այնուհետեւ գնացի Հանրապետության հրապարակ, որը դարձավ իմ ամենասիրելի վայրը, որտեղ զգացմունքներս կրկնապատկվեցին: Այնտեղ նստած խորհում էի այն ամենի մասին, ինչի միջով անցել է այս երկիրը, եւ ինչքան մեծ է պահել իր սիրտը, քանի որ այստեղ միայն կտեսնես բարություն, պարզություն ու երջանկություն»:

Աթենան նաեւ հավելել է, որ Հայաստանը բացահայտելով էլ ավելի է սիրահարվել երկրին ու հպարտացել իր արմատներով.

«Այդ ամենից հետո, երբ ընտրվեցի Հայաստանի կողմից «Եվրատեսիլի» ներկայացուցիչ, արցունքներս չկարողացա զսպել: Բայց ամենակարեւորն այն հիանալի մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ, այն մարդիկ, որոնք ինձ աջակցում էին, սիրում եւ ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Նրանց համար ես ընտանիք եմ, նրանք էլ' ինձ համար: Սա, իրականում, փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպիսին է Հայաստանն ինձ համար' մի երկիր, որը միշտ աշխարհին սովորեցրել է սիրել, միավորվել, ընդունել եւ պայքարել հանուն ժողովրդի, եւ բոլորը պետք է դա գիտակցեն ու ճանաչեն: Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել... Ուժեղ մնա, Հայաստան, ուժեղ եղեք, իմ զինվորներ, ես սիրում եմ ձեզ»,-գրել է Աթենան: