Կայացել է «Մուլան» ֆիլմի սաունդթրեքի՝ Loyal Brave True-ի տեսահոլովակի պրեմիերան։ Երգը ներկայացրել է հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիկի Կարոն է, իսկ կոմպոզիցիայի հեղինակներն են Ջեյմի Հարթմանը, Հարրի Գրեգսո-Ուիլիամսը, Ռոսի Գոլանը և Բիլլի Կրաբտրին:
Նշենք, որ կինոսերների շրջանում ֆիլմը բավականին մեծ իրարանցում առաջացրեց, քանզի ռեժիսորը դիմել էր մի շարք փոփոխությունների։
Նորզելանդացի ռեժիսոր Նիկի Կարոն հայտարարել էր, որ Disney կինոստուդիայի «Մուլան» մուլտֆիլմի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում կբացակայի Մուշու վիշապի կերպարը, նրան կփոխարինի փյունիկը։
«Կարծում եմ՝ մեր ֆիլմը պետք է շնորհակալ լինի Մուշուին նրա անփոխարինելի լինելու համար: Մենք չենք կրկնի դասականը. մեր ֆիլմում կա հոգևոր էակ, որը կապված է Մուլանի նախնիների հետ, սակայն դա Մուշուն չէ»,-բացատրել էր Նիկի Կարոն:
Դիսնեյի «Մուլան» մուլտֆիլմի երկրպագուները ապշած էին նաև, որովհետև գլխավոր հերոսներից կապիտան Լի Շանգը չի լինելու նոր ֆիլմում։ Այս փոփոխությունը բացատրել է կինոնկարի պրոդյուսեր Ջեյսոն Ռիդը:
Չնայած այս բոլոր փոփոխություններին կիոնսերներն անհամբերությամբ սպասում են ֆիլմի պրեմիերային, որը ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերին։