Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բերման է ենթարկվել մոտ 1000 հայ, մի քանիսը կալանավորվել են։ Բերման ենթարկվածների մի մասն ազատ է արձակվել արձանագրություն կազմելուց հետո, մի մասը ենթարկվել է վարչական տուգանքի՝ վճարելով որոշակի գումար, կալանավորված ՀՀ քաղաքացիները կալանքի տակ կմնան 2 ամիս ժամկետով՝ մինչև նախաքննության ավարտը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակին կից փաստաբանական ասոցիացիայից՝ ընդգծելով, որ կալանավորված քաղաքացիները մեղադրվում են խուլիգանության, զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ հասարակական կարգը խախտելու համար:

 

Այս պահին հայերի մասնակցությամբ բախումների բոլոր մասնակիցների պաշտպանությամբ զբաղվում են ասոցիացիայի անդամ փաստաբանները:

«Բերման ենթարկված քաղաքացիների մի մասը քաղաքում ավտոշարասյուներով և դրոշներով շրջողներն էին, որոնց, չարտոնված ակցիա անցկացնելու համար արձանագրություն կազմելուց հետո, ոստիկանությունը բաց է թողել: Իսկ կալանքի տակ գտնվողները կասկածվում են ադրբեջանցիների ռեստորաններ ներխուժելու և խուլիգանական գործողություններ կատարելու համար: Այս դեպքերից հետո կա 2 տուժած հայ. մեկը BMW մակնիշի մեքենայի վարորդ Գարիկ Գրիգորյանն է, մյուսը՝ Էրիկ Անանյանը: Վերջիններիս գործով կալանավորվել են մի շարք ադրբեջանցիներ: Նրանցից 7-ը մեղադրվում է կանխամտածված սպանության փորձ կատարելու համար»,- ասացին ասոցիացիայից՝ ընդգծելով, որ այս պահին «դեպորտի» ենթարկված ՀՀ քաղաքացիներ չկան:

Նշենք, որ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Փաստաբանների ասոցիացիան գործում է Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակի մասնաճյուղի ներքո: Այս ընթացքում փաստաբանները բազմիցս ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմը, ինչին ականատես եղանք հատկապես անցած շաբաթ, երբ Մոսկվայում բախումներ տեղի ունեցան ադրբեջանցիների և մեր հայրենակիցների միջև: Վերջիններս ստիպված էին պաշտպանել իրենց և իրենց ձեռնարկությունները զայրացած ադրբեջանական ամբոխի հարձակումներից: Ռուսաստանի անվտանգության ուժերը միջամտեցին հակամարտության կարգավորմանը, և մի քանի ժամվա ընթացքում նրանք կարողացան հայտնաբերել և ձերբակալել մայրաքաղաքում տեղի ունեցող անկարգությունների հեղինակներին: Իրավիճակի կարգավորման գործում առանձնահատուկ դեր ունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Ռուսաստանում իրավիճակի սրման առաջին իսկ օրվանից իրավիճակի կայունացման նպատակով բարձր մակարդակի բանակցություններ է վարել և անգնահատելի աջակցություն է ցուցաբերել քաղաքացիներին, փաստաբաններին, որոնք, իրավիճակով պայմանավորված, առաջնագծում են: